Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդկային կորստի ցավը. հրադադար

Նոյեմբեր 28,2012 13:53

Շատ էր սիրում դստերը, թեեւ երազել էր որդի ունենալու մասին

Արամի նշանադրությունը:

Դուստրը՝ 2-ամյա Լուիզան:

Արամ Եսայանի դուստրը՝ 2-ամյա Լուիզան, արդեն մի քանի ամիս է՝ հոր կարոտն առնում է նրա նկարը համբուրելով եւ նկարի հետ խոսելով:

«Լուսաբացին մոտ էր, ես լսում էի, որ մեր հարեւանները խառնված են։ Իմ մեծ տղան էլ դուրս եկավ, մտածեցի երեւի քոլ ա գնում, ձեն տվեցի, չպատասխանեց: Հարեւաններն իմացել էին, թե Արամը վիրավոր ա, բայց մեզ ռիսկ չէին արել ասեն»,- որդու մահվան լուրն իմանալու օրն այսպես է հիշում Արամի մայրը՝ 46-ամյա Լարիսան:

1986թ. օգոստոսի 26-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքում ծնված Արամ Եսայանն ընտանիքի միջնեկ զավակն էր, ուներ երկու եղբայր։ Յոթ տարեկանից հաճախել է Բերդի թիվ 2 դպրոցը, իսկ 8-րդ դասարանն ավարտելուց հետո Բերդի ուսումնարանում սովորել է տրակտորիստ-մեքենավարի մասնագիտություն:

«Արամս փոքրուց էլ շատ խելոք երեխա է եղել, չխոսկան էր, բերանից ոչ մի խոսք չէինք կարող քաշել, բայց շատ աշխատասեր էր: Կռիվների դժվար տարիներին ես լրիվ մենակ էի. հայրը կամավորական էր գնացել։ Ինքն էլ, ճիշտ ա, փոքր էր, բայց ինձ ամեն ինչով օգնում էր. իրար հետ վար էինք անում, ցանում, նույնիսկ հետս ֆարթուկը կապած լոբի էր ցանում։ Սովորելու տարիներին էլ ինչ գործ պատահել ա, աշխատել ա, չի թափառել: Ընկերներ ունի, որ մինչեւ էսօր նույնիսկ չեն էլ աշխատում, բայց ինքը մի քանի տեղ էր աշխատում»,- պատմում է մայրն՝ արցունքն աչքերին։

2004թ. Արամը զորակոչվեց զինվորական ծառայության նույն զորամասում, որտեղ արդեն մեկ տարի է, ինչ ծառայում էր ավագ եղբայրը։

«Բանակ ճանապարհելուց, երբ հայրը հուզվել էր, տղես ասում էր՝ «ամոթ ա, բոլորն էլ գնում են ծառայում»… Մենք ոչ մի անգամ չկարողացանք գնանք, տեսնենք երեխուն բանակում, ինքն էլ, իմանալով մեր սոցիալական պայմանները, չէր թողնում, որ գնանք»,- հիշում է մայրը:

Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո Արամը որոշում է անցնել պայմանագրային ծառայության, ինչը սահմանամերձ քաղաքում հիմնական աշխատանքներից մեկն է դարձել վերջին տարիներին:

2008 թվականից Արամը պայմանագրային զինծառայող էր։ Զինվորական լինելուց բացի, աշխատում էր քաղաքի ճաշարաններից մեկում՝ որպես խոհարար: «Կռիվ կինոներ էր սիրում: Բայց դե սկի ժամանակ էլ չէր ունենում, որ նայի. էս գործից էն գործին էր վազում, տանը համարյա չէր լինում»,- ասում է մայրը:

«Մեր առաջին հանդիպումը ճաշարանում էր, իրար երկար նայում էինք։ Ես թխվածքի բաժնում էի աշխատում, դե ինքն էլ խոհարար էր։ Երկար ժամանակ չէր խոստովանում, հետո նոր խոստովանեց։ Բնավորությամբ շատ խիստ էր ու խանդոտ: Նույնիսկ հարեւանի տուն գնալու համար իրավունք էի վերցնում»,- թախծոտ ժպիտով հիշում է Արամի կինը՝ 20-ամյա Մելինեն:

2009-ի նոյեմբերի 10-ին Արամն ու Մելինեն ամուսնացան, իսկ 2010-ի սեպտեմբերի 5-ին ծնվեց նրանց դուստրը՝ Լուիզան: «Մենք շատ էինք ուրախացել, որ աղջիկ ա, դե մեզ էլ աղջիկ չունենք, իսկ Արամը տղա էր ուզում։ Կնոջը կատակով ասում էր, որ աղջիկ ծնվի, հերանցդ տուն ես գնալու։ Բայց դե երեխու ծնվելուց հետո աշխարհն իրանն էր, էնքան շատ էր սիրում,- պատմում է Արամի մայրը ու հիշում, որ Արամը տանը եղած ժամանակ անընդհատ խաղում էր դստեր հետ,- էդ վերջին օրերին էլ ձեռքից բռնած ման էր տալիս, իրար հետ խանութ էին գնում։ Երեխեն ինչ ուզեր՝ առնում էր»։

«Շատ նպատակներ ուներ, ուզում էր մեքենա առներ, էդ վերջին ամսվա աշխատավարձին էլ տան համար գույք էր ուզում առներ… Էս դեպքից հետո ասում էի՝ գոնե վերջինն իրանք լինեն, բայց դե նորից շարունակվում ա։ Ասում էի, թող ոչ մի մայր բալա չկանչի, բայց դե նորից շարունակվում ա: Ախր, խաղաղ վիճակում ա եղել, իրանք չեն հարձակվել, թշնամին ա հարձակվել»,- մարած ձայնով ասում է որդի կորցրած մայրը:

Հոր անունը լսելուն պես՝ Լուիզան վազում է սենյակի անկյունում սեղանին դրված նկարի մոտ ու ասում՝ «պապան ա»: Հետո բարձրանում է սեղանի վրա ու սկսում համբուրել հոր նկարը:

Արամ Եսայանը մեկն է այն երեք երիտասարդներից, ովքեր զոհվեցին 2012թ. ապրիլի 27-ին, Տավուշի մարզի սահմանին՝ ադրբեջանցի զինվորականների դիվերսիայի հետեւանքով: Նա 25 տարեկան էր։

«Մարդկային կորստի ցավը. հրադադար» ակնարկների շարքը պատրաստում է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը:

Եթե ունեք տվյալներ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով զոհված զինվորների եւ քաղաքացիական անձանց մասին, ապա խնդրում ենք գրել հետեւյալ էլեկտրոնային հասցեին՝ [email protected] կամ զանգահարեք 098804800:

Ակնարկը պատրաստվել է բրիտանական կառավարության ֆինանսական աջակցությամբ։

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930