Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրակաշառք բաժանելու մեղադրանքի պատասխանը. նման շենքեր չկան

Նոյեմբեր 28,2012 12:23

 Հատվածներ Ավան, Նոր Նորքի թիվ 1 ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ թեկնածու ՌՈԲԵՐՏ ՍԱՐԳՍՅԱՆՒ հարցազրույցից:

   -Պարոն Սարգսյան, ինչո՞ւ քարոզարշավի ողջ ընթացքում ոչ մի ասուլիս չունեցաք, բանավեճերի չմասնակցեցիք:
-Գերադասում եմ քարոզարշավի ամեն օրը արդյունավետ օգտագործել եւ հնարավորինս հաճախակի ու գործնական հանդիպումներ ունենալ ընտրատարածքի բնակիչների՝ իմ ընտրողների հետ: Այդ հանդիպումներում իրական ու շահագրգիռ բանավեճեր են ծավալվում, ինչն էլ հնարավորություն է տալիս անմիջականորեն քաղաքացուց լսել, թե ընտրատարածքում առաջնային լուծում պահանջող ինչ հիմնահարցեր կան, որ լուծումներն են առավել նախընտրելի:
Հավատացած եմ, որ ժողովրդի հետ հանդիպումները անհամեմատ օգտակար ու արդյունավետ են, քան մի մոխրամանի կշիռ ու պարունակություն ունեցող ասուլիսները: Դատելով իմ մրցակցի վարած քարոզարշավից, բանավեճը աննպատակահարմար եմ համարում, քանի որ բանավեճի յուրաքանչյուր փորձ անմիջապես վերածվելու է քաղաքական շահարկման ու իմաստազրկվելու է:

   -Ձեր մրցակիցները կոռե՞կտ քարոզարշավ վարեցին, թե՞ պայքարը այլ դրսեւորումներ եւս ունեցել է: Ձեր մրցակիցներից մեկը, օրինակ, պնդում է, որ խուսափել եք բնակիչների հետ հանդիպումներից: 
-Իմ եւ շտաբի բոլոր գործողություններում կոռեկտությունն է եղել չափանիշ։ Մենք մեր մրցակիցներից որեւէ մեկի գործողությունները կամ վարքը չենք էլ ուզում գնահատել: Ավելի կոշտ պայքար մղելու, առավել խիստ քարոզչական քայլեր կատարելու առիթներ մեր մրցակիցները տվել են, սակայն ձեռնպահ ենք մնացել հակադարձվելուց: Ընդամենը չորս օր հետո իր քվեարկությամբ ժողովուրդը կգնահատի, թե ով ինչպես է աշխատել:
Մենք լավ գիտակցում ենք, որ մրցակցային պայքարում հաջողության հասնելու շանսեր չունեցող թեկնածուն նաեւ ոչ քաղաքական, ոչ ընտրական հնարքներ պետք է օգտագործի, որ հետո իր անիրագործելի հավակնությունները կարողանա արդարացնել: Մենք ուղղակի ջանացել ենք թույլ մրցակիցների այդ քայլերը չնկատել եւ ուժեղի դիրքերում մնալ:

   -Բայց ձեր մրցակիցը պատրաստվում է ԿԸՀ դիմել՝ ձեր թեկնածության գրանցումը չեղյալ համարելու նպատակով: Ճի՞շտ է, որ դուք չափից շատ շտաբներ ունեք: Իրո՞ք համայնքի բնակիչներին խոստացել եք ընտրակաշառք բաժանել:
-Ծանոթ եմ այդ անհիմն մեղադրանքներին: Հավաստիացնում եմ, որ քարոզարշավի ողջ ընթացքում մեր կատարած որեւէ քայլ Ընտրական օրենսգրքի որեւէ դրույթ կամ պահանջ չի խախտել: Քարոզչական նյութերի ոչ մի քանակական գերազանցում թույլ չենք տվել, իսկ շտաբների թվային տվյալների մասին մեր մրցակցի տեղեկատվությունը պարզ խաբկանք է, քանի որ ԸՕ-ում նախընտրական շտաբների թիվը սահմանափակող որեւէ դրույթ չկա:
Նաեւ տեղեկացնեմ, որ Ավան եւ Նոր Նորք համայնքներում Հանրապետականը մեծ թվով կուսակցական գրասենյակներ ունի, եւ տեղական կառույցը, բնականաբար, ակտիվ մասնակցում է մեր շտաբի քարոզչական աշխատանքին:
Հենց այսպես է դրսեւորվում հզոր կուսակցության առավելությունը: Եթե մեր մրցակիցը իրեն առաջադրած կուսակցության նման աջակցությունը չունի, մենք չէ, որ մեղավոր ենք: Բայց նաեւ դա չպետք է առիթ դառնա, որ կուսակցական գրասենյակները թեկնածուն շփոթի նախընտրական շտաբի հետ:
Իսկ որպես կուսակցական ակտիվիստի՝ հուշեմ, որ քաղաքական կուսակցությունները հենց ընտրությունների ժամանակ ժողովրդի վստահության քվեն ստանալու համար են, որ պետք է գործադրեն ողջ ներուժը, ոչ թե սահմանափակվեն մրցակցին անհիմն ու պարբերաբար վատաբանելով:
Ընտրակաշառք, ըստ թեկնածուի, մենք առաջարկել ենք Ավան վարչական շրջանի Ավետիք Իսահակյան թաղամասի 2-րդ, 3-րդ, 4-րդ շենքերի բնակիչներին: Այս պարագայում թեկնածուն կամ հաստատում է, որ անգամ ընտրատարածքին ծանոթ չէ, կամ էլ միտումնավոր սխալ հասցե է նշել, որ խուսափի պատասխանատվությունից:
Մեր շտաբի աշխատակիցները նշված հասցեներում համապատասխան ներքին ստուգումներ կատարել են: Պարզվել է, որ Ավետիք Իսահակյան թաղամասում 2-րդ եւ 3-րդ շենքեր չկան, իսկ 4-րդում մեր կենտրոնական շտաբն է: Կարծում եմ, թեկնածուն հատուկ ծրագիր կամ հանձնարարություն է իրականացնում եւ իր նպատակին հասնելու համար բոլորովին էլ պարտադիր չէ, որ ներկայացրած տվյալները ճիշտ լինեն: Իսկ եթե նման փաստ կա, ապա թեկնածուն թող նշի, թե ով է նման առաջարկ արել եւ որ ընտրողներին:

Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930