Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ-ն այլընտրանքային նախաքննական մարմին է

Նոյեմբեր 28,2012 13:46

«Առավոտ» օրաթերթի բացառիկ հարցազրույցը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, ՀՀ վաստակավոր իրավաբան Անդրանիկ Միրզոյանի հետ:

-Պարոն Միրզոյան, տարվա ամփոփումը համընկնում է ՀՔԾ-ի կազմավորման 5-ամյակի հետ։ Ինչպիսի՞ն է հանցավորության վիճակագրությունը։

-Անցած հինգ տարիների ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվել է 960 քրեական գործ: Պետք է նշեմ, որ վերջին տարիներին նկատվում է մեր վարույթում քննվող քրեական գործերի նվազում եւ հիմա միջինը տարեկան կազմում է 170 քրեական գործ: Գիտեք, որ օրենսդրությամբ հստակ սահմանված է Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործերի շրջանակը: Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաեւ ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննությունն իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը: Այսինքն՝ հստակ սահմանված են այն սուբյեկտները, որոնց վերաբերյալ քրեական գործերի քննությունը վերապահված է մեր ծառայությանը, եւ գործերի նվազումը կարող է ունենալ մի քանի պատճառ՝ կամ նշված սուբյեկտների մասնակցությամբ կատարվող հանցագործություններն են նվազել, կամ էլ բացահայտումն արդյունավետ չէ: Ինքս առավել հակված եմ երկրորդ տարբերակին, առավել եւս, երբ կոնկրետ գերատեսչություններ կան, որոնց աշխատակիցների կատարած հանցագործությունների բացահայտման ցուցանիշը շատ ցածր է, ինչը, մեղմ ասած, վստահություն չի ներշնչում:

– Ո՞ր ոլորտները նկատի ունեք։

-Քննվող քրեական գործերն առավելապես վերաբերում են իրավապահ մարմինների ներկայացուցիչների կատարած հանցագործություններին: Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, հարկային-մաքսային մարմինների ներկայացուցիչների՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված դեպքերի վերաբերյալ գործերի քանակը գրեթե զրոյական է: Եթե սա օբյեկտիվ իրավիճակն է, ուրեմն միմիայն կարելի է ողջունել, բայց անձամբ իմ գնահատմամբ դա վիճահարույց է:

-ՀՔԾ-ն, օրենքով լիազորված իրականացնում է նախաքննություն՝ չունենալով օպերատիվ-հետախուզական մարմին։ Արդյո՞ք այդ հանգամանքը չի խոչընդոտում Ծառայության առջեւ դրված խնդիրների լուծմանը, եւ արդյո՞ք օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների տրամադրած «հումքը» չի ազդում նախաքննության որակի վրա։

-Հատուկ քննչական ծառայությունը Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների համակարգում համեմատաբար երիտասարդ կառույց է, որի գործունեությունը նպատակաուղղված է որոշակի տեսակի հանցագործությունների քննությանը։

Ծառայությունը նախաքննություն կատարելու լիազորություններով օժտված քննչական ինքնուրույն առանձին պետական մարմին է, որի ստեղծման անհրաժեշտությունը գնահատել են նաեւ միջազգային կառույցները՝ հատկապես վատ վերաբերմունքի եւ անպատժելիության կապակցությամբ գործերի քննության եւ դրանց դեմ պայքարի առումով։

«ՀՀ հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Ծառայության պետին պաշտոնի նշանակում է Հայաստանի Հանրապետության նախագահը՝ ՀՀ գլխավոր դատախազի ներկայացմամբ, եւ Ծառայությունը որեւէ մարմնի գերատեսչական ենթակայության տակ չի գտնվում։

Այս կարգավիճակը Ծառայությանը թույլ է տալիս օրենքով վերապահված գործառույթներն իրականացնելիս գործել անկաշկանդ։ Դրա հետ մեկտեղ, պետք է նշել, որ հատկապես կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման գործում Հատուկ քննչական ծառայության դերը, ցավոք, սահմանափակ է, քանզի այն` որպես քննչական մարմին, իրականացնում է միայն նախաքննություն, այն էլ՝ որոշակի նեղ շրջանակի սուբյեկտների նկատմամբ, եւ օպերատիվ-հետախուզական գործառույթների իրականացման լիազորություններ չունի:

Նախաքննության եւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համագործակցության վերաբերյալ նոր մոտեցումների պայմաններում, կարծում եմ, արդիական է դարձել Հատուկ քննչական ծառայությունում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանում ստեղծելու հարցը: Համեմատության համար նշեմ, որ Լատվիայի եւ Լիտվայի համանման ծառայությունները քննում են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ գործերի 70 տոկոսը, եւ իրենց կազմում ունեն ինչպես օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներ, այնպես էլ մասնագետներ, մասնագիտական ¥աուդիտորական¤ խմբեր, ներքին անվտանգության բաժիններ եւ այլն: Կարծում եմ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանում ստեղծելու անհրաժեշտությունը պայմանավորված է ծառայությունում քննվող քրեական գործերի բնույթով եւ հատուկ սուբյեկտներով. ծառայության քննիչները հաճախ նախաքննություն են կատարում այնպիսի գործերով, որոնցով կասկածյալներ կամ մեղադրյալներ են հանդիսանում այլ գերատեսչություններում գործող օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների աշխատակիցները:

Համոզված եմ, որ նման ստորաբաժանման ստեղծումը կնպաստի Հատուկ քննչական ծառայության առջեւ դրված խնդիրների առավել արդյունավետ լուծմանը։

Ներկայիս պայմաններում, ցավոք, միշտ չէ, որ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները Ձեր նշած «հումքը» տրամադրում են որակյալ, բավարար ու լիարժեք։ Հաճախ այդ «հումքը» ձեռք բերված է լինում օրենքի պահանջների խախտումներով, որի պատճառով տրամադրված փաստական տվյալների՝ վարույթում որպես ապացույց օգտագործումն անթույլատրելի է դառնում։ Նաեւ լինում են դեպքեր, երբ Ծառայությունում քննվող քրեական գործերով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ քննիչների հանձնարարականներին տրվում են ձեւական պատասխաններ, մոտավորապես այսպես՝ ձեռնարկված միջոցառումները դրական արդյունք չեն տվել, կամ էլ պատասխաններում կրկնվում են հենց քննիչների հանձնարարություններում նշված՝ արդեն իսկ քննությամբ պարզված ելակետային տվյալները, ինչը, բնականաբար, բացասական է անդրադառնում նախաքննության որակին, քննիչները ստիպված են լինում ոչ թե քննչական գործողություններով ապացուցել ստացված օպերատիվ տեղեկությունների իսկությունը, այլ գործի լուծման համար անհրաժեշտ տեղեկությունները պարզելու ուղղությամբ կատարում են բազմաթիվ լրացուցիչ քննչական գործողություններ, ինչը հանգեցնում է նախաքննության ժամկետների ձգձգմանը։

– Անցյալ տարվա Ձեր ամփոփիչ խոսքում Դուք բարձրացրիք մի հարց, որը կապված էր ՀՔԾ-ին ընդդատյա գործերը «տեղերում» քննելու եւ այն Ծառայություն չուղարկելու հետ։ Արդյո՞ք այս տարի թաքցված դեպքեր եղել են։

-Ցավոք, դեռ լինում են դեպքեր, երբ Հատուկ քննչական ծառայության քննիչներին ենթակա գործերը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, քննվում եւ ընթացք են ստանում այլ քննչական մարմինների վարույթներում կամ էլ Ծառայություն են ուղարկվում ուշացումով:

Բերեմ մեկ օրինակ: Այս տարի Ճանապարհային ոստիկանության Սեւանի ՀՔԲ-ի ավագ տեսուչն անձնական օգտագործման ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել մի քաղաքացուհու՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս, որից հետո ընդհարվել էր մեկ այլ ավտոմեքենայի, ապա՝ հանելով իր մեքենայի պետհամարանիշները՝ թողել ճանապարհատրանսպորտային պատահարի վայրն ու հեռացել: Դեպքից քիչ հետո, որպես նշված ավտոմեքենայի վարորդ եւ վրաերթը կատարած անձ, ճանապարհային ոստիկաններին է ներկայացել Սեւան քաղաքի մի բնակիչ: Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնում հարուցվել է քրեական գործ, որն այնտեղ քննվել է շուրջ 8 ամիս, եւ դա այն դեպքում, երբ քննությամբ ձեռք բերված տվյալները բավարարար են եղել եզրահանգելու, որ հանցանքը կատարել է ոստիկանության աշխատակիցը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության ընթացքում ինչպես ՃՈ տեսուչը, այնպես էլ նրա կեղծ այլուրեքությունները հաստատած մյուս շահագրգիռ վկաներն առաջին իսկ հարցաքննությունների ընթացքում խոստովանել են դեպքի իրական հանգամանքները, եւ քրեական գործը կարճ ժամկետում ուղարկվել է դատարան, որն էլ կայացրել է մեղադրական դատավճիռ:

Կան նմանատիպ նաեւ այլ օրինակներ։ Սակայն ասեմ, որ յուրաքանչյուր նման դեպքով միջնորդագրեր են ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն, եւ դրանք դարձել են քննարկման առարկա։

– 5 տարիների ընթացքում պետական ո՞ր ոլորտ(ներ)ում հատուկ ծառայություն իրականացնող անձանց վերաբերյալ են առավել շատ գործեր քննվել։

– Անցած 5 տարիների ընթացքում Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործերով դատի տրված, ինչպես նաեւ ոչ արդարացման հիմքերով քրեական պատասխանատվությունից ազատված անձանց մեջ ամենամեծը ոստիկանության համակարգի ծառայողների թիվն է։ Սակայն ինչպես արդեն նշեցի, չեմ կարծում, թե դա նշանակում է, որ պետական այլ կառույցներում վիճակն ավելի բարվոք է, եւ այդ կառույցներում պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք հանցագործություններ չեն կատարում կամ ավելի քիչ են կատարում։ Մեր երկրում իրականացված դատաիրավական բարեփոխումների արդյունքում 2007 թվականին հանրապետության իրավապահ մարմինների կառուցվածքում տեղի ունեցան նշանակալից փոփոխություններ, մասնավորապես` քննչական ապարատը դուրս բերվեց դատախազության համակարգից, վերակառուցվեցին ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության քննչական ստորաբաժանումները, հարկային եւ մաքսային մարմիններում, ինչպես նաեւ՝ պաշտպանության նախարարության համակարգում, ստեղծվեցին քննչական կառույցներ:

Ներկայումս տնտեսական գործունեության դեմ ուղղված մի շարք հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննության կատարման լիազորությունը քրեադատավարական օրենքով վերապահված է հարկային, իսկ մաքսանենգության վերաբերյալ գործերով՝ մաքսային մարմինների քննիչներին, մինչդեռ, ինչպես հայտնի է այդ բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախկինում մեր վարույթում քննված գործերի վերլուծությունից, այդ հանցագործություններից շատերը կատարվել ու, իմ կարծիքով, կատարվում են առաջին դեպքում` հարկային տեսչության, իսկ երկրորդ դեպքում` մաքսային մարմինների աշխատակիցների ուղղակի անմիջական հանցակցությամբ կամ, ինչպես իրենք են փորձում ներկայացնել, «անփութության» հետեւանքով։ Սակայն չի կարելի բացառել, որ ինչպես հիշյալ, այնպես էլ մյուս մարմինների քննիչները, գտնվելով գերատեսչական ենթակայության տակ, կաշկանդված են լինում իրենց իսկ գերատեսչության աշխատակիցների կատարած հանցագործությունները բացահայտելու հարցում։

-Պարոն Միրզոյան, ՀՔԾ պաշտոնական կայքէջի «Հետադարձ կապ» բաժինն ստանում է գրավոր բողոքներ, նամակներ։

Ինչպե՞ս եք իրականացնում վերահսկողությունը, ի՞նչ է անհրաժեշտ դրանց ընթացք տալու համար։ Այս տարվա ընթացքում որքա՞ն բողոքներ եք ստացել եւ, մասնավորապես, ո՞ր բողոքներին եք ընթացք տվել։

-Ինչպես արդեն նշեցի, Հատուկ քննչական ծառայությունում ստացված դիմումների թվաքանակն զգալիորեն աճել է։ Միայն այս տարի (այսօրվա դրությամբ) Ծառայությունում ստացվել է 740 դիմում, որոնցից 68-ն ստացվել է Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքէջի «Հետադարձ կապ» բաժնով։

Ստացված դիմումները քննարկվում են Հատուկ քննչական ծառայությունում դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման, անձանց ընդունելության եւ գործավարության կարգի համաձայն, իսկ եթե դրանք պարունակում են նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված կոնկրետ հանցագործության մասին տեղեկություններ, ապա դրանց ընթացք է տրվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, այսինքն՝ կամ հարուցվում է քրեական գործ, կամ քրեական գործի հարուցումը մերժվում է, կամ էլ՝ հաղորդումն ուղարկվում է ըստ ենթակայության։

Դիմում-բողոքները գտնվում են իմ անմիջական հսկողության տակ, եւ Ծառայության աշխատակիցներին հանձնարարված է մանրակրկիտ քննարկել յուրաքանչյուրը, հանգամանորեն ուսումնասիրել դրանցում առաջադրված հարցերն ու խնդիրները եւ հնարավորինս սեղմ ժամկետում այդ կապակցությամբ կայացնել օրենքից բխող արդարացի որոշումներ։

Ասեմ, որ Հատուկ քննչական ծառայությունում ստացվում են նաեւ բազմաթիվ դիմում-բողոքներ՝ կապված այլ քննչական մարմիններում քննվող գործերով անօրինական որոշումներ, ինչպես նաեւ դատարանների կողմից անարդար դատավճիռներ, վճիռներ կամ դատական այլ ակտեր կայացնելու կապակցությամբ, եւ պետք է նշեմ, որ այլ քննչական մարմինների ու նրանց կայացրած որոշումների, ինչպես նաեւ դատարանների եւ դատական ակտերի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու լիազորություններ Ծառայությունը չունի։ Նման դիմում-բողոքներին տրվում են պարզաբանումներ. դիմումատուներին բացատրվում է վերը նշված դատավարական որոշումների եւ դատական ակտերի բողոքարկման դատավարական կարգը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրանք ուղարկում ենք համապատասխան վերադաս դատախազների քննարկմանը։

Հատուկ քննչական ծառայությունում ստացված դիմումների թվաքանակի զգալի աճը վկայում է այն մասին, որ իր գործունեության համեմատաբար կարճ ժամանակահատվածում աճել է հասարակության վստահությունը Ծառայության հանդեպ, այն հասարակության մեջ ձեւավորել է անաչառ նախաքննական մարմնի համբավ:

Ինչ վերաբերում է Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքէջի «Հետադարձ կապ» բաժնին, ապա դրանով հիմնականում ստացվում են տարբեր լրատվամիջոցների հարցումները՝ կապված Ծառայությունում նախապատրաստվող նյութերի եւ քննվող քրեական գործերի ընթացքի հետ։ Իմ անմիջական հսկողությամբ՝ կատարված հարցումներին տրվում են սպառիչ պարզաբանումներ ու պատասխաններ։

Անկեղծորեն ասեմ, որ մենք շատ ենք կարեւորում Ծառայության հանդեպ հասարակության ունեցած վստահության աճը եւ այդ ուղղությամբ կատարում ենք համապատասխան աշխատանքներ։ Մասնավորապես, Ծառայության պաշտոնական կայքէջի միջոցով թույլատրելի սահմաններում լուսաբանվում են քննվող քրեական գործերը, 2010թ.-ին հրատարակվել է Ծառայության կազմավորման, կառուցվածքի, կատարված աշխատանքների եւ վիճակագրության վերաբերյալ ճանաչողական ձեռնարկ, իսկ այս տարի մեր օժանդակությամբ կատարված հետազոտությունների հիման վրա լույս է տեսել ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն, իրավագիտության թեկնածու Վահե Գրիգորյանի «ՀՀ հատուկ քննչական ծառայության կարգավիճակը, գործունեության առանձնահատկությունները եւ կատարելագործման հեռանկարները» վերնագրով գիտագործնական վերլուծությունը, որը հրատարակվել է Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի՝ «Վատ վերաբերմունքի եւ անպատժելիության դեմ պայքարի ուժեղացման» համատեղ ծրագրի շրջանակում։

– ՀՔԾ-ի հասցեին հնչում են տարբեր մեկնաբանություններ, քննադատական, նաեւ, ինչու ոչ, դրական։ Ո՞ր արտահայտությունն է, որ ամենից շատ հնչում է, որի հետ համաձայն չեք եւ ինչո՞ւ։

-Հաճախ Հատուկ քննչական ծառայությունը նույնացվում է ՀՀ գլխավոր դատախազության նախկին քննչական վարչությանը կամ ներկայացվում որպես դատախազության ստորաբաժանում։ Ինչ-որ տեղ դա ընդունելի է քաղաքացիների պարագայում, քանի որ հնարավոր է՝ վերջիններիս թյուրիմացության մեջ է գցում Ծառայության՝ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում գտնվելու հանգամանքը։ Բայց, ցավոք, կան նաեւ զավեշտալի օրինակներ, երբ անգամ իրավապահ այլ մարմինների ստորաբաժանումների ղեկավարներ, առանձին նախարարություններ, որոշ լրատվամիջոցներ Հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված պաշտոնական գրություններում վերջինիս դասում են գլխավոր դատախազության ստորաբաժանումների շարքին։

Մինչդեռ, ինչպես նշեցի, Հատուկ քննչական ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի լիազորությունները, առանձնահատկությունները սահմանված են «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքով. ինչպես ամրագրված է նույն օրենքի 17-րդ հոդվածում. «Հատուկ քննչական ծառայությունը ինքնուրույն պետական մարմին է եւ լիազորություններն իրականացնելիս անկախ է»:

Բոլոր դեպքերում, մեր աշխատանքի թե դրական եւ թե բացասական կողմերի վերաբերյալ կարծիքները մեզ համար կարեւոր են, եւ դրանց հետ կապված որոշակի հետեւություններ ենք անում։

– 5 տարվա կտրվածքով վերլուծելու դեպքում, Ձեր գնահատմամբ, արդյո՞ք ներկայիս օրենսդրական դաշտը բավարար է ՀՔԾ-ի գործունեության արդյունավետությունը լիարժեք ապահովելու համար։

-Մասամբ արդեն անդրադարձա Ձեր հարցին. օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն ինքս տեսնում եմ: Մասնավորապես, կարեւորում եմ ծառայությունում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման, մասնագիտական ¥աուդիտորական¤ խմբերի, ներքին անվտանգության բաժնի ստեղծումը, որոնք կարող են նպաստել Հատուկ քննչական ծառայության գործունեության արդյունավետության լիարժեք ապահովմանը: Բայց դա կապված է ոչ միայն օրենսդրական փոփոխությունների, այլեւ ֆինանսական եւ կազմակերպչական մի շարք խնդիրների հետ, ու դրա իրագործումը բավականին երկար ժամանակ է պահանջում։

Կանդրադառնամ մի հարցի, ինչը խոչընդոտում է Հատուկ քննչական ծառայության առջեւ դրված խնդիրների առավել արդյունավետ իրականացմանը, եւ որը կարող է վերացվել պարզապես «ՀՀ հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու միջոցով։ Խոսքս գործող քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված եւ նախագծով նախատեսված քննչական ենթակայության մասին է։

Հայտնի է, որ քննչական ենթակայությունը քրեական դատավարության կարեւոր ինստիտուտներից մեկն է: Այս ինստիտուտի նորմերը սահմանում են, թե հանցագործության մի շարք հատկանիշներից ելնելով` նախաքննության որ մարմնին է ենթակա գործի նախաքննությունը: Նշված նորմերը կարգավորում են նաեւ քրեական գործի ենթակայության հարցը որոշելու ընթացքում դատախազի եւ նախաքննության տարբեր մարմինների պաշտոնատար անձանց միջեւ ծագող հարաբերությունները:

ՀՀ քրեական դատավարության գործող օրենսգիրքը սահմանել է քննչական ենթակայության հետեւյալ տեսակները՝ առարկայական, տարածքային, անձնական եւ այլընտրանքային։ Վերջինս՝ այլընտրանքային ենթակայությունը, սահմանում է որոշակի քրեական գործեր` նախաքննության տարբեր մարմինների կողմից քննելու հնարավորությունը (օրինակ՝ այն մարմնի, որը հարուցել է տվյալ գործը կամ ում վարույթում բացահայտվել է տվյալ հանցագործությունը):

Քննչական ենթակայության հարցում ինչպես գործող օրենսգրքում, այնպես էլ նախագծում անհիմն նեղացվել են քննչական ենթակայության այլընտրանքի հնարավորությունները: Այսպես, գործող օրենսգրքի 190-րդ հոդվածի 10-րդ մասի եւ նախագծի 186-րդ հոդվածի 10-րդ մասի վերջին պարբերության համաձայն` Հատուկ քննչական ծառայությունը չի կարող վարույթ ընդունել այլ քննիչի ենթակա գործ (բացառությամբ այն դեպքերի, երբ այն առնչվում է հատուկ սուբյեկտի հետ կամ այդ սուբյեկտը գործով տուժող է ճանաչվել):

Կարծում եմ, որ օրենսդրի նման մոտեցումն արդարացված չէ:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ժամանակին փոխարինեց դատախազության քննչական ապարատին, որը կատարում էր առավել ծանր, որոշակի բարդություն եւ հասարակական մեծ հնչեղություն ունեցող քրեական գործերով նախաքննություն: Ծառայությունը համալրվել է պրոֆեսիոնալ եւ փորձառու քննիչներով (մեր քննիչների մասնագիտական միջին ստաժը մոտ 16 տարի է), սակայն քննչական ենթակայության հարցում օրենսդրի` վերը նշված մոտեցման պայմաններում հաճախ քննում են պարզ, որեւէ հնչեղություն չունեցող գործեր: Ավելին, գործող օրենսգրքի 190-րդ հոդվածի դրույթների յուրովի մեկնաբանության արդյունքում ՀՀ հատուկ քննչական ծառայության ենթակայության գործերը մի շարք դեպքերում հանձնարարվում են նախաքննության այլ մարմիններին, մինչդեռ, ինչպես նշեցի, Հատուկ քննչական ծառայությունը չի կարող վարույթ ընդունել այլ քննիչի ենթակա գործեր:

ՀՀ հատուկ քննչական ծառայության ստեղծման նպատակը միայն հատուկ սուբյեկտների կատարած հանցագործոթյունների նախաքննության ապահովումը չէր: Օրենսդիրը նպատակ է ունեցել ստեղծել այնպիսի նախաքննական մարմին, որը դուրս է որեւէ գերատեսչական ենթակայությունից (ի տարբերություն ոստիկանության, պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի, ազգային անվտանգության, հարկային եւ մաքսային մարմինների քննիչների), ուստի եւ` կաշկանդված չէ որեւէ գերատեսչական շահերով: Հենց դա է պատճառը, որ Հատուկ քննչական ծառայությանն է վերապահված նաեւ ընտրական գործընթացների հետ կապված մի շարք հանցագործությունների նախաքննությունը: Այստեղից հետեւություն՝ Հատուկ քննչական ծառայությունն այն կառույցն է, որը պետք է լինի այլընտրանքային եւ անաչառ նախաքննական մարմնի դերում: Անհամեստ չհամարեք, բայց իր գործունեության համեմատաբար կարճ ժամանակահատվածում Ծառայությունը հասարակության մեջ ձեւավորել է հենց այդպիսի մարմնի համբավ եւ վստահություն. մի շարք դեպքերում դատավարության մասնակիցները խնդրում են քրեական գործի նախաքննությունը հանձնարարել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, քանի որ համոզված են, որ Ծառայությունը կարող է ապահովել առավել որակյալ, անկողմնակալ եւ օբյեկտիվ նախաքննություն:

Թվարկված հիմնավորումներից ելնելով` կարծում եմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծում պետք է վերանայվի քննչական ենթակայության հարցը։

Իսկ ընդհանրապես, շատ ավելի ճիշտ եւ օբյեկտիվ կլինի, եթե հանրապետությունում ստեղծվի որեւէ գերատեսչական ենթակայության տակ չգտնվող կենտրոնացված մեկ քննչական մարմին, որի ղեկավարին կնշանակի ՀՀ նախագահը, եւ որը հաշվետու կլինի միայն ՀՀ նախագահին ու ՀՀ ԱԺ-ին։

– ՀՀ նախագահի հանդիպումը իրավապահ մարմինների հետ բազմաթիվ մեկնաբանությունների տեղիք տվեց։ Դրանից հետո դատախազությունում կադրային փոփոխություններ արվեցին։ Ինչպիսի՞ն էր Ձեր արձագանքը։

-Նախ նշեմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմում իրականացված ուսումնասիրության արդյունքում վեր հանված եւ 2012թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ իրավապահ մարմինների ղեկավար կազմի հետ ՀՀ նախագահի անցկացրած խորհրդակցության ընթացքում քննարկման առարկա է դարձել Հատուկ քննչական ծառայությունում քննված միայն մեկ քրեական գործ, իսկ մյուսները եղել են մարզային, ինչպես նաեւ Երեւան քաղաքի դատախազության վերահսկողության տակ գտնվող վարչական շրջանների դատախազությունների դատավարական ղեկավարման ներքո այլ քննչական մարմիններում քննված քրեական գործեր, եւ, հավանաբար, կադրային փոփոխությունները պայմանավորված են հենց այդ գործերի նկատմամբ իրականացված դատախազական հսկողության ընթացքում թույլ տրված խախտումներով։ Բնականաբար, Հատուկ քննչական ծառայությունը նույնպես արձագանքել է ՀՀ նախագահի բարձրացրած հարցերին. Ծառայությունում քննարկվել է ինչպես հիշատակված գործը, այնպես էլ՝ վերոհիշյալ խորհրդակցության ընթացքում ներկայացված հիմնախնդիրները։

Ծառայության անձնակազմի ուշադրությունը հրավիրվել է առկա խնդիրների վրա, միաժամանակ, այդպիսիք վերացնելու, ինչպես նաեւ քննիչների դատավարական լիազորությունների պատշաճ իրականացումն ապահովելու եւ դրանց ձեւական իրականացման հնարավոր դրսեւորումները բացառելու նպատակով տրվել են մի շարք հանձնարարականներ։ Բացի այդ, ՀՀ նախագահի հանձնարարականի համաձայն, գրավոր առաջարկություններ ենք ներկայացրել նախաքննության կազմակերպմանը եւ այն սպասարկող հարակից ոլորտների, մասնավորապես՝ փորձաքննությունների կատարմանը, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացմանն առնչվող խնդիրների համալիր լուծումների վերաբերյալ։

«ԱՌԱՎՈՏ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930