Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի սպանվածների հարազատներին ոչ մի կոպեկ չեն տվել՝ 73 մլն դրամ փոխհատուցել են խանութների սեփականատերերին

Նոյեմբեր 28,2012 11:45

Այսօր ԱԺ-ում Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Մարտի 1-ի ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Զեկուցողը՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը ներկայացրեց, թե ինչու է անհրաժեշտ այդ հանձնաժողովը եւ բացահայտեց Մարտի 1-ի դեպքերին առնչվող մի քանի ուշագրավ փաստեր: Կառավարության 29 մայիսի 2008-ի որոշմամբ «Երեւան» հիմնադրամին կառավարությունը փող է հատկացրել՝ 73 մլն 943 հազար դրամ՝ որպես զանգվածային անկարգությունները վերացնելու նպատակով պետական օժանդակություն այդ հիմնադրամին. «Դա տրվել է իբր ջարդված խանութների սեփականատերերին: Բայց մեր սպանվածներին, հարյուրավոր վիրավորներին ոչ մի դրամ մինչ օրս մեր իշխանությունները չեն փոխհատուցել»:

Նախորդ հանձնաժողովի խնդրին անդրադառնալով՝ նա ասաց, որ կարող եք մտածել, որ ինչ-որ քաղաքական նպատակներից ելնելով ենք ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցը բարձրացնում. «Եթե դուք ուշադիր ծանոթանաք մեր կողմից ստեղծվող հանձնաժողովի խնդրին եւ Նիկոյանի հանձնաժողովի խնդիրներին, կհամոզվեք, որ 98 տոկոսով տարբերվում են խնդիրները: Նիկոյանի հանձնաժողովի ստեղծման համար նշված է՝ Մարտի 1-ի իրադարձությունների եւ դրանց պատճառերի վերաբերյալ ԱԺ եզրակացություն ներկայացնելու համար: Իսկ խնդիրները սրանք են՝ ուսումնասիրել տեղի ունեցած բռնությունները, ինչպես նաեւ ոստիկանների գործողությունների իրավաչափ գործունեությունը, զոհվածների մահվան հանգամանքները ճշտել եւ այլն: Իսկ նոր ստեղծվելիք հանձնաժողովը փորձում է այլ խնդիրներ լուծել՝ Մարտի 1-ին 10 անձանց սպանությունների հրազենային եւ այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ոստիկանության, հատուկ քննչական ծառայության ձեռնարկած միջոցների օրինականության եւ հիմնավորվածության հարցը ուսումնասիրելու եւ ԱԺ եզրակացություն ներկայացնելու համար: Խնդիրներն են՝ ուսումնասիրել սպանությունների, հրազենային մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքները, պետական կառույցների եւ պաշտոնատար անձանց ունեցած առնչությունները՝ այդ դեպքերին: Տեսեք, որ ակնհայտորեն տարբեր խնդիրներ են»:

Գագիկ Ջհանգիրյանը նաեւ նշեց, որ ստեղծվելիք հանձնաժողովը չի զբաղվելու նոր փաստերի հայտնաբերմամբ, եթե ընթացքում կհայտնաբերվեն նոր փաստեր՝ կտան համապատասխան մարմինների քննությանը:

Ըստ պարոն Ջհանգիրյանի, «Մինչեւ այսօր Ազատության հրապարակում Մարտի 1-ին գործադրած օպերացիան չեն կարողանում իշխանությունները բացատրեն: Օպերատիվ հետախուզական գործողությո՞ւն էին կատարում, թե՞ հանրահավաքների արգելման համար բռնություն էին կիրառում: Այդ դեպքում ինչո՞ւ հիմա ոչ մի հայտնի ընդդիմադիրի չեն դատապարտել՝ զանգվածային միջոցառում կազմակերպելու կամ մասնակցելու համար այդ միջոցառմանը: Ի սկզբանե ոստիկանության ձեռնարկած գործողությունները ապօրինի էին, դրանք չեն կարող տեղավորվել քննչական ծառայության գործերի մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930