Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի ու նրա թիմի աշխատանքի գնահատականը. «3-», կամ «Մեղմ ասած՝ հիացած չենք այդ աշխատանքով»

Նոյեմբեր 28,2012 13:29

Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում «Արտաքին հարաբերություններ և անվտանգություն» խորագրով հատվածում ամրագրված է. «Մեր երկրի արտաքին քաղաքականությունը պետք է դառնա ավելի ակտիվ և նախաձեռնող` ապահովելով Հայաստանի ազդեցիկ մասնակցությունը միջազգային և հատկապես տարածաշրջանային գործընթացներին»:

Իսկ ի՞նչ են ցույց տալիս ՀՀ նախագահի և նրա թիմի՝ հինգ տարվա կատարած աշխատանքները, ի՞նչ արդյունքներ ունենք արտաքին քաղաքականության ոլորտում:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի կարծիքով՝ դրական առաջընթացներ չկան: Նա Aravot.am-ի հետ զրույցում մանրամասնեց. «Դաշնակցությունը միշտ էլ արտաքին քաղաքականության հետ կապված իր վերապահումները ներկայացրել է: Մենք այն կարծիքին չենք, որ նախորդ հինգ տարիների ընթացքում արտաքին քաղաքականությունը եղել է նախաձեռնողական և ակտիվ, քանի որ դատում ենք արդյունքներից, ինչ ունենք վերջնաարդյունքում: Մենք ունենք հայ-թուրքական հարաբերությունների անմխիթար վիճակ, քան ունեինք մինչ այդ, արձանագրություններն այս տեսքով մեզ համար անընդունելի են և չեն կարող իրականություն դառնալ: Ըստ էության՝ ԼՂ հարցով չենք կարող ասել, որ դրական տեղաշարժ ունենք: Թերևս ԵՄ հետ կապված հարաբերություններում որոշակի դրական առաջընթաց ունենք, որը չնկատել չի կարելի»:

Հստակեցում մտցնելով՝ հարցրեցինք՝ ասվածից կարելի՞ է եզրակացնել, որ ՀՀ նախագահն ու նրա թիմը լավ աշխատանք չեն կատարել և նախագահը խոստումը չի կատարել: Պարոն Համբարձումյանն ասաց. «Մեղմ ասած՝ հիացած չենք այդ աշխատանքով»:

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը կատարված աշխատանքը 5 բալանոց սանդղակով գնահատեց «3-» և հարցադրմանն ի պատասխան՝ նշեց. «Մի բան է ունենալ ակտիվ և նախաձեռնողական քաղաքականություն, այլ բան է, թե ինչ շահեցինք դրանից: Արդյունքների առումով կան լուրջ խնդիրներ: Թե չէ՝ քաղաքականությունը կարելի է կոչել ինչպես ասեք, էլ ակտիվ, նախաձեռնողական, նախշուն, էլ ծաղկավոր: Դա ածականների հարց է, այլ ոչ թե ըստ էության»:

Գնահատելով արդյունքները՝ քաղաքագետը նկատեց. «Հայ- թուրքական հարաբերությունների բարելավման առումով ունենք զրո արդյունք, ղարաբաղյան կարգավորման առումով՝ զրո արդյունք, Ռուսաստանի հետ հարաբերություններում կախվածությունը որևէ փոփոխություն չկրեց, մի բան էլ խորացման միտումներ է դրսևորում: Այսինքն՝ այդտեղ էլ զրո արդյունք: Հռետորաբանության առումով Արևմուտքի հետ ինչ- որ մերձեցման խնդիրների լուծելուն միտված տարրեր եմ տեսնում, բայց շատ զգուշավոր պլյուս կդնեի: Էլ չասեմ, որ արտաքին քաղաքականությունից Հայաստանի տնտեսությունը որևէ օգուտ չի ստացել, Հայաստանի արտահանման շուկաները չեն ընդլայնվել, մեր տնտեսական ցուցանիշների վրա որևէ հետք չի թողել: Եթե այս արտաքին քաղաքականությունը որևէ մեկին հաճելի է ակտիվ և նախաձեռնողական անվանել, կօգնեմ այլ ավելի գեղեցիկ ածականներ կպցնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930