Նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում «Վազ 2101» մակնիշի 22 ՍՍ 585 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, այնուհետև բախվել հսկայական ծառին և մոտ 20 մետր գլորվել ձորակը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 4 հոգի, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ վարչության պետ Արման Ցոլակյանը և Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:
Մահացածին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարար վարչության Չարենցավանի հրշեջ փրկարարական ջոկատը՝ երկու մարտական հաշվարկով:
Այս պահին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Չարենցավանի քննչական բաժանմունքի քննիչները վթարի վայրում քննչական գործողություններ են կատարում: Ձեռնարկվում է օպերատիվ քննչական միջոցառումներ՝ պարզելու համար վարորդի, մահացած և վիրավոր անձանց ինքնությունները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների, մահացածը և վիրավորները աշխատում են Ոստիկանության պահպանության վարչության Շենգավիթի բաժնում և նրանք վերադառնալիս են եղել Գեղարքունիքի մարզում թաղման արարողությունից:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի