Մարզահամերգային համալիրում կայանալիք ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությանը մասնակցելու նպատակով Ադրբեջանի պատվիրակությունը Երեւան ժամանեց երկու փուլով: Երեկ Թբիլիսիից հատուկ չվերթով եկան բռնցքամարտիկները, մարզիչը, բժիշկն ու պատվիրակության ղեկավարը, իսկ այսօր նրանց միացան նաեւ պատվիրակության մյուս անդամները եւ նրանց ընդհանուր թիվը կազմեց 12 հոգի:
Թեեւ Ադրբեջանը նախնական հայտավորել էր ամբողջական թիմի կազմ` 10 բռնցքամարտիկ, իսկ հետո թիվը նվազեցրել վեցի, ավելի ուշ նրանց երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Շամիլ Ալիմջանովն «Azerisport»-ին տեղեկացրել էր, որ վերջնականապես որոշվել է Երեւան գործուղել նաեւ յոթերորդ մասնակցի:
Երեկ ՄՀՀ-ում հրավիրված մամուլի ասուլիսում Aravot.am-ը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավարներից փորձեց ճշտել այդ ինֆորմացիայի հավաստիությունը, ինչին ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը (լուսանկարում) պատասխանեց, թե սահմանված ժամկետներում նրանք կարող են պատվիրակության կազմում փոփոխություններ կատարել. «Մենք պատրաստ ենք ընդունել բոլորին: Իսկ թե քանի՞ բռնցքամարտիկ կլինի նրանց հավաքականի կազմում, հստակ կերեւա միայն նրանց ժամանումից հետո», – ասել էր ֆեդերացիայի նախագահը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ