Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ջհանգիրյանը՝ Մարտի 1-ի համար ընդդիմության պատասխանատվության մասին. «Ես այնտեղ չէի» (Տեսանյութ)

Նոյեմբեր 28,2012 15:32

ՖՈՏՈԼՈՒՐ

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Մարտի 1-ի նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկի հետ կապված ասաց. «Անհնար բան է, որ այդքան վիրավորներից որեւէ մեկին չկարողանան ասել, որ այո, քեզ կրակել են, պայթուցիկ են նետել, գնա փոխհատուցվի: Դուք տեսաք, իրենց փոխհատուցածը բոլորը նյութական վնաս կրած առեւտրի կենտրոնների, ավտոտրանսպորտի տերերին ու օգտագործողներին է»:

Ըստ նրա, թե՛ ԵԽԽՎ-ն , թե՛ Եվրամիությունը ՀՀ քաղաքական օրակարգից, առաջադրված խնդիրների ցանկից դուրս չի հանում, ուստի ի վերջո պետք է դա անել:

Լրագրողերը փոխանցեցին ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի խոսքերը, ըստ որի, ՀԱԿ-ը քաղաքական խնդիր է փորձում լուծել: Գագիկ Ջհանգիրյանը արձագանքեց. «Դե ուրեմն, Հայկ Բաբուխանյանին էլ հարցրեք: Եթե հանցագործությունները բացահայտելը քաղաքական է, եթե մարդասպաններին պատժելը քաղաքական է, ուրեմն մենք քաղաքականացնում ենք»:

Հարցին՝ երբ քննչական խումբը վերսկսեց քննությունը նախագահի հրամանագրով, այն ժամանակ դիմեցին բոլորին, հորդորեցին, որ գաք, ինչ ունեք ասելու՝ ասեք, Դուք տեղեկացված եք, ինչո՞ւ չգնացիք՝ նա պատասխանեց. «Ես ավելին չգիտեմ, քան գիտի քննչական խումբը: Դրա համար մենք հանձնաժողով ստեղծում, ոչ թե փորձում ենք նոր փաստեր, տեղեկություններ հավաքագրելու նպատակով, այլ եղածին տրված իրավական գնահատականի հարցի կապակցությամբ ԱԺ-ին եզրակացություն ներկայացնելու համար»:

Դիտարկմանը, որ հարցը ներկայացնելիս մեղադրողի դիրքերից էիք հանդես գալիս՝ Գագիկ Ջհանգիրյանն ընդունեց. «Դա ես մեղավոր չեմ, 10 տարի մեղադրող եմ եղել: Եթե դուք հիշում եք, ինձ որ որպես ամբաստանյալ դատում էին, դատարանում ես էլի մեղադրող էի, որովհետեւ իրենք իրականում խղճուկ վիճակում էին»:

Հարցին, համարենք, որ իշխանությունը, այո, սխալ է արել ինչ-որ բաներ, ավելի զգույշ պետք է աներ, նուրբ պետք է աներ… լրագրողի հարցը չավարտած՝ Գագիկ Ջհանգիրյանը միջամտեց. «Նուրբ ի՞նչ պիտի աներ, ավելի նուրբ պիտի սպանե՞ր»:

Հարցին, դուք գնում էիք հեղափոխության, լավ, ընդդիմությունը ինչ-որ մի փոքր բաժին մեղավորություն չունի՞, պատասխանատվության ոչ մի կաթիլ չե՞ք զգում՝ նա պատասխանեց. «Նախ ես այնտեղ չէի՝ մեկ: Հիմա էլ դո՞ւք եք մեղադրող: Իհարկե, զգում եմ: Հեղափոխություն անող որեւէ քաղաքական ուժ, հասարակական շարժում, մարդկանց խումբ կգրավե՞ր քաղաքապետարանի շենքը, ի՞նչ կարծիքի եք»: ՀԱԿ պատգամավորը չբացառեց, որ այս հարցի քվեարկությունը հետաձգվեց, որովհետեւ զոհվածների ծնողները ներկա էին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930