Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում իր եւ Գագիկ Ծառուկյանի առաջադրման մասին գրառում էր արել, որտեղ նշել էր, որ Գագիկ Ծառուկյանը հավանություն է տալիս, իր թեկնածությանը, բայց կուսակցությունը Ծառուկյանին է ուզում: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության անկուսակցական պատգամավոր Թեւան Պողոսյանը մեր հարցին՝ այդ գրառումից կարո՞ղ ենք ենթադրել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է ուզում, որ Վարդան Օսկանյանը առաջադրվի, պարտադրում է Գագիկ Ծառուկյանին, հաշվի առնելով, որ Վարդան Օսկնանյանը հասարակության մեջ այսպես ասած «Ռոբերտ Քոչարյանի մարդ» է դիտարկվում՝ նա պատասխանեց. « Ես կասեի՝ ոչ: Կուսակցության ներքին խնդիրն է, թե իրենք ում կորոշեն դնել: ԲՀԿ-ակաները, օրինակ, Վահան Բաբայանն էլ նշեց, որ ամբողջ կուսակցությունը ցանկանում է, որ լինի պարոն Ծառուկյանը: Այստեղ հարցը պետք է ուղղել Գագիկ Ծառուկյանին՝ իսկ ինչո՞ւ է ինքը, իմանալով, որ ամբողջ կուսակցությունն ուզում է, որ ինքը առաջադրվի, ի սկզբանե ինքը ցանկացավ, որ լինի Վարդան Օսկանյանը»:
Մեր հարցին՝ ըստ ձեզ ի՞նչ տարբերություն կա Վարդան Օսկանյանի եւ Գագիկ Ծառուկյանի միջեւ՝ Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Օօօօ՜, շատ մեծ տարբերություն: Տարբեր մարդիկ են: Նախագահականի ժամանակ անհատների խնդիր է՝ իրենց կամային ունակությունների, արտաքին հարաբերությունների ընկալմամբ»:
Մեր հարցին՝ ըստ Ձեզ, ո՞ւմ վարկանիշն է ավելի բարձր՝ նա պատասխանեց. «Ինձ համար՝ բարձր է Րաֆֆի Հովհաննիսյանի վարկանիշը: Իսկ Վարդան Օսկանյանն ու Գագիկ Ծառուկյանը տարբեր մարդիկ են, չեմ կարող գնահատել: Իրականության մեջ նրանց գնահատելը համարում եմ անշնորհակալ աշխատանք: Պարոն Օսկանյանի հետ ունեցել եմ նախկինում համագործակցություն, երբ որ ես եղել եմ վերլուծական կենտրոնի ղեկավար, ինքը եղել է արտաքին գործերի նախարար: Եղել եմ Ղարաբաղի ներկայացուցիչ ԱՄՆ-ում, իսկ ինքը եղել է ՀՀ արտգործնախարար: Պարոն Ծառուկյանը իր սոցիալական գաղափարով է հայտնի հասարակությանը՝ բարեգործի իմաստով: Դժվար է այսօր համեմատել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ