Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղավոր է ճանաչվել` գողության եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար

Նոյեմբեր 27,2012 19:30

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել գողության եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականցնելու համար Դրագոշ Իոնուց Բոտեզատուին առաջադրված մեղադրանքները եւ դատապարտել երկարատեւ ազատազրկման:

Դատարանում հետազոտված եւ հիմնավոր համարված ապացույցների համաձայն`  Դրագոշ Իոնուց Բոտեզատուն 2008 թվականի ամռանը Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում ծանոթացել է «Քիշտրուլյա» մականունով համերկրացու` Ռումինիայի քաղաքացի Կոնստանտին Ջիկայի Շերբանի հետ եւ  ընդգրկվել վերջինիս կողմից ձեւավորած  հանցավոր խմբի կազմում, որը «մասնագիտացած» էր բանկային կեղծ քարտերի միջոցով գումարներ հափշտակելու գործում:

Ըստ դերաբաշխման` Բոտեզատուն եւ հանցավոր խմբի մեկ այլ անդամ` Կատալին Իոնուց Ապետրի Ֆուրդույն, 2008 թվականի օգոստոսի 9-ին ժամանել են Հայաստան` իրենց հետ բերելով բանկային քարտերի կեղծ կրկնօրինակների խոշոր խմբաքանակներ:

Մինչև 2008 թվականի օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում գործող թվով 4 բանկերի բանկոմատներից բանկային քարտերի կեղծ կրկնօրինակների օգտագործմամբ հանցավոր խումբը գողացել է ընդհանուր առմամբ 29.825.000 դրամ առանձնապես խոշոր չափերի գումար, որից Դրագոշ Իոնուց Բոտեզատուն անձամբ հափշտակել է 10.990.000 դրամ:

Գողացված եւ արտարժույթի փոխարկված գումարը Բետոզատուն միջազգային դրամական փոխանցումների համակարգերով 2008 թվականի օգոստոսի 11-ից մինչեւ 20-ն ընկած ժամանակահատվածում 8 գործարքներով փոխանցել է Մեծ Բրիտանիա` դրանով իսկ խեղաթյուրելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի ծագման աղբյուրը եւ իրական բնույթը: Այսինքն` հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները նշված եղանակներով օրինականացրել է:

Երևան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2012 թվականի նոյեմբերի 20-ի դատավճռով Դ.Բոտեզատուն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվել ազատազրկման` 9 տարի ժամկետով` հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագրավմամբ:

Հանցավոր խմբի մյուս անդամների վերաբերյալ դատական ատյաններում գործերի քննություններն ավարտվել են, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով նրանց մի մասը նշանակված պատիժը կրել է, մյուս մասը շարունակում է պատիժը կրել:

Հանցավոր խմբի անդամներից մեկը` հետախուզման մեջ գտնվող Կատալին Իոնուց Ապետրի Ֆուրդույը, հայտնաբերվել է եւ միջազգային կոնվենցիաների համաձայն` պետք է հանձնվի ՀՀ իրավապահ մարմիններին եւ լուծվի նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը: Իսկ խմբի` հետախուզման մեջ գտնվող մյուս անդամներին հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական եւ քննչական  աշխատանքները շարունակվում են:

 ՀՀ Գլխավոր դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930