Այսօր «Հայացք» ակումբում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պատմեց Բաքվում՝ Ասիական համաժողովում տեղի ունեցածի մանրամասները: Նոյեմբերի 22-ի առավոտյան բացվել է Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի գլխավոր վեհաժողովը, իսկ մինչ այդ, Հովհաննիսյանին մոտեցել են ադրբեջանցի լրագրողները եւ մի քանի խմբային հարցազրույցների միջոցով հարցեր ուղղել հայ-ադրբեջանական մարտահրավերների, ԼՂՀ խնդրի մասին: Այն տեսանյութը, որն առաջին իսկ օրը տեղադրվեց համացանցում, եղել է հարցազրույցների ընդամենը մի փոքրիկ հատվածը:
«Որոշում կայացվեց, որ իմ հիմնական ելույթը հնարավորինս քիչ լուսաբանվի: Ելույթին հաջորդեցին ադրբեջանցի համանախագահների ելույթները, հինգ-վեց հոգի շարեցին, մեկը մյուսից հետո թե Հայաստանին, թե Արցախին, ինչ ասես, ասացին, նաեւ անձնական վիրավորանք հասցնելով իմ հասցեին, ես ձայն խնդրեցի, բայց ձայնի իրավունք չտվեցին»,- պատմեց բանախոսը:
Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ նախորդ օրը՝ առավոտյան, գիտաժողովի օրակարգում դրված է եղել բանաձեւի նախագիծ, որում ոչ մի անդրադարձ չի եղել ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ Արցախին: Կանոնակարգով, այն պետք է ընդունվեր կոնսենսուսով, մինչեւ ամփոփիչ նիստը: «Սակայն նոյեմբերի 23-ի առավոտը, երբ ներկայացա ելույթիս, ակնհայտ էր փոփոխություն: Եթե առաջին օրը գրված էր, որ պետք է ընթերցվի, ապա ընդունվի բանաձեւը, կանոնակարգը փոխվել էր, ընդունումը հանվել էր օրակարգից, միայն պետք է ընթերցվեր: Ելույթից հետո մոտեցա Պակիստանի սենատորին, ով պատասխանատուն էր բանաձեւի ընթերցման: Նա հավաստեց, որ ոչ մի փոփոխություն չկա, ընդհանրական ձեւակերպումներ են լինելու միջազգային խնդիրների վերաբերյալ՝ խաղաղության կոչով: Այդ հավաստմամբ մոտեցավ ամփոփիչ նիստին, բայց տեսնելով, որ չի տարածվել վերջնական բանաձեւը, մոտեցա համանախագահներին եւ պահանջեցի խոստացված վերջնական բանաձեւի տեքստը: Ակնհայտ էր, որ ուրիշ բան էր պատրաստվում, որը լինելու էր՝ անկախ նրանից, ես բացակա էի, թե ներկա: Որոշել էին ընթերցման միջոցով հաստատելու պատրանք ստեղծել: Ընթերցվեց այդ բանաձեւը, բայց ոչ երբեք ընդունվեց, ոչ կոնսենսուսով, ոչ քվեարկությամբ, ոչ մի եղանակով չի հաստատվել»,- մանրամասնեց Հովհաննիսյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ