Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատություն» ռադիոկայանը նորովի կերտեց Չարենցին

Նոյեմբեր 28,2012 16:33

Երեկ Եղիշե Չարենցի մահվան օրն էր: Այդ առիթով «Արմնյուզի» եթերում ցուցադրվեց «Ազատություն» ռ/կ-ի նկարած «Մահվան տեսիլ» գեղարվեստական կինոդրաման: Իսկ այսօր՝ ժամը 20-ին, կլինի ֆիլմի օնլայն պրեմիերան՝ «Ազատություն» TV -ի եթերում:

«Մահվան տեսիլը» ստեղծվել է Չարենցի կնոջ՝ Իզաբելլայի հուշերի հիման վրա, պատկերված է հատկապես բանաստեղծի կյանքի այն հատվածը, որը կինոլեզվով երբեւէ չի մատուցվել:

Խոսուն դրվագների ու ազդեցիկ դերասանական խաղի միջոցով ներկայացվում է ճղճիմ ու ահարկու այն միջավայրը, որն առկա էր ստալինյան բռնապետության տարիներին. նենգ միջակությունները չէին հանդուրժում տաղանդավոր եւ ուժեղ անհատներին, նրանց պսեւդո-հայրենասիրական գործողություններն ու հորինված ինտերնացիոնալիզմի փուչիկը նորանոր զոհեր էր պահանջում: Դատապարտվեց գրողը, բանտարկվեց կինը՝ Իզաբելլան, որբացան Չարենցի երեխաները: Ու քարերի երկիր Հայաստանում Չարենցն այժմ ոչ գերեզման ունի, ոչ էլ գերեզմանաքար…Ոչ ոք չգիտի, թե որտեղ է թաղված նա:

«Մահվան տեսիլում» կերտված է նաեւ Հայաստանի կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի կերպարը, որը սերտ կապեր ուներ բանաստեղծի հետ ու նրան անընդհատ խնդրում էր քիչ խոսել եւ զգույշ լինել: Խանջյանը եւս նույն ռեժիմի զոհը դարձավ, ու նրա մահվան լուրից ցնցված Չարենցը գրեց «Դոֆին Նաիրական» սոնետների շարքը:

«Մահվան տեսիլ» ֆիլմում Իզաբելլա Չարենցը պատմում է, թե ինչպես են քայլ առ քայլ «ճզմում» իրենց՝ նախ գիշերով դուրս են անում տնից, սենյակը տրամադրելով թուրքին, ինչը հարուցում է Չարենցի զայրույթը, ապա կամաց-կամաց սեղմում օղակը… Իզաբելլան հիշում է, որ շատերը խուսափում էին շփվել իրենց հետ, այցելում էին միայն Իսահակյանն ու Խանջյանը: Ասում է, որ Չարենցը զգում էի իր մոտալուտ մահը, ինչը փաստել է «Մահվան տեսիլ» բանաստեղծության մեջ, դրա համար էլ երեխաների հետ հաճախ էր գնում զբոսնելու Նորքի այգիներում:

Իզաբելլա Չարենցը ֆիլմում ասում է, որ ամուսնուն այդպես էլ չներվեց «Գիրք ճանապարհին», ոչ էլ «Պատգամ» բանաստեղծությունը, որ բյուրեղացնում էր մեր ժողովրդի լինելության բանաձեւը. «Ով Հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը քո հավաքական ուժի մէջ է»: Դա որակվեց իբրեւ հակահեղափոխական եւ դաշնակցական լոզունգ, իսկ Չարենցը՝ տեռորիզմի կոչեր անուղ ժողովրդի թշնամի:

Ֆիլմում անգամ մահվան տեսիլի մռայլ ու անհույս համատեքսում Չարենցը ներկայացված է իբրեւ լուսավոր մարդ, սիրող ամուսին եւ հայր, փխրուն սրտով, բայց միաժամանակ ուժեղ եւ ըմբոստ անձնավորություն, որ 50000 տող է գրել՝ հավատալով իր ժողովրդին…

«Մահվան տեսիլի» վրա աշխատել են «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը, Գայանե Դանիելյանը, Լեւոն Գրիգորյանը, Հովհաննես Շողիկյանը եւ ուրիշներ:

Եղիշե Չարենցին մարմնավորել է Արա Հարությունյանը, Իզաբելլա Չարենցին՝ տաղանդավոր դերասանուհի եւ ռեժիսոր Նարինե Գրիգորյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930