Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիք-Սփյուռք կապը պետք է վեր լինի փուչիկ-դրոշակային տրամադրություններից»

Նոյեմբեր 28,2012 15:27

Օրերս Օդեսայում ավարտվեց հայ գրատպության 500-ամյակին նվիրված հանդիսությունը, որը կազմակերպել էր տեղի հայ համայնքը:

«Առավոտը» զրուցեց Հայաստանից միջոցառմանը ներկա միակ հյուր, Մատենադարանի արխիվային բաժնի վարիչ, միջազգային նախագծերի ղեկավար Արա Խզմալյանի հետ:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ այսօր Օդեսայի հայ համայնքը կազմակերպված ու ակտիվ գործունեություն է ծավալում հասարակական կյանքի եւ մշակույթի ոլորտում: Գործում է հսկա մշակութային կենտրոնը՝ կրթական համալիրով: Խզմալյանը հավաստիացրեց, որ այս ամենը՝ շնորհիվ համայնքի նախագահ եւ փոխնախագահ Սամվել Տիգրանյանի ու Մարգարիտ Թորոսյանի: «Համայնքի ղեկավարները չեն բռնել պոպուլիզմի, էժանագին հայրենասիրական միջոցառումների ճանապարհը, այլ ընտրել են հնարավորինս լուրջ եւ հիմնավոր նախագծեր իրականացնելու ուղին»,- կարծում է Արա Խզմալյանը:

Նա տեղեկացրեց, որ հանդիսության շրջանակներում կազմակերպվել է Մատենադարանից ուղարկված նյութերի, հրատարակությունների ու գրքերի ցուցադրություն, ինքն էլ հանդես է եկել զեկուցմամբ՝ ներկայացնելով Մատենադարանի միջազգային գործունեությունը եւ գրատպության հոբելյանի առիթով իրականացված նախագծերը:

Հարցին՝ այնուամենայնիվ համայնքում ի՞նչ խնդիրներ կան, Ա. Խզմալյանը նախ նշեց, թե անհրաժեշտ է ավելի սերտացնել հայրենիքի ու համայնքների միջեւ կապը, ապա պատասխանեց. «Հայրենիք-Սփյուռք կապը պետք է վեր լինի փուչիկ-դրոշակային տրամադրություններից, պաթետիզմից ու պոռոտախոսությունից: Ամեն ինչ պետք է դրվի ազգային արժեքների հանրահռչակման սկզբունքի վրա: Օդեսայի հայ համայնքն այսօր խնդիր ունի հայերեն գրքերի համալրման, հատկապես մանկական գրքերի»:

Մեր զրուցակիցը կարծում է, որ հայաստանյան «գրական շքերթների», մասսայական միջոցառումների փոխարեն նպատակահարմար է ու անհրաժեշտ հոգալ դրսում գործող կրթօջախների, գրադարանների մասին. «Ամեն ինչ չէ, որ պետք է լուծվի համայնքի ղեկավարների հնարամտության ու անձնական միջոցների հաշվին»:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ավարտին մոտեցող գրատպության 500-ամյակի հոբելյանական տարին, պարոն Խզմալյանը պատասխանեց. «Կատարվել են ահռելի ծախսատար աշխատանքներ, կազմակերպվել են միջազգային ցուցադրություններ, գիտաժողովներ: Իհարկե, հրատարակվել են բազմաթիվ գրքեր, սակայն գրավոր մշակույթի հանդեպ վերաբերմունքը ազգի հոգեւոր եւ հոգեկան առողջության, մտավոր խնդիրները չեն կարող պայմանավորվել միայն հոբելյանական արարողություններով: Եթե անցնող տարին կնպաստի գրքի նշանակության եւ մեր ազգային ինքնության գիտակցմանը, ինչն անբաժանելի է գրավոր մշակույթից՝ ապահովելով կրթված մարդու հասարակական դիրքի վերականգնմանը, այ դա կլինի արվածի լավագույն գնահատականը»:

Իսկ Մատենադարանը ի՞նչ նախագծերով հանդես եկավ հոբելյանական տարում: Խզմալյանը փաստեց, որ տեղի ունեցավ Մատենադարանի հիմնական վերակերտված շենքի բացումը՝ ձեռագրերի հանրահռչակման բացառիկ հնարավորություններով, ապա ասաց. «Մատենադարանը մասնակցել է գրքի տեղական ու արտերկրյա ցուցադրությունների, միջազգային հեղինակություն վայելող կազմակերպությունների հետ Երեւանում անցկացրել է գիտաժողովներ, տարածաշրջանային վարժանքներ»: Հավելեց նաեւ, որ հետխորհրդային տարածքում առաջին անգամ Մատենադարանը հրատարակել է գիտական հոդվածների ժողովածու, որն արտացոլում է ձեռագիր ու տպագիր ժառանգության պահպանման ու վերականգնման միջազգային փորձը եւ իր տեսակի մեջ եզակի է:

Ռեպլիկին՝ հավանաբար միայն երեւանցիներն են մասնակցել միջոցառումներին, Ա. Խզմալյանը հայտնեց, որ գրեթե ամեն օր մարզերից տասնյակ աշակերտներ այցելում են Մատենադարան, գրեթե անվճար սկզբունքով (մուտքը՝ 100 դրամ- Ս. Դ.): Տարածված խոսակցությունները, թե Արցախում բացվում է Մատենադարանի մասնաճյուղ, պարոն Խզմալյանը հաստատեց, մանրամասնելով. «Մատենադարանում պահվում են արցախյան բացառիկ ձեռագրեր, որոնք մշակութային, ռազմավարական տեսանկյունից անհրաժեշտ է ցուցադրել Արցախում, ինչի կապակցությամբ սկսված են աշխատանքները»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930