Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետ. Ընդդիմությունը ժամանակին իշխանություն էր, եւ դերերը ճիշտ հակառակն էին

Նոյեմբեր 28,2012 16:43

Հայաստանում 2011-ին նախորդ տարվա համեմատ աղքատության ցուցանիշը 0, 8 տոկոսով նվազել է՝ կազմելով 35 տոկոս: Համաշխարհային բանկի տեխնիկական աջակցությամբ իրականացված «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» զեկույցում նշվում է նաեւ , որ 2004- 2011-ի ընթացքում աղքատության մակարդակը մոտ 54 տոկոսից հասել է 35 տոկոսի: Ծայրահեղ աղքատության մակարդակն էլ նույն ժամանակահատվածում նվազել է 16 տոկոսով:

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանին ՀԲ-ի ներկայացրած թվերը կասկածելի են թվում:

«Եթե նայենք այս թվերին, ապա կստացվի, որ 1991 թվականից սկսած վաղուց Սինգապուրից լավ պետություն պետք է լինեինք: Արդեն 20 տարի շարունակ գրեթե ամեն տարի, գրեթե բոլոր ոլորտներում ցույց է տրվում, որ մեզ մոտ լավանում է վիճակը: Խիստ կասկածում եմ այդ թվերի վրա, որովհետեւ հարց է՝ ինչ մեթոդաբանություն է օգտագործվում: Մի քանի միջազգային կառույցների մեթոդաբանությանն եմ ծանոթացել, չէի ասի, որ որակյալ մեթոդաբանություն է»,- Aravot.am-ին ասաց պարոն Մեսրոպյանը՝ բացատրելով, որ անկախ մեթոդաբանությունից թվային հաշվարկներում շեղումները իրականությունից միշտ շատ մեծ են լինում:

Կառավարման փորձագետը Հայաստանում աղքատության իրական ցուցանիշը չգիտի. «Չեմ հաշվել… բայց ես այլ տեսանկյունից եմ նայում, որակական ինչ փոփոխություններ են եղել, թվերով միշտ կարելի է խաղալ: Որակական փոփոխություն չեմ տեսնում: Եթե օրինակ փոխվեր բյուջեի, ներկրման եւ արտահանման ապրանքների կառուցվածքը, փոփոխություններ կլինեին, բայց մեզ մոտ սաղ նույնն է»:

Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը «սիրողական բնույթի» հաշվարկ էր որակել ընդդիմության ներկայացրած աղքատության ցուցանիշը՝ մոտ 60 տոկոսի:

Պարոն Մեսրոպյանից հետաքրքրվեցինք, ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության

ներկայացրած ցուցանիշներն են ավելի «սիրողական բնույթի». «Ոչ մեկը չի կարող ասել, թե ինքը բավականին ճշգրիտ տիրապետում է տվյալների քանակական բազային: Այդ նույն ընդդիմությունը ժամանակին եղել է իշխանություն եւ դերերը ճիշտ հակառակն էին: Քաղաքական դաշտի պատկերացումները ինձ չեն հետաքրքրում, այնտեղ նախկին եւ այսօրվա իշխանավորներն են պտտվում, թող իրենց թվաբանական հարցերը լուծեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930