Այսօր Կովկասի ինստիտուտում տեղի ունեցավ քննարկում` «Տեղական ինքնակառավարումը Հայաստանում» թեմայով:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետ Կարեն Բակոյանը ներկայացրեց վերջին տարիներին տեղական ինքնակառավարման համակարգի ձեռքբերումները: «Տեղական ինքնակառավարման համակարգն արդեն 16 տարեկան է եւ վերջին բարեփոխումներից հետո նոր ընթացք է ստացել: Կարեւոր հիմնադրույթ է այն, որ Երեւանը ստացավ համայնքի կարգավիճակ: Բացի այդ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում նոր սկզբունք կիրառվեց` համամասնական ընտրակարգը: ՀՀ ամբողջ տարածքում ավարտվեց համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողերի միացումը համայնքներին»,-ասաց Բակոյանը:
Նա կարեւորեց այն հանգամանքը, որ տեղական ինքնակառավարման մարմիններին օժանդակող աշխատակազմը, որը նախկինում կոչվում էր համայնքի ղեկավարի աշխատակազմ, չուներ կազմակերպաիրավական ձեւ. «Շատ դեպքերում դա լուրջ խոչընդոտ էր հանդիսանում պայմանագրեր կնքելու եւ որոշ հարցերում որպես իրավական կողմ հանդես գալու գործում: 2011թ.-ին ԱԺ-ի կողմից ընդունվեց «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով աշխատակազմը ձեռք բերեց կազմակերպաիրավական ձեւ»:
Կարդացեք նաև
Կարեն Բակոյանը նշեց, որ տարածքային կառավարման նախարարության կողմից մշակված ՏԻՄ մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծում օրենսդրորեն ամրագրվում է համայնքի բնակչության մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը. «Սահմանվում է դրույթ, որ համայնքի` 16 տարին լրացած ցանկացած բնակիչ իրավունք ունի մասնակցել տեղական ինքնակառավարմանը: Ավագանու օրակարգում նախաձեռնության իրավունք ունեն միայն համայնքի ղեկավարները եւ ավագանու անդամները, սակայն մեր մտցրած դրույթի համաձայն` բնակչությունը եւս կարող է ներկայացնել նախագիծ, որը ավագանին պարտավոր է ընդգրկել օրակարգում եւ քննարկել»:
Բանախոսը տեղեկացրեց, որ վաղը կառավարության տարածքային զարգացման եւ բնապահպանական կոմիտեի նիստում քննարկվելու է վերոհիշյալ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը` համայնքի բնակչության մասնակցային գործընթացի մասով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ