Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկական բանակի առաջին զինվորներից. «Դաժան մարտերից հետո ետ վերցրեցինք Սրաշենը, իսկ թուրքերը 6 դիակ թողեցին ու փախան»

Նոյեմբեր 28,2012 12:05

Օրերս Armenia Deluxe Complex-ում տեղի ունեցավ «DELUXE ՈՍԿԵ ԱՇՈՒՆ» փառատոնը` նվիրված Արցախյան գոյամարտն անցած ազատամարտիկներին:

Aravot.am-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ Արման Կարապետյանը հայտնեց, որ միջոցառումը նախաձեռնելիս չի գտնվել որեւէ հովանավոր, ով կհամաձայներ ազատամարտիկների ընտանիքներին դրամական օգնություն ցուցաբերել. «Սակայն ամեն բան արեցինք, որ միջոցառումը տեղի ունենա. հրավիրել ենք նաեւ ազատամարտիկներին, որպեսզի նրանք երիտասարդների հետ շփվեն, քանի որ միմյանցից շատ բան ունենք սովորելու: Երեկոյի ընթացքում կլինեն երաժշտական եւ պարային համարներ, ասմունք եւ պարգեւատրումներ, աշնանային նորաձևություն»:

Արման Կարապետյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի այս ժամանակահատվածում «Երիտասարդության կամք» եւ «Անմար կրակներ» ռազմահայրենասիրական կազմակերպությունները եղել են Արցախում, այցելել Մոնթե Մելքոնյանի հուշակոթողին եւ միջոցառում կազմակերպել. «Մոնթեն, Լեոնիդ Ազգալդյանը եւ մյուս ազատամարտիկները օրինակելի հայեր են, որոնց կատարած գործը սուրբ է: Կարծում եմ` խաղաղ ժամանակ էլ պետք է պատրաստ լինենք պատերազմի, քանի որ հրադադար է հաստատված: Առհասարակ, հայ երիտասարդը շատ բան ունի սովորելու Արցախյան հերոսամարտի ազատամարտիկներից: Այսօր քչերը կթողնեն իրենց ընտանիքը եւ կգնան պատերազմի: Պարտադիր չէ զոհվելուց հետո միայն հարգել ազատամարտիկներին: Նրանցից շատերը ներկայումս կենդանի լեգենդներ են, որոնց գործը մենք պետք է շարունակենք»:

Armenia Deluxe Complex-ի ներկայացուցիչ Սոֆի Մանուկյանի խոսքով. «Շնորհիվ ազատամարտիկների` ունենք հայրենիք, իսկ մեր երեխաները մեծանում են ամուր հիմքերի վրա դրված պետականություն ունեցող երկրում: Մենք գիտակցում ենք Ղարաբաղյան պատերազմում թափված արյան յուրաքանչյուր կաթիլի կարեւորությունը»:

«Երիտասարդության կամք» երիտասարդական ՀԿ-ի փոխնախագահ Աշոտ Զաքարյանն ասաց, որ Հայկական բանակի առաջին զինվորներից է եղել, պաշտպանել է Մեղրիի սահմանները: «1992-1993թթ Մեղրիում գործում էին ինքնապաշտպանական ջոկատներ, որոնց հետ համագործակցում էինք: Մինչ օրս հիշում են այն դեպքը, երբ ադրբեջանցիները վերցրել էին Կապանի Սրաշեն գյուղը: Մեզ տագնապով Մեղրիից տարան Կապան…Դաժան մարտերից հետո գյուղը ետ վերցրեցինք, իսկ թուրքերը վեց դիակ թողեցին ու փախան»,-պատմեց նա:

Զաքարյանը նշեց, որ այսօր շատ մարդիկ չգիտեն մեր ազգային հերոսներին. «Խնդիրը դպրոցից է գալիս: Արցախյան հերոսամարտը պատշաճ մակարդակի վրա չի ներկայացվում: Շատ ազատամարտիկներ գրել են երգեր եւ բանաստեղծություններ, որոնք չեն լուսաբանվում: Օրինակ` գուսան Հայկազունի երգերը շատ են կատարում, բայց չգիտեն, թե ով է հեղինակը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930