Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու հարցազրույց, անպատասխան հարցեր

Նոյեմբեր 28,2012 13:43

Հայ-ռուսական հարաբերություններում անորոշությունը պահպանվո՞ւմ է

Այն բանից հետո, երբ հայաստանյան մամուլում տեղեկություններ շրջանառվեցին այն մասին, որ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցից հետո Սերժ Սարգսյանը մեկնել է Մոսկվա, ինքնին հասկանալի էր, որ քաղաքական դաշտում այս պահին ճշգրտման կարոտ է մնում ամենակարեւոր հարցը՝ Ս. Սարգսյանը նախագահական ընտրություններին մասնակցելու է Մոսկվայի աջակցությա՞մբ, թե՞ ՌԴ-ն այլ թեկնածուի մեջ է տեսնում ՌԴ շահերի սպասարկումը։

Ս. Սարգսյանի վերադարձից հետո կարելի էր կանխատեսել, որ որոշակի մեսիջներ կլինեն, որոնք թույլ կտան պատկերացում կազմելու, թե ՌԴ իշխանությունները ինչ պահանջներ են դրել Ս. Սարգսյանի առջեւ, հաղթահարվե՞լ են արդյոք խնդիրները, եւ ի վերջո՝ կկայանա՞ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան (ինչը նախագահական ընտրություններից առաջ կարող է ընկալվել որպես Ս. Սարգսյանին աջակցելու ցայտուն ապացույց), որի մասին արդեն մի քանի ամիս խոսակցություններ են գնում, սակայն որոշակիություն այդպես էլ չկա:

Ս. Սարգսյանի վերադարձին հաջորդեցին մի քանի ուշագրավ իրադարձություններ, որոնք որոշակիորեն լույս են սփռում նախընտրական Հայաստանի նկատմամբ ՌԴ իշխանությունների վերաբերմունքի եւ ՀՀ իշխանություններից նրանց ակնկալիքների վրա։

Նախ՝ նոյեմբերի 23-ին Ս. Սարգսյանն ընդունեց Երեւանում անցկացված «Արարատի ստորոտին» մեդիաֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցների ղեկավարների, որոնց հետ Ս. Սարգսյանը խոսել է Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանի մարտահրավերների, դինամիկ զարգացող հայ-ռուսական հարաբերությունների, մեր երկրի տնտեսության եւ ներդրումային միջավայրի մասին: Նկատենք, որ հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ նման հանդիպումներ տեղի չեն ունենում, մամլո ասուլիսներ չեն հրավիրվում:

Նոյեմբերի 26-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը միանգամից երկու հարցազրույց է տվել ռուսաստանյան երկու ԶԼՄ-ների՝ Interfax գործակալությանը եւ «Իզվեստիա» պարբերականին։ Interfax-ին տված ծավալուն հարցազրույցում Տ. Սարգսյանը անդրադարձել է հարցերի լայն շրջանակի՝ հայ-ռուսական հարաբերություններից մինչեւ Իրանի դեմ պատժամիջոցների հետեւանքներին ու սիրիական ճգնաժամին վերաբերող թեմաներին, սակայն ներկայացնենք դրանցից մի քանիսը: Երկկողմ հարաբերություններում ո՞ր համատեղ նախագծերն են առաջնային, կա՞ն լուրջ խնդիրներ երկկողմ համագործակցության ոլորտում՝ հարցերին անդրադառնալիս ՀՀ վարչապետը նշել է. «Ռազմավարական գործընկերային հարաբերությունները ենթադրում են, որ նման համագործակցության հիմքում ընկած է ոչ թե շահի, այլ ընդհանուր արժեքների հասկացությունը, այսինքն՝ համատեղ անցյալի եւ համատեղ ապագայի մեր ընդհանուր տեսլականը: Եթե ռազմավարական գործընկերային հարաբերությունները կառուցվեն միայն շահերի վրա, ապա դրանք հազիվ թե կարելի լինի ռազմավարական անվանել: Ակնհայտ է, որ Հայաստանի եւ ՌԴ-ի հարաբերությունները չեն կառուցվում միայն շահի վրա: Աշխարհում այժմ տեղի են ունենում շատ բուռն գործընթացներ: Աշխարհն արագորեն փոխվում է, ուժեղանում է երկրի փոխկախվածությունը: Մարդկության առջեւ կանգնում են նոր մարտահրավերներ եւ նոր ռիսկեր: Դա նշանակում է, որ մենք պետք է նոր մարտահրավերները, նոր իրողությունները հաշվի առնելով՝ համատեղ փնտրենք մեր ընդհանուր ապագայի կառուցման ուղին: Դա նշանակում է, որ այսօր միանշանակ պատասխաններ չունենք ո՛չ մենք, ո՛չ էլ մեր ռուս գործընկերները: Մենք փնտրտուքի մեջ ենք, ուստի դա պետք է անել համատեղ: Այդ ժամանակ էլ որոշումները կլինեն մեր սեփականությունը, եւ մենք պատասխանատվություն կկրենք մեր ճիշտ եւ սխալ որոշումների համար»:

Գազի գնին վերաբերող հարցին ի պատասխան՝ Տ. Սարգսյանը խուսափել է կոնկրետությունից, թե արդոք իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, որ ՌԴ-ն առաջարկում է 1000 խորանարդ մետրի դիմաց բարձրացնել գազի գինը մինչեւ 330 դոլար: Իսկ հարցին՝ ինչպիսի՞ն է Երեւանի դիրքորոշումը Մաքսային միության եւ Եվրասիական միության հանդեպ, եւ Հայաստանը դիտարկո՞ւմ է այդ կառույցներ մտնելու հնարավորությունը, Տ. Սարգսյանը պատասխանում է. «Հայաստանը հայտարարել է, որ հետաքրքրված է ԱՊՀ եւ ԵվրԱզԷս-ի շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներով: Մեր երկրների նախագահների վերջին հանդիպման ժամանակ այդ հարցը հնչել է, եւ Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ հստակ նկատել է, որ Հայաստանում կա հատուկ մի բան՝ չկան ընդհանուր սահմաններ ԵվրԱզԷս-ի եւ Մաքսային միության հետ: Համաշխարհային պրակտիկայում չկա նման նախադեպ, երբ երկիրը, չունենալով ընդհանուր սահմաններ, մտնի Մաքսային միության մեջ: Այդ իսկ պատճառով նախագահների հանձնարարականով ստեղծվել է աշխատանքային խումբ: Մեր կողմից այն ղեկավարում է էկոնոմիկայի նախարարը, ՌԴ-ի կողմից նույնպես նշանակվել է համապատասխան նախարար: Աշխատանքային խումբը կմշակի միջոցներ, որոնք թույլ կտան խթանել ինտեգրացիոն գործընթացները՝ հաշվի առնելով այդ առանձնահատկությունները»: Տ. Սարգսյանը խիստ կարեւորել է երկաթուղային ճանապարհի վրաց-աբխազական հատվածի բացումը, ինչը նրա խոսքով՝ նշանակում է Վրաստանի միջոցով երկաթուղային հաղորդակցությամբ բեռնափոխադրումներ իրականացնել ՌԴ ու հակառակ ուղղությամբ: «Դա զգալիորեն կբարելավի տրանսպորտային լոգիստիկան եւ կնվազեցնի ծախսերը ներկրողների ու արտահանողների համար»,- նկատել է նա:

Իսկ ահա «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետը նույնիսկ քննադատել է ՌԴ միգրացիոն ծառայությունների կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագիրը: «Ժողովրդագրական խնդիրն առանց այդ էլ առկա է, բնակչության արտահոսքը հատկապես սահմանամերձ գոտուց կհարվածի Հայաստանի շահերին: Այդ իսկ պատճառով մեր ռազմավարական դաշնակիցը չպետք է դիմի քայլերի, որոնք կվնասեն մեր շահերին: Մենք հստակորեն ամրագրել ենք մեր այս հստակ ու աներկբա տեսակետը բոլոր արձանագրություններում»,- ասել է նա՝ միաժամանակ դրական գնահատելով ՌԴ հովանու ներքո ընթացող մյուս նախագծերը. «Մենք հետաքրքրված ենք ԵվրԱզԷս-ի եւ ԱՊՀ-ի շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացներով»,- ասել է նա։ «Իզվեստիա»-ի թղթակիցը փորձել է պարզել վարչապետի տեսակետը ԱՊՀ-ի տարածքում գործող Մաքսային միության հանդեպ: «Հայաստանը մի առանձնահատկություն ունի՝ մեր երկիրը Մաքսային միության հետ ընդհանուր սահման չունի, այդ իսկ պատճառով հարկավոր է համագործակցության մեխանիզմներ մշակել»,- նշել է Տ. Սարգսյանը եւ շարունակել. «Կարծում եմ, որ Մաքսային միությունը իր բնույթով շատ մոտ է ընդհանուր տարադրամային գոտուն: Անհրաժեշտ է ընդամենը հինգ տարի շարունակ համաձայնեցված բյուջետային եւ դրամավարկային քաղաքականություն իրականացնել: Իմ կարծիքով՝ դա ձեռնտու կլինի թե՛ ՌԴ-ի, թե՛ Ղազախստանի եւ թե՛ Բելառուսի համար»։ Տ. Սարգսյանի խոսքով՝ միասնական տարադրամը շահավետ է թե՛ տնտեսվարողների, թե՛ քաղաքացիների համար: «Ինչ իմաստ ունի ազգային տարադրամ պահել եւ դրամ կորցնել փոխանցումների ժամանակ»,- շեշտել է նա՝ չորոշակիացնելով, թե արդյոք ՀՀ իշխանությունների համար դա ընդունելի՞ գաղափար է, թե՞ ոչ:

Ինչ վերաբերում է Հայաստան-ԵՄ համագործակցությանը, ապա Տ. Սարգսյանը հարկ է համարել ընդգծել, որ ՀՀ ղեկավարությունը հստակ պատկերացում ունի հետագա քայլերի վերաբերյալ. «Այսօրվա մեր առաջնահերթությունը Եվրամիության հետ ազատ առեւտրի համապարփակ գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրումն է: Մենք ցանկանում ենք այդ համաձայնագիրը կնքել 2013-ին, թեեւ մեր եվրոպացի գործընկերները կարծում են, որ դա հնարավոր կլինի իրագործել միայն 2014-ին»։

Այսպիսով, թեեւ Տ. Սարգսյանը ռուսական ԶԼՄ-ներին պնդել է, թե ՌԴ-ի հետ Հայաստանը խնդիր չունի, այնուամենայնիվ՝ վարչապետի զույգ հարցազրույցների տոնայնությունը ավելի շատ նոր հարցեր է բարձրացնում, քան պատասխաններ տալիս հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ առկա հարցադրումներին։ Մի կողմից՝ ՀՀ իշխանությունները կարծես պարտավորվածություն են զգում ուշադրության արժանացնել ռուսաստանյան մամուլին, շրջանառվող կասկածները ցրել, մյուս կողմից, սակայն, ակնհայտ է, որ գոնե հարցազրույցներում շոշափված թեմաների շուրջ հարցերը մնում են անպատասխան:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930