ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ երեկ հրապարակած «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» պարբերական զեկույցը սահմռկեցուցիչ իրավիճակ է ներկայացնում։
Դե, աղքատության 35 տոկոսանոց մակարդակը, պետք է նկատել, սպասելի էր։ Բայց որ ավելացել է ծայրահեղ աղքատությունը, դա, ճիշտն ասած, անակնկալ է նույնիսկ ամենահոռետեսների համար։ Ի՞նչ է ստացվում։ Իշխանությունը պատեհ-անպատեհ հայտարարում է Հայաստանում արձանագրված տնտեսական աճի, տնտեսության դիվերսիֆիկացիայի, գործազրկության նվազման, աշխատավարձերի բարձրացման մասին, բայց ծայրահեղ աղքատների թիվը, նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն, աճում է։ Բայց սա ընդամենը մակերեսին ընկած պաշտոնական ցուցանիշներն են։
Կան այլ տվյալներ, որոնք փաստում են մեր երկրի ավելի խորքային խնդիրների մասին։ Այսպես, ըստ նույն զեկույցի, բնակչության առավել հարուստ 10 տոկոսի եւ առավել աղքատ 10 տոկոսի եկամուտների հարաբերությունը կազմել է 14.8: Այսինքն, հարուստների եկամուտները 14.8 անգամ գերազանցում են ամենաաղքատների եկամուտներին։ Սա, ինքնին, արդեն իսկ խոսուն ցուցանիշ է, բայց ամենասարսափելին այն է, որ այդ հարաբերակցությունը նախորդ տարվա համեմատ աճել է՝ 2010 թվականին այդ հարաբերակցությունը 14.2 անգամ էր։
Այլ կերպ ասած, կառավարության արձանագրած տնտեսական աճի արդյունքում՝ աղքատներն ավելի են աղքատացել, իսկ հարուստներն ավելի են հարստացել։ Դասական բռնապետական-օլիգարխիկ երկրի պատկեր։ Այդպես լինում է այն երկրներում, որտեղ իշխող կլանն իր ձեռքն է կենտրոնացնում տնտեսությունը եւ իր հարստությունը պահպանելու համար բռնապետական ռեժիմ է մտցնում։
Կարդացեք նաև
Մի քանի դրվագ ամենահարուստների եւ ամենաաղքատների կյանքից։ Ըստ ԱՎԾ-ի տվյալների, հարուստները մոտ երեք անգամ ավելի շատ են միս, պանիր, ձկնամթերք ուտում, քան աղքատները։ Կարագը՝ 4 անգամ։ Ըստ տարիքային խմբերի՝ ամենաաղքատը մինչեւ 5 տարեկան երեխաներն են։ Մինչեւ 5 տարեկան երեխաների ավելի քան 45 տոկոսը աղքատ է։ 6-ից 9 տարեկան երեխաների 42.2 տոկոսն է աղքատ, 10-ից 14 տարեկան երեխաների՝ 39.1 տոկոսը… Ընդ որում, մեր ամբողջ բնակչության մոտ 22 տոկոսն ահա այսպիսի աղքատ երեխաներն են։
Եվս մի ուշագրավ ցուցանիշ։ Եթե 2008 թվականին բարձրագույն կրթություն ունեցողների 14.7 տոկոսն էր աղքատ եւ 0.4 տոկոսը՝ ծայրահեղ աղքատ, ապա 2011 թվականին այդ կատեգորիայի 19.4 տոկոսն է աղքատ եւ 1.3 տոկոսը՝ ծայրահեղ աղքատ։ Սա, թերեւս, Հայաստանում վարվող «գիտելիքահենք» տնտեսության ներդրման առաջին արդյունքներն են։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Հայկական ժամանակ»