Նկարիչների միությունում այսօր բացվեց գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի աշխատանքների ցուցահանդեսը: Լրագրողների հետ զրույցում Աղաբաբյանը նշեց, որ ցուցահանդեսը բարեգործական է. «Իմ նպատակն է` ցուցահանդես-վաճառքի արդյունքում ստացված գումարները փոխանցել Օձունի եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացնող «Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» բարեգործական հիմնադրամին, որի հոգաբարձուների խորհրդի անդամ եմ: Ցուցադրված աշխատանքներս ներկայացնում են Հայաստան աշխարհի գրեթե բոլոր հատվածները` Արցախից մինչ Գյումրի: Ընդհանուր առմամբ` ներկայացված է 40 գործ»: Գեղանկարիչը հավելեց, որ նկարների մեծ մասը ցուցադրվում է առաջին անգամ. «Աշխատանքներ կան, որոնք նույնիսկ ամբողջությամբ չեն չորացել»:
Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն ասաց, որ Նիկոլ Աղաբաբյանին համարում է Սարյանի դպրոցի արժանապատիվ սաներից մեկը: Անանյանի համոզմամբ` «բարեգործությունը աստվածահաճո ձեռնարկ է, մանավանդ, երբ միտված է Աստծո տաճարի վերականգնմանը»:
Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի խոսքով. «Պետք է ծառայել այն սրբություններին, որոնք թողել են մեր նախնիները: Դժբախտաբար, մեր պետությունն այսօր միշտ չէ, որ կարողանում է ձեռք մեկնել մշակութային այն օջախներին, որոնց շնորհիվ գոյատեւել է մեր ազգը»:
Աղամյանը հայտնեց, որ բարեգործական ցուցահանդեսն իր բնույթով վերջինը չի լինելու, քանի որ այլ նկարիչներ նույնպես պատրաստակամություն են հայտնել նպատել Օձունի եկեղեցու վերականգման աշխատանքներին:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ