Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բլեֆ»-ի հակառակ կողմը

Նոյեմբեր 28,2012 11:22

ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը հայտարարել է, թե ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության վրա պետք չէ կենտրոնանալ, որովհետև վաղը կարող է պարզվի, որ «տակը լուրջ բան էլ չկա»: Այս գնահատականը բավականին հետաքրքիր է: Այն կարծես թե շատ քիչ դիտարկված տեսանկյուն է ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության «պատմության» կոնտեքստում:

Մինչ այժմ այդ պատմությունն առավելապես ընկալվել, դիտարկվել, վերլուծվել և մեկնաբանվել է լուրջ քաղաքական իրադարձության, լուրջ գործընթացի, երկրի համար ճակատագրական զարգացման կոնտեքստում: Իհարկե, սա ամենևին էլ հասարակության կամ դիտորդների ինքնագործունեության կամ երևակայության հետևանք չէ, այլ սուբյեկտների ինքնամատուցման արդյունք: ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ամեն ինչ արեցին ցույց տալու համար, որ իրենց միջև տեղի է ունենում դարի գործարք, դարի դաշինք, և այն հանդիսանալու է նոր Հայաստանի արշալույսը: Արշալույսի մասով, իհարկե, հանրությունը, մեղմ ասած, առավել զուսպ գտնվեց իր ընկալումներում և դուրս չեկավ փողոց ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի շուտափույթ միավորման պահանջով, սակայն այն, որ այս դաշտում տեղի է ունենում բավականին լուրջ և հնարավոր է նաև Հայաստանի համար ճակատագրական գործընթաց, կարծես թե բոլորի համար էր համոզում: Բայց երևի թե արժե դիտարկել այս ամենը նաև ներքաղաքական «բլեֆի» տեսանկյունից:

Հրանտ Բագրատյանը կամա, թե ակամա ակնարկում է գուցե այս «բլեֆի» մասին: Այսինքն` ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն իրականում ընդամենը «բլեֆ» են անում Սերժ Սարգսյանի համար, որպեսզի նա այդ տանդեմի միավորման գաղափարից վախեցած, տագնապած` փորձի հրավիրել նրանց առանձին-առանձին և լեզու գտնել: ՀԱԿ-ը հույս ունի, որ Սարգսյանը կհրավիրի հենց իրեն, իսկ ԲՀԿ-ն էլ, բնականաբար, հույս ունի, որ Սերժ Սարգսյանն իրեն է հրավիրելու և փորձելու որևէ գին վճարել ՀԱԿ-ի հետ դաշինքից խուսափելու համար: Այսինքն` դաշինքը երկու կողմին պետք է Սերժ Սարգսյանի վրա հնարավորինս թանկ գնով վաճառելու համար, քանի որ երկու ուժն էլ միգուցե հասկանում են, որ խորքային իմաստով իրենց դաշինքը անգամ իրական լինելու դեպքում հեռանկար չունի, բայց չունի նաև իրական լինելու բավարար հիմքեր: Պարզապես երկու ուժերի շահերը համընկել են կարճաժամկետ առումով, և նրանք փորձում են օգտվել դրանից: Սա հնարավոր «բլեֆի» մի կողմն է:

Մյուս կողմն, իհարկե, այն է, որ այսպիսով «բլեֆ» է անում նաև Մոսկվան, ՀԱԿ-ին ու ԲՀԿ-ին դաշնակցային սեղանի շուրջ նստեցնելով, և հետո երկուսին էլ սեղանի հետ միասին Սերժ Սարգսյանին վաճառելով: Այսինքն` ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն միմյանց հետ համագործակցում են Ռուսաստանի հանձնարարականով, իսկ Մոսկվայի հաշվարկն այստեղ Սերժ Սարգսյանին անկյուն քշելն ու նրա եվրոպական խաղերին, արևմտյան նկրտումներին վերջ տալն է, որպեսզի Սարգսյանը իշխանության լեգիտիմության ռեսուրսը դադարի Արևմուտքում փնտրել և կրկին լիովին վերադառնա «հարազատ օջախ»: Սերժ Սարգսյանն, իհարկե, «օջախից» առանձնապես չի էլ հեռացել, այլ ընդամենը ժամանակ առ ժամանակ «դուրս է կախվում» պատուհանից` երբեմն մի քիչ շատ առաջ գնալով: Բայց Մոսկվային նույնիսկ դա է տագնապեցնում, քանի որ անգամ դա բավարար է, որպեսզի Արևմուտքը իր նուրբ տեխնոլոգիաներով կարողանա դուրս քաշել նրան ամբողջությամբ` Հայաստանն էլ միասին: Այդ դեպքում Ռուսաստանն արդեն անկարող կլինի որևէ բան անել, դիմագրավել այդ հնարքին: Դրա համար էլ Մոսկվայի համար շատ կարևոր է, որ Սերժ Սարգսյանը հանկարծ չկախվի պատուհանից դուրս, մնա ներսում լիովին և նախագահական ընտրության ժամանակահատվածն անցկացնի առանց ռիսկերի` Ռուսաստանի համար ռիսկերի: ՀԱԿ-ԲՀԿ տանդեմը լուծում է ահա այս խնդիրը: Այսինքն` այստեղ «բլեֆի» հակառակ կողմում արդեն բացառապես ռուսական հաշվարկն է, իսկ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ընդամենը ակնկալում են այդ հաշվարկում գործիքի դեր կատարելու դիմաց չմնալ ձեռնունայն:

Թվում է, թե տեսականում չի կարելի բացառել նաև այն, որ Ռուսաստանն ի վերջո որոշի գնալ «վա-բանկ», եթե Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ չլսի, չտրվի «բլեֆին» կամ շանտաժին և առնվազն շարունակի պատուհանից նայել Արևմուտք, թեև նա արդեն կարծես թե սկսել է նույնիսկ դուռը բացել: Սարգսյանը, վերջին հաշվով, միամիտ չէ և հասկանում է, որ այսօր աշխարհաքաղաքական հիմնական գեներացիան տեղի է ունենում այնտեղ, ուժը կուտակված է այնտեղ, և առնվազն միամտություն և ճակատագրական սխալ կարող է լինել Արևմուտքին աչքաթող անելը, երբ երկրի ներսում լեգիտիմության հարցի լուծումը շարունակում է մնալ անհաղթահարելի խոչընդոտ: Բայց անգամ այդ դեպքում Ռուսաստանն, իհարկե, չի գնա ՀԱԿ-ԲՀԿ տանդեմի միջոցով իշխանափոխություն իրականացնելու տարբերակի` այն պարզ պատճառով, որ Արևմուտքն այդ դեպքում կարող է Սերժ Սարգսյանի թիկունքին կանգնել այն նույն մեթոդներով, ինչ մինչև այժմ Հայաստանի իշխող վարչակարգի թիկունքին է կանգնել Ռուսաստանը:

Բայց եթե Ռուսաստանը տիրապետում էր միայն այդ` մահակային մեթոդներին, Արևմուտքը իրականում տիրապետում է և՛ մահակին, և՛ գործուն կարկանդակին, ինչի շնորհիվ ճգնաժամային իրավիճակում կարող է շատ ավելի լավ էֆեկտ ստանալ, երբ պայքարը, ըստ էության, նույն տեսակի համար է: Իսկ ԲՀԿ-ի ընդդիմադիր կարգավիճակը ապահովում է հենց պայքարը նույն տեսակի միջև: Այդ դեպքում առավելությունն այլևս Ռուսաստանինը չէ, այլ Արևմուտքինը: Մոսկվան հասկանում է դա և «բլեֆից» այն կողմ հազիվ թե գնա, առավել ևս, որ չկա նաև դրա աշխարհաքաղաքական ռեսուրսը: Իսկ Արևմուտքն էլ ամենևին մտադիր չէ Ռուսաստանին վերջնականապես քշել անկյուն և անդամահատել Կովկասում: Դա արկածախնդիր տարբերակ է, որի կարիքը Արևմուտքն ամենևին չունի, քանի որ փուլային տարբերակն առայժմ աշխատում է բավական հաջող, չնայած որոշակի վայրիվերումերով, որոնք, սակայն, «սխալականության» նախատեսված տոկոսն են:

Ահա այդ պայմաններում միանգամայն ռեալ է այն, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության տակ քաղաքական խոշոր իմաստով իսկապես ոչինչ չկա` «բլեֆից» բացի: Համենայնդեպս, այդ տարբերակը չարժե ուշադրությունից դուրս թողնել բոլոր նրանց, ովքեր ՀԱԿ-ԲՀԿ դաշինքի վրա պատկերում են Հայաստանի պայծառ ապագան` հետագայում շատ «չհիասթափվելու» համար:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930