Հենց նոր Aravot.am-ին հայտնի դարձավ, որ ուրբաթ օրը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնազրկել է Անիի ոստիկանապետ Մհեր Ավագյանին:
Ըստ մեր աղբյուրների` նրան, վաղ առավոտյան զանգահարել ու հապշտապ կանչել են Վլադիմիր Գասպարյանի մոտ ու Երևան հասնելուն պես` հեռացման հրամանը ձեռքը տվել: Թե ինչո՞ւ են պաշտոնազրկել ոստիկանապետին, բոլորին անհայտ է մնացել, նույնիսկ Անիի տարածաշրջանի ոստիկանները բացարձակ անտեղյակ են, միայն նրա Երևան մեկնելուց հետո իմացել են, որ այլևս չի վերադառնալու:
Նշենք, որ Մհեր Ավագյանին այս պաշտոնին նշանակեցին ԱԺ ընտրություններից մի քանի օր առաջ, երբ համակարգից հեռացրեցին ու վերջերս դատեցին Համբարձում Տոնոյանին, ով թաքցրել էր շրջակա գյուղերի խանութներից, տներից կատարվող գողությունները, անգամ անտեսել էր ոչխարագողությունը: Նոր ոստիկանապետը աշխատեց ընդամենը կես տարի ու այդպես էլ չհասցրեց ծանոթանալ տեղի բնակիչների հետ:
Հետաքրքիրն այն է , որ մարալիկցիները մինչև օրս նորեկ պաշտոնյայի անուն-ազգանունը չգիտեն: Մենք ոստիկանապետի անուն-ազանունը մեկ անգամ ևս փորձեցինք ճշտել ոստիկանության պաշտոնական կայքից, սակայն անուն-ազգանունը արդեն հանված է, գրված է «պետ`» ու դիմացը դատարկ է թողնված: Սա նշանակում է , որ Անիում դեռ նոր պետ չեն նշանակել: Խորհրդավոր պաշտոնազրկման մասին առաջիկայում կփորձենք մանրամասներ ճշտել ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ