Գործընկերներիցս մեկը գրեթե իր բոլոր հոդվածներում գրում է մոտավորապես հետեւյալը՝ «Ով Ռոբերտ Քոչարյանի, Վարդան Օսկանյանի կամ Գագիկ Ծառուկյանի աչքի վերեւը ունք է նկատում, նա կատարում է Բաղրամյան 26-ի պատվերը, դհոլ է, հաճախորդ եւ Գեղամյան»: Ես էլ մի անգամ գրեցի, որ բոլոր քաղաքական գործիչներն էլ Գեղամյան են՝ դա է քաղաքականության առանձնահատկությունը: Գեղամյանը նեղացավ (փոխանակ նեղանային մնացած գործիչները):
Հանգուցյալ Սուրեն Սիրունյանը ՀԱԿ-ի մասին փիս-փիս բաներ էր ասում, «Առավոտի» լրագրողը խնդրեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանին հակադարձել այդ մեղադրանքներին: Արամն ասաց, որ նեղացած է եւ «Առավոտի» հարցերին չի պատասխանի:
Մեկ այլ գործընկեր՝ Հայկ Բաբուխանյանը, ժամանակին Սերժ Սարգսյանի մասին փիս-փիս բաներ էր գրում, իսկ հիմա նրա քաղաքական թիմում է: «Առավոտի» թղթակիցը հարցրեց՝ «Բա ո՞նց եղավ»: Հայկը նեղացավ այդ հարցից եւ մեր թերթի հետ չի ուզում շփվել:
Հիմա հասավ էպոսագետ Վարդան Սեդրակյանի հերթը՝ նա էլ է, պարզվում է, համալրել «Առավոտից» տուժած գործիչների շարքը ու մեր հարցերին չի պատասխանի՝ վկայակոչելով իմ համեստ եւ իր համար չափազանց տհաճ անձը: Բնականաբար, ես փորձեցի հիշել, թե երբ եւ ինչպես են խաչվել իմ եւ էպոսագետի ճանապարհները: Մինչեւ «նախագահի թեկնածու» դառնալը ես նրա մասին չէի լսել եւ երբեք որեւէ լավ կամ վատ բան չեմ գրել: Պարզվեց, խնդիրն ավելի խորն է. մեր լրագրողը էպոսագետին հարցեր է տվել, իսկ պատասխանները տեղադրել է «Առավոտ» թերթի ոչ թե առաջին, այլ 7-րդ էջում: Դա, իհարկե, աններելի հանցանք է:
Բայց խմբագրի 18 տարվա փորձս ինձ հուշում է՝ ամեն ինչ անցողիկ է: Մի օր կբարիշեն: Ու կնեղանան ուրիշները:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ