«Բացարձակապես պետք չէ խնդիր դնել, ով է բացահայտել: Եթե անգամ սա արվել է կոնկրետ անձի կամ խմբի կողմից, սա շատ դրական երեւույթ է, որ այսպիսի անօրինականությունը Հայաստանի պատմության նկատմամբ բացահայտվել է ու դատապարտվում է լայն շրջանակների կողմից»,- Aravot.am-ին ասաց ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գեւորգյանը՝ պատասխանելով մեր հարցին, թե արդյոք ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի հեղինակած դասագրքում «մարտի 1»-ի իրադարձությունների խեղաթյուրման բացահայտումը պայմանավորված է օրեր առաջ ՀԱԿ համախոհների ու ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի միջեւ տեղի ունեցած միջադեպո՞վ:
«Այդ իրադարձությունները այնպիսին են, ինչպես նկարագրում եք, եղած դեպքը, դեպքից հետո եղած բացահայտումը: Բայց ՀԱԿ երիտասարդները որեւէ կապ չունեն տեղի ունեցած միջոցառման հետ: Այն ճիշտ է՝ կազմակերպված էր ՀԱԿ համակիրների կողմից, բայց ոչ երիտասարդական կառույցի կողմից: Իսկ հրապարակումը «մարտի 1»-ի վերաբերյալ, բացահայտումները եղել են լրատվամիջոցներում: Հրապարակումը ցույց տվեց դեկանի իրական կերպարը, նրա իրական հատկանիշները, որոնք նա դրսեւորել է իշխանություններին սպասարկելու ոլորտում: Ինչպես եւ կեղծվել են Հայաստանի պատմական կարեւորագույն իրադարձությունները, այնպես էլ խոչընդոտվում են քաղաքացիների , ակտիվիստների տարրական իրավունքները՝ տեղեկատվություն տարածելու իրենց իրավունքը»,- հավելեց Ա. Գեւորգյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ, ՀԱԿ համակիրների «Հակահարված» խմբի հերթական ակցիայի ժամանակ միջադեպ է եղել դեկանի եւ ակտիվիստների միջեւ: Ըստ ակտիվիստների, դեկանը խոչընդոտել է նրանց ակցիան:
Նշենք նաեւ, որ ըստ լուրերի, դեկանի նոր դասագրքում «մարտի 1»-ի իրադարձությունների խեղաթյուրման փաստը ջրի երես են հանել հենց ՀԱԿ ակտիվիստները՝ օրեր առաջ իրենց ակցիան խոչընդոտելու համար:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ