Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պատմաբանը եւ պոլիտբյուրոն

Նոյեմբեր 28,2012 13:37

Բուհերի համար նախատեսված Հայոց պատմության դասագիրքը, անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին, արտացոլում է ներկայիս իշխանությունների դիրքորոշումը եւ այդ առումով, բնականաբար, չի կարող հավակնել «պատմական ճշմարտության» դափնիներին: Ես նույնիսկ դա պաշտոնական տեսակետ չէի անվանի, որովհետեւ դասագրքի տեքստում կան որեւէ պաշտոնական փաստաթղթում եւ, մասնավորապես, քրեական գործում տեղ չգտած անհեթեթ, կասեի նույնիսկ՝ անպատասխանատու պնդումներ: Օրինակ՝ «Բախումների ընթացքում երկուստեք օգտագործվեց հրազեն, որի արդյունքում զոհվեց 10 հոգի»: Պատմության համար նման բան ֆիքսելու համար պետք է, հավանաբար, ունենալ որեւէ ծանրակշիռ ապացույց, որ ընդդիմության կամ ցուցարարների կողմից զենք է կիրառվել, իսկ նման ապացույց գոյություն չունի: Մարտի 1-ին վերաբերող դասագրքի ամբողջ տեքստը, ինձ թվում է, վկայում է այն մասին, որ թե Էդիկ Մինասյանը, թե ամբողջ «ստեղծագործական կոլեկտիվը» բարեխիղճ չէին եւ տուրք տվեցին խորհրդային ոճի կոնֆորմիզմին:

Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է մեկ այլ հարց. կա՞ արդյոք այդպիսի բան՝ «պատմական ճշմարտություն»: Եվ եթե նույնիսկ կա ընդհանրապես, կարո՞ղ է գոյություն ունենալ այն դեպքում, երբ իրադարձությունը տեղի է ունեցել ընդամենը 4,5 տարի առաջ, եւ բոլոր շահագրգիռ կողմերը շարունակում են զբաղվել քաղաքականությամբ, իսկ դա, ինչպես հայտնի է, խիստ փոփոխական իրավիճակներ է ստեղծում: Եթե այսօր այդ դասագիրքը գրի ՀԱԿ անդամը, նա կգրի՞, օրինակ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պնդում էին, թե մարտի 1-ի ջարդերին մասնակցում էին հայտնի օլիգարխների, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի թիկնապահները: Թե՞ այսօր ՀԱԿ-ի պոլիտբյուրոյի «հորդորով» նա այդ նախադասությունը կջնջի: Իսկ վաղը՝ «իրավիճակի փոփոխությունից» հետո, նույն տողերը, շատ հնարավոր է, նորից կգրի: Եվ եթե պատմաբանը պետք է շարժվի որեւէ «պոլիտբյուրոյի» ցուցումով, կարո՞ղ է նա արդյոք սերունդներին թողնել ճշգրիտ տեղեկություններ:

Բայց փորձեմ էլ ավելի բարդացնել խնդիրը եւ անկեղծորեն պատասխանել հետեւյալ հարցին՝ իսկ եթե պատմության դասագրքի այդ մասը հանձնարարեին գրել ինձ, ես կկարողանայի՞ վեր կանգնել իմ սեփական էմոցիաներից: Օրինակ՝ այն հանգամանքից, որ Ռոբերտ Քոչարյանը փակել է «Ա1+»-ը, կամ՝ որ նույն մարտի 1-ից 20-ը արգելել էր բոլոր նորմալ լրատվամիջոցների գործունեությունը: Պատմություն գրողը մարդ է, եւ եթե նա այսպես թե այնպես վերապրել է այն ժամանակաշրջանը, որի մասին պատմում է, ապա բացառված է, որ նա զերծ մնա շարադրանքի մեջ իր ապրումները ներդնելուց;

Կարեւորը, կարծում եմ, այն է, որ ամեն մեկը խոսի իր, ոչ թե իր «պոլիտբյուրոյի» կամ քաղաքական թիմի անունից: Հակառակ դեպքում կստացվի այն արդյունքը, որն առկա է Հայոց պատմության տխրահռչակ դասագրքում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930