Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինձ հիշում են դեռ շորտիկով նվագելիս»

Նոյեմբեր 28,2012 13:48

Վահան Մարտիրոսյանը՝ իր ղեկավարած նվագախմբի, աշխատաոճի փոփոխության եւ կապերի մասին

Հայաստանի պետական կամերային նվագախումբը (ՀՊԿՆ) պատրաստվում է դեկտեմբերի 1-ին կայանալիք գալահամերգին, որին հրավիրված է նաեւ աշխարհահռչակ ակորդեոնահար Ռիչարդ Գալիանոն: «Առավոտի» հետ զրույցում ՀՊԿՆ գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Վահան Մարտիրոսյանն ասաց, որ այդ համերգը 50-րդ հոբելյանական համերգաշրջանի պիկն է լինելու:

Նրանից հետաքրքրվեցինք, թե Արամ Ղարաբեկյանի գնալուց հետո՝ իր գալով ի՞նչ է փոխվել նվագախմբում:

«Գեղարվեստական ղեկավարը…,- կես կատակ-կես լուրջ ասաց մեր զրուցակիցը, ապա շարունակեց,- ես փորձել եմ Հայաստան բերել իմ եվրոպական աշխատաձեւը, կարծում եմ՝ կար դրա կարիքը: Ցանկություններիցս մեկն էլ այն էր, որ նվագախումբը ստանա open stage, ինչպես աշխարհի մյուս նվագախմբերի պարագայում է: «Դրսում» նվագախմբի գեղարվեստական ղեկավարը ղեկավարում է համերգների 50 տոկոսը, իսկ մնացած 50-ը ղեկավարում են հրավիրյալ դիրիժորները, որպեսզի նվագախումբը կարողանա զարգանալ՝ բազմազան ձեռագրերի, ճաշակների հետ շփվելով: Երաժիշտները պետք է հնարավորություն ունենան համեմատելու իմ եւ ուրիշի մեկնաբանությունները, մյուս կողմից էլ՝ եթե նվագախումբն աշխատի միայն հրավիրյալ դիրիժորների հետ, կկորցնի իր ձայնը, մայրենի լեզուն, շունչը: Այնպես որ, շատ կարեւոր է ունենալ մեկ գեղարվեստական ղեկավար եւ աշխատել զանազան դիրիժորների հետ: Իմ բերած հաջորդ փոփոխությունն այն է, որ դեռեւս սեպտեմբերին ամբողջ տարվա ծրագիրը հայտնել եմ երաժիշտներին: Նրանք գիտեն, թե որ օրը որ ժամին որտեղ համերգ ունեն, չհաշված չնչին փոփոխությունները: Նաեւ արտերկրի նման փորձերի որոշակի քանակ եմ սահմանել: Երբ երաժիշտը շատ փորձեր է ունենում, կորչում է ուշադրությունը, մտածում է՝ դեռ ժամանակ ունի՝ կհասցնի: Այդ դեպքում պակասում է նաեւ ուշադրությունը դեպի դիրիժորը, իսկ վերջինս այն մարդն է, որը հավաքում է նվագախումբը»:

Վահան Մարտիրոսյանն ասում է, որ տանել չի կարողանում, երբ երկու անգամ միատեսակ են կատարում նույն ստեղծագործությունը. «Ինձ համար կարեւոր է, որպեսզի երաժիշտները ոչ թե մեխանիկորեն, այլ իմ ձեռքին հետեւելով նվագեն: Ես հասել եմ նրան, որ սկսում եմ համերգների ժամանակ մեծագույն հաճույք ստանալ հետեւյալից՝ մեկ էլ ինչ-որ նախապես չորոշված քայլի եմ դիմում, ու նվագախումբը մեկ հոգու նման հետեւում է դրան, իմպրովիզացիայի եւ ինքնաբուխության արդյունքում ծնվում է ավելի կենդանի երաժշտություն»:

«Առավոտի» հարցին՝ նախկին ղեկավարի օրոք կամերային նվագախումբը մշտապես արտերկրյա հյուրախաղերի էր լինում, իր կապերն օգտագործելով նման նախագիծ չի՞ հղացել, դիրիժորը պատասխանեց. «Մեր ամենացավոտ տեղը գումարն է, բնականաբար մենք էլ ենք կարեւորում հյուրախաղերը: Հյուրախաղերի ժամանակ երաժիշտները ապրում են մի ուրիշ աշխարհում, ավելի են ձուլվում, եւ շատ կարեւոր է, որ մեր արվեստը տանենք այլ երկրներ: Մեծ հպարտությամբ կամերային նվագախումբը կարող ենք ներկայացնել աշխարհի ցանկացած կետում՝ առանց որեւէ քաշվածության, մեր նվագախմբի որակը շատ բարձր է: Ես ունեմ իմ ագենտները Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, իրենց հետ աշխատում ենք, որպեսի կարողանանք կամերայինը տանել «դուրս», եւ տանել՝ ոչ թե զո՛ւտ տանելու համար: Ուզում եմ, որ մեծ դռներով ներս մտնենք ինչ-որ երկիր, եւ ոչ թե հետնամուտքով, թե չէ կարելի է գնալ, օրինակ՝ Ճապոնիայի գյուղերից մեկում կամ եվրոպական որեւէ փոքր քաղաքում համերգ տալ»:

Քանի՞ պրեմիերա է եղել հոբելյանական համերգաշրջանում: «Համերգաշրջանը նոր է սկսվել, դեռ 7-8-րդ համերգն ենք ունեցել, օրինակ՝ Էդուարդ Հայրապետյանի Ջութակի 7-րդ կոնցերտի պրեմիերան, եղել է մի ամբողջ երեկո՝ նվիրված հայ կոմպոզիտորներին: Ի դեպ, սեպտեմբերին գտել էի նոտաներ, եւ առաջին անգամ կատարեցինք ռուսական թեմայով վարիացիաներ, գրված 19-րդ դարում: Ընդ որում, ամեն վարիացիան գրվել էր մեկ կոմպոզիտորի կողմից՝ Ռիմսկի Կորսակով, Սկրյաբին եւ այլն… Առաջին անգամ կատարվել են նաեւ Գլազունովի գործերը»,- նշեց Վահան Մարտիրոսյանը:

Հնարավո՞ր է կամերային նվագախումբը դասական երաժշտության փառատոնի կազմակերպիչ դառնա: «Իհարկե՝ հնարավոր է, բայց, ցավոք, ամեն ինչ կապված է գումարի հետ: Ես աշխարհի մեծագույն արտիստների հետ ընկերություն եմ անում եւ աշխատում եմ, շատերը նույնիսկ չնչին գումարով կգային, ոմանք էլ ձրի, ինչպես անցյալ տարի 6 երաժիշտ հրավիրեցի՝ լրիվ անվճար հանդես եկան, այդ թվում՝ դաշնակահարուհի Դանիել Լավալը, երգեհոնահար Ստեֆան Բեշին, աշխարհահռչակ ջազ-երաժիշտ Ուրի Քեյնը… Այս մարդկանց հետ ես ամեն օր Ֆրանսիայում շփվում են, եւ իրենք ցանկություն են հայտնում գալ Հայաստան ու տեսնել քրիստոնեության օրրանը…Եթե մեր ֆինանսական վիճակը լավ լինի, ես խոստանում եմ, որ կարող ենք 10 անգամ ավելին ունենալ՝ հրավիրյալ դիրիժորներ, մենակատարներ, համերգներ»:

Պատասխանելով մեր այն դիտարկմանը, թե Հայաստանի պետական կամերային նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանի՝ կարգապահության հանդեպ պահանջկոտությունը նվագախմբի կողմից ընկալվում էր իբրեւ դեսպոտիզմ, արդյոք իրեն ուղղված դժգոհություննե՞ր էլ կան, ՀՊԿՆ ներկայիս գեղարվեստական ղեկավարը նշեց, որ կոլեկտիվի հետ ջերմ հարաբերությունների մեջ է: «Այսօր նվագախմբում կան մարդիկ, որոնց ներկայությամբ ես 8 տարեկանում շորտիկով նվագել եմ Հայդնի կոնցերտը: Երեխա ժամանակ իբրեւ դաշնակահար հանդես եմ եկել Երեւանի կամերային նվագախմբի հետ՝ դեռեւս Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ: Կամերային նվագախմբի որոշ անդամներ հենց այդ նվագախմբից են եղել եւ ինձ հիշում են: Երաժիշտների մեծ մասն էլ այն մարդիկ են, որոնց հետ եմ մեծացել: Չնայած այս ամենին, փորձերի ժամանակ հետեւյալ սկզբունքն է գործում՝ մեկ մաեստրո եւ մեկ նվագախումբ, լռություն եւ ուշադրություն»,- ասաց պարոն Մարտիրոսյանը: Նա հայտնեց, որ չի հավակնում լինել ճշմարտության միակ դրոշակակիրը. «Չեմ կարծում, թե ես մեկն եմ, որ ամեն ինչի պատասխանն ունի: Ես մարդ եմ, իրենց նման երաժիշտ, որը բախտի բերմամբ կամ չբերմամբ ղեկավարում է այս նվագախումբը, նվագախմբում կան երաժիշտներ, որոնք ունեն իրենց կարծիքը, հնարավորությունները, պատկերացումը ինչ-որ մի բանի վերաբերյալ: Ես միշտ բոլորին լսում եմ, եւ եթե չեմ հավանում, շարունակում եմ անել իմ ուզածը: Բայց, միեւնույն ժամանակ, ես կլինեի աշխարհի ամենամեծ հիմարը, եթե առաջարկեին ինչ-որ մի բան, որն իմ մտածածից ավելի լավն է, ու ես հրաժարվեի: Ի վերջո, ծառայում եմ երաժշտությանը, ոչ թե ինձ: Ես չեմ կարող դեսպոտ լինել, որովհետեւ աշխատել եմ Եվրոպայում, ներկայումս Կաննի սիմֆոնիկի գլխավոր դիրիժորն եմ: Ֆրանսիայում, եթե որեւէ դիրիժոր փորձի ձայնը բարձրացնել որեւէ երաժշտի վրա, երկրորդ անգամ այդ նվագախմբի առջեւ չի կարող կանգնել, որովհետեւ Ֆրանսիան կրթված երկիր է, որովհետեւ տնօրենը կամ դիրիժորը երաժիշտներին չեն վերաբերվում ինչպես իրենց պատկանող ստրուկներին»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930