«Այս դառնության մեջ հայրենի հողի քաղցրությունը զգացի»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում այսպես սկսեց լրագրողների հետ իր հանդիպումը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Հանդիպման նպատակն էր՝ ամփոփել Բաքու կատարած այցը: Հիշեցնենք, որ նա նոյեմբերի 21-23-ը մեկնել էր մասնակցելու Բաքվում անցկացվող Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային 7-րդ համաժողովին: Նոյեմբերի 23-ին նա փորձել էր ելույթ ունենալ, սակայն հանդիպել էր ադրբեջանցի պատվիրակների հիստերիկ արձագանքներին:
«Չեմ խոսելու Բաքվում եւ Երեւանում հնչած տեսակետների ընդհանրությունների մասին: Ամեն կարծիք գոյության իրավունք ունի, եւ ես հարգում եմ այդ կարծիքները՝ անկախ նրանից՝ դրանք Բաքվում, թե Երեւանում են հնչել եւ թեկուզ ինչ-ինչ պատճառներով համընկնում են»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ավելի ուշ, չդիմանալով լրագրողների համառությանը, մասնավորաբար, հնչած քննադատություններին եւ տարատեսակ համեմատություններին, Հովհաննիսյանն այս առիթով ասաց. «Շատ դյուրին է արձակել այդ տեսակետը՝ սեփական երկրում, սեփական գրասենյակում, սեփական լրատվամիջոցի առջեւ նստած»:
Կարդացեք նաև
Հովհաննիսյանն ասաց, որ առիթի դեպքում էլի կմեկնի Բաքու եւ կբարձրաձայնի իր մոտեցումները, որոնք նորություն չեն, որոնք այս տարիների ընթացքում ինքը մշտապես եւ ամենուր է բարձրաձայնել:
Ընդհանուր առմամբ, բանախոսի տպավորությամբ, մենք «տուժում ենք մեր ծույլ արտաքին քաղաքականության պատճառով»։ Նրա դիտարկումներով, Հայաստանում բոլորը խոսում են եւ շատ են խոսում: «Խոսքից գործի է պետք անցնել եւ ոչ միայն ներքին, այլ արտաքին քաղաքական ոլորտում, պետք է համախմբվել մեկ ընդհանրական, միասնական, ազգային շահ ու նպատակ ներկայացնող գաղափարի շուրջ»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ Հայաստանը պետք է ներկա լինի ամենուր և կարողանա ներկայացնել իր տեսակետը: «Ազգային մեկուսացվածության մեջ ազգային շահերը չեն պաշտպանվում: Իմ քայլը սխրանք չէր, սովորական քայլ էր, որ պետք է մշտապես արվի: Մենք տուժում ենք մեր ծույլ արտաքին քաղաքականության պատճառով, որը բխում է մեր ներքին ժողովրդավարական դրվածքից»,-ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ համաժողովին ներկա մոտ 25 երկրների ներկայացուցիչներ առաջին անգամ էին լսում հայկական տեսակետ. «Մինչ այդ նրանք բազմաթիվ անգամ լսել էին միայն ադրբեջանական հռետորական ելույթների տարափը: Իմ ելույթից հետո շատերը մոտեցան և իրենց զորակցումը հայտնեցին: Ադրբեջանում, եթե հազար հոգով աշխատում են, մի բան են ասում, իսկ մեզ մոտ՝ հարյուր բան: Յուրաքանչյուրն իր տեսակետի իրավունքը ունի, բայց դա պետք է հավասարակշռվի ազգային շահերի հետ: Մի ամբողջ պետություն պետք է լծվի ազգային շահերին և դուրս բերի երկիրը անդունդից»,- ասաց նա:
Շահարկումների առարկա դարձավ նաեւ այն, որ Բաքվում Րաֆֆի Հովհաննիսյանը խոսել է հայ համայնքի հետ հանդիպման մասին: Բանախոսն այսօր հստակեցրեց, որ խնդիրը նրա մասին է, որ ադրբեջանցիները հաճախ տարբեր թվեր են հրապարակում, որ իրենց երկրում բնակվում է 30-40-60 հազարի հասնող հայ համայնք: Այդ իսկ պատճառով Հովհաննիսյանը դիմել է իրեն Բաքվում հյուրընկալող պաշտոնյաներին՝ հանդիպելու գեթ մեկ հայ ընտանիքի հետ, որը չի վախենա ու կասի, որ ինքը հայ է եւ բնակվում է Ադրբեջանում: Նման հանդիպում, բնականաբար, չի կայացել: Սա, ըստ բանախոսի, ապացույցն է նրա, որ Ադրբեջանը ստում է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ