Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոմոթորսի» տնօրենը ծեծե՞լ է հարևանին.

Նոյեմբեր 28,2012 11:04

«Եվրոմոթորս» ՍՊԸ տնօրեն Արթուր Եգորյանը վիճաբանության է բռնվել իր հարեւանի հետ, ով այս պահին ծանր վիճակում գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում։ Ի դեպ, Արթուր Եգորյանը Փայլակ Հայրապետյանի եղբոր՝ Սուրեն Հայրապետյանի որդին է։ Ազգանվան անհամապատասխանությունը երկար պատմություն ունի։

Այս ծեծկռտուքի մասին տարատեսակ լեգենդներ են հյուսվել Կոմիտաս թաղամասում։ Տեղացիները պատմում են, որ հարեւանների միջեւ միջադեպը ծագել է դիտողությունից։ Նոյեմբերի 25-ին Արթուր Եգորյանի մոր ծննդյան օրն է եղել, մինչեւ լուսաբաց քեֆ են արել բարձր երաժշտության ներքո՝ հարեւաններին պարտադրելով ողջ գրշեր «մասնակից» լինել ընտանեկան, խրախճանքին։ Անքուն գիշեր անցկացրած հարեւանը համարձակվել է բարձրանալ վերեւ ու հիշեցնել, որ շենքում, բացի իրենցից, ապրում են այլ բնակիչներ, որոնք իրավունք ունեն գոնե մեկ ժամ քնելու։ Այս հորդորը անձնական վիրավորանք ընդունելով՝ տանտերերը, ի դեմս թասիբով որդու, իրար են անցել։ Ով է այդ համարձակը, որ հանդգնել է լուսադեմին իրենց դուռը թակել ու հարգանք պահանջել։ Եվ փորձել են պատժել երիտասարդին։ Քաշքշուկ է սկսվել։ Կողմերը տաքացած իջել են շենքի առաջին հարկ՝ «ռազբորկան» շարունակելու։

Միջանցքում բարձրացված աղմուկից դուրս է եկել նաեւ Եգորյանի դուռը թակած երիտասարդի հայրը՝ Հայկազ Խաչատրյանը։ Սկսվել է տուրուդմփոց:

Ծեծկռտուքի ժամանակ Եգորյանը հրել է Հայկազ Խաչատրյանին, ինչի հետեւանքով վերջինիս գլուխը դիպել է պատին, եւ նա ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Քանի որ տեղեկություններ ստացանք ուշ երեկոյան, մեզ չհաջողվեց գտնել կողմերին ու անձամբ իրենցից պարզել միջադեպի պատճառը։ Սակայն «Արմենիա» բժշկական կենտրոնից ճշտեցինք, որ Հայկազ Խաչատրյանն իսկապես գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Բժշկուհիներից մեկը, ով հրաժարվեց ներկայանալ, ասաց, որ «հիվանդի վիճակը գնահատվում է ծանր»։

Իսկ որտեղ է գտնվում «քեֆչի Հասանը», ով հարեւանին ուղարկել էր վերակենդանացման բաժանմունք։ Պարզվում է՝ ազատության մեջ է, քանի որ փաստի առթիվ դեռ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունից   կցկտուր   հաստատեցին, որ միջադեպ է տեղի ունեցել նշված հասցեում։ Այլ մանրամասներ խոստացան   հայտնել  ավելի ուշ։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930