Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի առաջադրվելը չի՞ անհանգստացնում ԲՀԿ-ի տիրակալության տակ գտնվող Շիրակի մարզի ՀՀԿ առաջնորդին

Նոյեմբեր 28,2012 14:57

Aravot.am-ը Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի նորընտիր պատասխանատու Սահակ Մինասյանին հարցրեց, եթե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը որոշի նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, արդյոք բարդ իրավիճակո՞ւմ չի հայտնվի ինքը: Մենք այս պաշտոնյային, բնականաբար, հիշեցրեցինք, որ Շիրակի մարզը «բարգավաճում է». ԲՀԿ-ի տիրակալության տակ է, Շիրակի մարզից ընտրված պատգամավորների գերակշռող մասը ԲՀԿ-ականներ են, ԲՀԿ-ական է նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ավելին, ԱԺ ընտրությունների ժամանակ ամենաչքավորը ճանաչված շիրակցիներն արդեն իսկ ցույց տվեցին, որ չեն վստահում իշխող կուսակցությանը ու ԲՀԿ-ին ձայն տալով`այլընտրանք են ակնկալում: «Նախ ասեմ, որ մենք` Հանրապետական կուսակցություն ներկայացնողներս, ես, որպես մարզխորհրդի նախագահ, այն համոզմունքին եմ, ոչ թե կարծիքին, այլ համոզմունքին, որ ի դեմս գործող նախագահի, ունենք այնպիսի թեկնածու, որը ստեղծագործ, նորովի մոտեցումների կողմնակից գործող նախագահ է, և թեկնածու է նախագահի, և չենք կարևորում այս կամ այն այլընտրանքային ընդդիմադիր թեկնածուի առաջադրման պարագան: Այսինքն՝ մենք ինքներս համոզմունքով ենք առաջադրում մեր թեկնածուին` գործող նախագահին»:

Մեր ճշգրտող այն հարցին, թե ուզում եք ասել, որ Շիրակի մարզից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նաև Արթիկի ՀՀԿ-ական քաղաքապետ Արսեն Աբրահամյանը, որին պաշտոնապես ԲՀԿ-ն է սատարել ՏԻՄ ընտրություններում, եթե միավորվեն ու փորձեն համապատասխան ձայներ ապահովել Գագիկ Ծառուկյանի համար, միևնույն է՝ ժողովուրդը իր ձայնը կտա Սերժ Սարգսյանի՞ն, պարոն Մինասյանն ասաց. «Միանշանակ, միայն մի ուղղում մտցնեմ ձեր ասածի մեջ, որ Արթիկի քաղաքապետին թե ով է սատարել, նա Հանրապետական կուսակցության անդամն է. անձնային կապերն ամբողջ աշխարհում են գործում, ոչ միայն Հայաստանում, քաղաքականությունից դուրս և քաղաքականության մեջ եթե ինչ-որ մասնակի սատարումներ ունեցել է մեր այսօրվա քաղաքապետը, սա չի նշանակում, որ ՀՀԿ-ական քաղաքապետը կարող է մասնակի շեղում ունենալ նախագահական ընտրություններին, որովհետև ես լավ ճանաչում եմ այս անձին: Իսկ ինչ մնում է մյուս թվարկված մեր կուսակցության ներկայացուցիչներին, չեմ ուզում անձնավորել ոչ մեկին և առանձին-առանձին ոչ մեկի մասին մեկնաբանություններ չանել, բայց, ինչպես որ դուք ձեր հարցի մեջ հնչեցրեցիք, թե Շիրակի մարզը Բարգավաճում է, դա ընդամենը սին տպավորություն է, որ «Բարգավաճ» կուսակցությունը ավելի հզոր է այս մարզում, քանի ՀՀԿ-ն: Սա տպավորություն է, իրողությանը չհամապատասխանող: ՀՀԿ-ն Շիրակի մարզում ունի ավելի գործուն, կառուցողական, ստեղծագործ մոտեցումներով աշխատաոճ և համակիրներ, քան ցանկացած կուսակցություն: Եվ ես խնդրում եմ ձեզ, որպես լրագրող, մյուս անգամ մեր մարզի մասին խոսելիս, չասեք Բարգավաճած»:

Մեր դիտարկմանն ի պատասխան, թե դա ցույց են տվել ԱԺ ընտրությունները, երբ Գյումրիում ԲՀԿ-ն հաղթեց, իսկ ամբողջ մարզի մասշտաբով ՀՀԿ-ն ձայների չնչին հարաբերակցությամբ հաղթեց ԲՀԿ-ին, Սահակ Մինասյանը շարունակեց. «ԱԺ ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պարտվել է Հանրապետական կուսակցությանը, փաստը սա է , Գյումրիում «Բարգավաճը» շատ ավելի քվե հավաքեց , քան Հանրապետականը, բայց սա մարզի նկարագիրը լինել չի կարող, և առաջիկա նախագահական ընտրություններում դուք դրանում կհամոզվեք` անկախ մյուս թեկնածուների կուսակցական պատկանելությունից»:

Իսկ ինչո՞ւ եք այդքան վստահ, որ պաշտոնապես ամենաաղքատ ճանաչված ու օր օրի դատարկվող Շիրակի մարզի բնակչությունն իր ձայնը կտա Սերժ Սարգսյանին, ինչո՞ւ պիտի վստահի այն կուսակցության առաջնորդին, որն իրեն հասցրել է անելանելի չքավորության: «Ավանդական բժշկության մեջ այսպիսի մի մոտեցում կա վերնագրված. ցավի մոտեցումը պայմանավորված է ցավի ուժգնությունից: Սոցիալապես անապահով մարզ ասացիք, չէ՞, 300 միլիոն ամերիկյան դոլարին համարժեք ծախս է արվել, որպեսզի ի վերջո աղետի գոտի հասկացությունը, տնակային տնտեսությունը վերանա մարզից, արվել է մեր կուսակցության ղեկավարի` գործող նախագահի անմիջական նախընտրական ծրագրով` 2008 թվականին: Նշանակում է, եթե մի մարզում առաջնահերթը անցած հինգ տարիների ընթացքում եղել են աշխատատեղերը, Շիրակում եղել է բնակարանը, դրա համար եմ ասում, որ ստեղծագործ մոտեցում կա մեր նախագահի մոտ: Ես ձեզ փաստ ու օրինակ ասացի, որը և պարտավորեցնող է շիրակցուն», -ակնարկեց ՀՀԿ կառույցի առաջնորդը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930