ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ բոլորի ուշադրությունը հրավիրեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի վարած S դասի «Մերսեդեսի» վրա՝ ընդգծելով, որ նա վարում է ՀՀ պատմության մեջ ամենաթանկ մեքենան եւ իրեն անհարկի ճոխություններ է թույլ տալիս:
Ինքը՝ Էդվարդ Նալբանդյանը մեզ հետ զրույցում անիմաստ եւ թյուրիմացություն որակեց այդ խոսակցությունները՝ վստահեցնելով, որ այդ «Մերսեդեսը» ոչ թե 100-300 հազար եվրո արժե, ինչպես ներկայացվում է, այլ ընդամենը 45 հազար դոլար։ Ավելին՝ նա վստահեցրեց. «Կարծեմ, որեւէ երկրում հարց չի կարող ծագել, որ արտգործնախարարությունը կամ արտգործնախարարը պետք է ներկայացուցչական մեքենա չունենան: Եթե որեւէ երկրի բարձրագույն ղեկավարությունից բացի որեւէ մեկը պետք է ներկայացուցչական մեքենա ունենա, ապա պարզ է, որ դա արտգործնախարարությունն է»:
Այսօր Aravot.am-ը ԼՂՀ նախկին արտգործնախարարից՝ Արման Մելիքյանից հետաքրքրվեց՝ իսկապե՞ս անհրաժեշտություն է, որ արտգործնախարարը նման ներկայանալի ավտոմեքենա ունենա: Նա պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այո: Ի վերջո դա իր անձնական մեքենան չէ: Ամեն դեպքում նման շքեղ մեքենաներ գնվում են պետության միջոցներից, բազմիցս դա տեղի է ունեցել: Խնդիրն այն չէ, թե ինչու պետք է արտգործնախարարը շքեղ մեքենա ունենա, որովհետեւ ի վերջո նաեւ պետք է հասկանանք, որ այդ շքեղ մեքենայով պետական այցելությունների ժամանակ նա այստեղ շրջում է իր հյուրերի հետ միասին: Այսինքն, դա իրենը չէ եւ իր հաճույքի համար չէ: Դա գործնական նշանակություն ունի: Այլ խնդիր է, եթե նա որոշի, որ այդ մեքենայով պետք է գնան շուկա անեն տան համար, չգիտեմ, կենցաղային խնդիրներով զբաղվեն, ինչը հաճախ անում են: Սա ինձ համար խորթ է եւ ընդունելի չէ, թեեւ Հայաստանում լայնորեն տարածված պրակտիկա է: Բայց ես գտնում եմ, որ իսկապես ԱԳ նախարարը պետք է ունենա ներկայացուցչական կարգի մեքենա, իրեն պետք է սպասարկի հենց այդպիսի մեքենա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև