13-ամյա Տաթեւիկ Ղազարյանը համակարգչի առաջ օրական անց է կացնում 5-6 ժամ: Նա ասում է, որ վերջերս նկատել է` դասերի ժամանակ գրատախտակին գրված տառերը, եթե մեծ չեն, լղոզված է տեսնում: «Տեսողությունս վատացել է, գրատախտակին պիտի խոշոր գրեն, որ տեսնեմ »,-ասում է նա: Տաթեւիկը մինչ օրս չի դիմել ակնաբույժի, հույս ունի, որ ժամանակի ընթացքում խնդիրը կանցնի.«Չեմ ուզում ակնոց դնել, վախենում եմ գնալ բժշկի, բա որ ակնոց նշանակի »:
«Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկա» ՊՓԲԸ-ի մանկական ակնաբույժ Դշխուհի Գոգորյանը Aravot.am-ի հետ հարցազրույցում փաստում է, որ տեսողական խնդիրներ ունեցող երեխաների թիվը կտրուկ աճել է. «Առաջ էլ էին դիմում, բայց հիմա աճել է դիմողների թիվը, դիմում են 4-5 տարեկանից սկսած: Սա այն տարիքն է, երբ երեխան առաջին անգամ նստում է համակարգչի առաջ, որպեսզի խաղ խաղա »:
Ըստ ակնաբույժի` տեսողական նման ծանրաբեռնվածությունն էլ հանգեցնում է հոգնածության, ապա նաեւ առաջացնում կարճատեսություն: «Տեսողական խնդիրները ավելացել են: Եւ համակարգիչը, եւ հեռուստացույցը, եւ տեսողական մնացած ինֆորմացիան շատացել է, ու դա, բնականաբար, հանգեցնում է բարդությունների, տեսողական խնդիրների, հոգնածության, լարվածության, սպազմի, ալերգիկ կոնյուկտիվիտների, աչքերի չորացման զգացողությունների, ինչը, խորանալով, հետագայում կարճատեսություն է առաջացնում, իսկ ավելի ուշ` ավելի բարդ վիճակների`կպչուն նեւրոզների, որով արդեն նյարդաբաններն են զբաղվում»,-ասում է բժիշկը:
Ակնաբույժը խորհորդ չի տալիս 4-17 տարեկան երեխաներին համակարգչի առաջ անցկացնել 30 րոպեից ավելի.«Իսկ եթե ավելի խիստ մոտենանք խնդրին, ապա մինչեւ 17 տարեկանն ընդհանրապես չի թույլատրվում համակարգչի առաջ նստել»,-եզրափակում է ակնաբույժը:
Կարդացեք նաև
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ