Հայաստանում սեռական դաստիարակությունը շատ ցածր մակարդակի վրա է, եւ դա է հիմնական պատճառը, որ սեռավարակները բավականին տարածված են: Այսօր «Ելակետ» ակումբում նման կարծիք հայտնեցին սեքսապաթոլոգ-հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանը եւ մաշկավեներաբան Սամվել Հովհաննիսյանը:
Սեքսապաթոլոգի խոսքերով` մարդանց ապրելակերպի, նույնիսկ սննդի ու սեքսուալ հեղափոխությունների հետ կապված, սեռավարակների նոր տեսակներ էլ են առաջացել, եւ եթե նախկինում դրանց հիմնական 4 տեսակ կար, որը հիմա քիչ է հանդիպում, ապա այսօր այդ տեսակները շատացել են. հատկապես երիտասարդների շրջանում. «Սա ավելի շատ երիտասարդների չիմացության արդյունք է, այսինքն` չգիտեն առաջին հերթին ինչպես պաշտպանվել, որովեհետեւ միայն պահպանակներով չէ պաշտպանությունը, ավելի շատ իրենց ուղեղը պիտի պաշտպանվի, մտածեն ուղեղով. որտեղ` ինչ են անելու կամ չեն անելու: Կան 10 պատվիրաններ` սեքսի պաշտպանության, որ պետք է դա օգտագործվի»: Թե որո՞նք են այդ պատվիրանները, Aravot.am-ի հարցին, պարոն Զաքարյանն այդպես էլ չպատասխանեց, պատճառաբանելով` այլ առիթով կասի:
Պարոն Զաքարյանի խոսքերով`պարադոքս է, բայց իր պրակտիկայում շատ է պատահել` «ինչքան մարդը շատ դաստիարակված է, ինչքան շատ գիտելիքներ ունի, այնքան ավելի շատ են այս մարդկանց շրջանում սեռավարակները»:
Կարդացեք նաև
Մաշկավեներաբան Սամվել Հովհաննիսյանն էլ նշեց, որ երեւույթը ավելի շատ կապված է սեռական դաստիարակության հետ, երբ տաղանդավոր ու կրթված անձը սեռական տարրական վարքի եւ հիգիենայի մասին տեղեկացված չէ:
Aravot.am-ի այն հարցին էլ, մեր երկրում սեռական դաստիարակության վերաբերյալ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում, բուլկետներ են տպվում եւ տարածվում, նույնիսկ դպրոցներում պահպանակ են բաժանել, մի՞թե այս ամենը արդյունք չի տալիս եւ արդյոք պետք է դպրոցներում սկսել սեռական դաստիարակությունը, քանի որ Հայաստանում շատ կան դեռահասներ, որոնք սեռական կյանքով ապրում են, սեքսապաթոլոգ Մարատ Զաքարյանն ասաց` «Գլուխները պատովն են տալիս`սեքս են անում: 7-8-րդ դասարանի երեխային պահպանակ տա՞ն, նրանք չպիտի այդ տարիքում սեռական կյանք վարեն, դրա հետեւանքները շատ վատ կարող են լինել: Մինչեւ պահպանակ բաժանելը, այդ երեխաներին անհրաժեշտ է կրթել, հասունանա եւ սեռական վարքականոնն իմանա: Ավելի հեշտ է հասուն մարդուն բուժել սեռավարակից, քան` անչափահասին»:
Իսկ մաշկավեներաբանի խոսքերով էլ` այսօր տեղեկատվական հոսքն այնպիսին է, որ արբունքի տարիքի երեխաները սեքսի մասին, որտեղից ասես իմանում են, եւ հաճախ՝ սխալ ինֆորմացիա, նույնիսկ 12 տարեկանների մոտ բջջային հեռախոսներ կան, որտեղ էրոտիկ լուսանկարներ են լինում ու մեկը մյուսին փոխանցում են, առաջին հերթին ծնողները պետք է ուշադիր լինեն:
Մասնագետների ներկայացմամբ` արդեն Հայաստանում էլ այնպիսի բաներ են կատարվում, որը նախկինում կամ չկար, կամ քիչ էր, օրինակ`«Հոմոսեքսուալությունը, էնքան խոսեցին ու ինտերնետում էլ էնքան կա, որ կան մարդիկ, ասում են` կարո՞ղ ա լավ բան ա, մի հատ չփորձե՞մ»:
ՆԵլլի ԲԱԲԱՅԱՆ