Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե Ծառուկյանը լինի ընդդիմության միասնական թեկնածուն, ես երեւի ընտրության չգնամ»

Նոյեմբեր 28,2012 13:40

Ասում է Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը

Այսօր տեղի է ունենալու ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ներառված է 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Հիշեցնենք, որ նման նախաձեռնությամբ հանդես էր եկել ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունը: Նոր հանձնաժողովը, եթե, իհարկե, այն ստեղծվի, հիմնականում ստուգելու է իրավապահ մարմինների գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը: Այն ուսումնասիրելու է 10 անձանց սպանությունների, մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, ՀՔԾ-ի եւ Գլխավոր դատախազության ձեռնարկած գործողություններն ու միջոցառումները, որից հետո պետք է եզրակացություն ներկայացնի Ազգային ժողովին: Հանձնաժողովի խնդիրներն են լինելու բացահայտել, թե ինչ հանգամանքներում են հասցվել մարմնական վնասվածքները, այս դեպքերին պետական կառույցների եւ պաշտոնատար անձանց առնչությունները: Հանձնաժողովն իրավունք է ունենալու հարցումներով դիմել նախաքննության մարմնին, Գլխավոր դատախազությանը եւ անհրաժեշտ տեղեկություններ ստանալ, այցելել ձերբակալվածների պահման վայրեր, հանդիպել պատիժ կրող անձանց: Ըստ անցած ամիս խորհրդարանում շրջանառության մեջ դրված փաստաթղթի՝ հանձնաժողովը հետազոտելու է նաեւ, թե որքանո՞վ են կատարվել ԵԽԽՎ բանաձեւերը, ի՞նչ է արվել Մարտի 1-ի դեպքերի շուրջ նախաքննությանը նոր թափ հաղորդելու նախագահի հրահանգից հետո:

ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը, ով պետաիրավական հանձնաժողովում ներկայացնում է իր կուսակցությունը, նույն օրը Բրյուսելում մասնակցելու է Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստին: Ու որպեսզի իր բացակայությունը չշահարկվի, Բրյուսել մեկնելուց առաջ հաղորդագրություն էր տարածել. «Այնտեղ (Բրյուսելում- Ն. Գ.) ես խնդիր ունեմ ԼՂՀ հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր բարձրացնելու եւ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացմանն ուղղված աշխատանքներ կատարելու: Որեւէ այլ պատճառով սպասվող գործուղումը կարող էի հետաձգել, բայց ոչ այս հարցերի շուրջ: «…» որպես ԲՀԿ միակ ներկայացուցիչ ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի կազմում՝ հայտնում եմ իմ դիրքորոշումը՝ ես կողմ եմ այդ հարցն ԱԺ նիստի օրակագ մտցնելուն»:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ հավատո՞ւմ եք, որ նոր հանձնաժողովը սպանությունները բացահայտելու հնարավորություններ կտա, Ալլա Հովհաննիսյանը՝ Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը, ասաց. «Ես գտնում եմ, որ դա իշխանությունների կողմից շատ խելամիտ քայլ կլիներ, բայց նաեւ լավ գիտեմ, որ իրենք իրենց չեն բացահայտի: Դիմացը նախագահական ընտրություններ են, մի կողմից՝ ձեռնտու է, որ թեկուզ սպանությունները բացահայտելով՝ իրենք ժողովրդի մոտ վստահություն ձեռք բերեն: Մյուս կողմից՝ դա չեն կարող անել, որովհետեւ իրենք են պատասխանատուն: Առաջին շահառուն Սերժ Սարգսյանն է: Դրա համար էլ ես միշտ ասել եմ, որ այս իշխանության օրոք Մարտի 1-ի սպանությունները չեն բացահայտվելու»: Այս համատեքստում անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությանը եւ ԲՀԿ-ի կեցվածքին՝ տիկին Հովհաննիսյանն ասաց. «Բոլոր համագործակցությունները, որոնք ուղղված կլինեն Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալելուն… ոչ միայն ՀԱԿ-ը, թող «Ժառանգությունը», «Ազատ դեմոկրատները», եթե ընդդիմություն են, համագործակցեն ԲՀԿ-ի հետ: Զոհերի ծնողների մոտ իշխանության գալու խնդիր դրված չէ, մի խնդիր է դրված՝ ազատվել այս իշխանությունից, որպեսզի Մարտի 1-ի սպանությունները բացահայտվեն: Դրա համար կոնկրետ իմ կողմից ողջունելի են բոլոր այն համագործակցությունները, որոնք ուղղված են Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալելուն»: Տիկին Հովհաննիսյանը Ռոբերտ Քոչարյանին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողքին չի տեսնում. «Այս հինգ տարիների մեջ կոնկրետ Սերժ Սարգսյանն ինձ համար շատ ավելի վատն է, քան մնացած բոլոր քաղաքական գործիչները: Ինձ համար Սերժ Սարգսյանը հավասար է Ռոբերտ Քոչարյանին, որովհետեւ ինքն այս հինգ տարիների ընթացքում ապացուցեց, որ Ռոբերտ Քոչարյանին հավասար հանցակից է, ոչ մի բանով չի զիջում եւ ամեն ինչ արեց, որպեսզի սպանությունները չբացահայտվեն: Ավելին, արդեն պատվերներ են տալիս հայոց պատմության դասագրքեր ստեղծելու, պատմությունը խեղաթյուրելու, որը միայն եւ միայն իշխանության հրահանգն է: Ես համոզված եմ, որ Էդիկ Մինասյանը ոչ մի կապ չունի դրա հետ: Անգամ՝ երեւի ինքն էլ չի գրել»: Այն, որ ՀԱԿ-ն այսօր փորձում է համագործակցել ԲՀԿ-ի հետ, տիկին Հովհաննիսյանը ողջունում է. «Դա մեզ հույս կներշնչի, որ Սերժի իշխանությունից հնարավոր է ազատվենք: Այս պահին ես արդեն համոզված եմ, որ եթե ինքը եւս հինգ տարի մնա, Մարտի 1-ի սպանությունները չեն բացահայտվելու, եւ գնալով գույներն ավելի մգացվելու են, ինչպես հիմա են անում: Հատուկ քննչական ծառայության երկրորդ զեկույցը առաջինից վատն էր, հիմա դասագիրք են տպագրում, գրում են՝ «երկուստեք հրաձգություն», որը մինչեւ հիմա չի եղել անգամ ոստիկանության խրոնիկայում: Այսինքն՝ այսօրվա դրությամբ մենք վախենալու որեւէ բան չունենք, որովհետեւ Սերժից վատ, Մարտի 1-ի հետ կապված, որեւէ մեկը մեզ համար չի կարող լինել: Իսկ Քոչարյանը, ես չեմ կարծում, որ նա հետ կգա քաղաքականություն, կամ որեւէ մեկը նրա կողքին կկանգնի Մարտի 1-ից հետո»:

Նկատեցինք, որ մարտիմեկյան ողբերգության զոհերի ծնողներից շատերը վերջերս դժգոհություններ էին արտահայտել, որ ՀԱԿ-ը ԲՀԿ-ին հանում է այդ իրադարձությունների մեղավորների ցուցակից, տիկին Հովհաննիսյանը չցանկացավ մեկնաբանել: Միայն իր կարծիքը բարձրաձայնեց. «Այս հինգ տարիների ընթացքում, ՀԱԿ-ից բացի, որեւէ մեկը հետամուտ չի եղել Մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը: Եվ այն ընդդիմադիր ուժերը, որոնք ասում են, որ ՀԱԿ-ը գնում է ԲՀԿ-ի հետ համագործակցության, մոռանում են Մարտի 1-ի էջը եւ այլն, իսկ իրենք այս պահին որեւէ բան անո՞ւմ են Մարտի 1-ի սպանությունների բացահայտման ուղղությամբ, որեւէ դատական ատյանում ինչ-որ մի գործ կատարո՞ւմ են, որ մեզ էլ ասեն՝ ծնողներ, եկեք, այս հարցն առաջ ենք տանում, մեր կողքին կանգնեք: Չկա այդպիսի մեկը: Եվրոպական դատարան որ դիմեցինք, միայն ՀԱԿ-ն է եղել, որ մեր կողքին կանգնել է»: «Առավոտի» դիտարկմանն էլ, որ երբ մարտիմեկյան իրադարձություններն էին տեղի ունենում, այդ ժամանակ ԲՀԿ-ի դիրքորոշումը կարող էր էական լինել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես չեմ ասում, որ ԲՀԿ-ն Մարտի 1-ի հետ որեւէ կապ չունի: Այն ժամանակ կոալիցիայի մեջ գտնվող բոլոր ուժերն էլ պատասխանատվություն կրում են: Գործող իշխանությունը, որը անընդհատ իրեն ծառայող լրատվամիջոցներով շոշափում է ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությունը, Մարտի 1-ը, թող իր մեջ այնքան ուժ ունենա, ազնիվ լինի մեր՝ զոհերի ծնողների առաջ, արդար հետաքննություն իրականացնի, միջազգային փորձագետների ներգրավի, սպանությունները բացահայտի, ու որ ուժը որ պատասխանատու կլինի այդ սպանդի համար՝ թող նա էլ պատասխան տա»: Տիկին Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք նաեւ՝ իր դիտարկումներով՝ ներկայիս քաղաքական դասավորությունն ի՞նչ է հուշում իրեն՝ 2013-ի ընտրություններում տեսանելի՞ է գործող իշխանությունից ազատվելու հնարավորություն: «Իմ ամենամեծ ցանկությունն է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը լինի ընդդիմության միասնական թեկնածուն, բոլորը միանային, անձի խնդիր չդնեին ու մեզ ազատեին այս իշխանությունից»,- ասաց Ալլա Հովհաննիսյանը: Հարցին՝ եթե ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լինի միասնական թեկնածուն, նույն վստահությամբ նրա շուրջ համախմբվելուն կողմ կլինե՞ք, պատասխանեց. «Ճիշտն ասած, եթե Գագիկ Ծառուկյանը լինի ընդդիմության միասնական թեկնածուն, ես երեւի ընտրության չգնամ»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930