Նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում, «Ռենջ Ռովեր» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան փողոցում՝ «Հայաստանում եվրոպական միության պատվիրակություն» վարչական շենքի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների, վթարված ավտոմեքենայում է եղել նաև Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը: Վթարի հետևանքով վերջինս վնասվածքներ ստացել է, թե ոչ՝ այս պահին հնարավոր չէ պարզել:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Այս պահին դեպքի վայր է ժամանում նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արթուր Գասոյանը: Ոստիկանությունը փորձում է պարզել վարորդի ինքնությունը և ճշտել, թե հիվանդանոց տեղափոխված անձը վարորդն է եղել, թե ավտոմեքենայում գտնվող ուղևորը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի