Aravot.am-ն արդեն տեղեկացրել է, որ Երեւանի մետրոպոլիտենում աշխատակազմի կրճատումներ են սպասվում: Առավոտյան մեզ հետ զրույցում մետրոպոլիտենի տնօրենի տեղակալ Հրաչ Ղեւոնդյանը որեւէ մեկնաբանություն չէր արել՝ ասելով, որ խորհրդակցություն է լինելու եւ միայն դրանից հետո կարող է որոշակի պատասխաններ տալ:
Քիչ առաջ մեզ հետ զրույցում պարոն Ղեւոնդյանը բացառեց, որ մետրոպոլիտենում կրճատումներ լինեն, անգամ զարմացավ, թե որտեղի՞ց են նման խոսակցությունները ծնվում: Ըստ նրա, Երեւանի մետրոպոլիտենը ռազմավարական նշանակություն ունի եւ այս փուլում, երբ բազմաթիվ ծրագրեր կան ընթացքում, կրճատումները բացառված են:
Խնդիրն այն է, որ մետրոպոլիտենի աշխատակիցները դժգոհել են ցածր աշխատավարձերից, իսկ ղեկավարությունը այդ հարցի լուծումն այսպես է պատկերացրել՝ կրճատել աշխատակիցներից մի մասին եւ բարձրացնել մյուսների աշխատավարձերը:
Հետո, երբ ՀՀ ֆինանսների նախարարությունը հավելյալ գումարներ կտրամադրի կառույցին, նախատեսվում է կրճատված աշխատողների վերականգնում: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, այս թեմայով աշխատանքային խորհրդակցության ժամանակ, բաժինների պետերը հրաժարվել են մետրոպոլիտենի ղեկավարության սույն առաջարկից եւ ասել են, որ չեն կրճատի որեւէ աշխատողի: Հարցն, այս փուլում, այդքանով փակվել է:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ