Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ Հայաստանի ազգային արխիվը հրատարակել է «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: Վերապրածների վկայություններ» փաստաթղթերի եռահատոր ժողովածուն: Այսօր այս մասին «Հենարան» ակումբում հայտնեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Նա նշեց, որ եռահատորում ներկայացված են Հայոց մեծ Եղեռնը վերապրածների վկայությունները, որոնցում, անժխտելի փաստերի հիման վրա, բացահայտված են թուրքական իշխանությունների կողմից 1915թ հայ բնակչության ոչնչացմանն ուղղված ծրագրերը եւ իրականացրած գործողությունները:
Վիրաբյանի խոսքով. «Ականատեսների վկայությունները հավաքվել են 1916թ-ին: Ականատեսները պատմում են, թե ինչպես են փրկվել, ինչպես են տեղահանվել եւ կոտորվել իրենց հարազատները: Զարմանում եմ, թե ինչու վկայություններն ամփոփող փաստաթղթերին ուշադրություն չեն դարձնում: Մինչ օրս հրապարակվել են դիվանագիտական փաստաթղթեր, որոնցում խոսվում է Թուրքիայի կատարած գործողությունների մասին: Սակայն ականատեսների վկայությունների կենտրոնում մարդն է ու նրա խախտված իրավունքները, որոնք մեծ դեր ունեն Միջազգային իրավունքում: Բացի այդ, եռահատորում տեղեկություններ կան ցեղասպանությունն իրականացնողների մասին»:
Կարդացեք նաև
Ամատունի Վիրաբյանն ասաց, որ 1000 օրինակով լույս տեսած եռահատորը վաճառքում կլինի հաջորդ շաբաթվանից. «Վաճառքից ստացված հասույթն օգտագործվելու է հատորյակները մեկ գրքում ամփոփելու եւ թուրքերեն, ռուսերեն, անգլերեն հրատարակելու համար: Թուրքիայում տեղյակ են ժողովածուի մասին եւ սպասում են թուրքերեն տարբերակին: Այժմ աշխատանքներ են տարվում ժողովածուի 4-րդ հատորի կազմման ուղղությամբ. հատորում կընդգրկվեն Կիլիկիայի հայերի վկայությունները: Իսկ 5-րդ հատորում ամփոփվեն Արեւմտյան Հայաստանի սահմաններից դուրս գտնվող հայաշատ տարածքներում հայ բնակչության տեղահանության եւ կոտորածի մասին վկայություններ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Տեսանյութը՝ «Ա1+»-ի