Պատասխանելով Aravot.am-ի այն դիտարկմանը, թե Հայաստանի պետական կամերային նվագախմբի (ՀՊԿՆ) նախկին գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանի՝ կարգապահության հանդեպ պահանջկոտությունը նվագախմբի կողմից ընկալվում էր իբրեւ դեսպոտիզմ, արդյոք իրեն ուղղված դժգոհություննե՞ր էլ կան, ՀՊԿՆ ներկայիս գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը նշեց, որ կոլեկտիվի հետ ջերմ հարաբերությունների մեջ է: «Այսօր նվագախմբում կան մարդիկ, որոնց ներկայությամբ ես 8 տարեկանում շորտիկով նվագել եմ Հայդնի կոնցերտը: Երեխա ժամանակ իբրեւ դաշնակահար հանդես եմ եկել Երեւանի կամերային նվագախմբի հետ՝ դեռեւս Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ: Կամերային նվագախմբի որոշ անդամներ հենց այդ նվագախմբից են եղել եւ ինձ հիշում են: Երաժիշտների մեծ մասն էլ այն մարդիկ են, որոնց հետ եմ մեծացել: Չնայած այս ամենին, փորձերի ժամանակ հետեւյալ սկզբունքն է գործում՝ մեկ մաեստրո եւ մեկ նվագախումբ, լռություն եւ ուշադրություն»,-ասաց պարոն Մարտիրոսյանը:
Նա հայտնեց, որ չի հավակնում լինել ճշմարտության միակ դրոշակակիրը . «Չեմ կարծում, թե ես մեկն եմ, որ ամեն ինչի պատասխանն ունի: Ես մարդ եմ, իրենց նման երաժիշտ, որը բախտի բերմամբ կամ չբերմամբ ղեկավարում է այս նվագախումբը, նվագախմբում կան երաժիշտներ, որոնք ունեն իրենց կարծիքը, հնարավորությունները, պատկերացումը ինչ-որ մի բանի վերաբերյալ: Ես միշտ բոլորին լսում եմ, եւ եթե չեմ հավանում, շարունակում եմ անել իմ ուզածը: Բայց, միեւնույն ժամանակ, ես կլինեի աշխարհի ամենամեծ հիմարը, եթե առաջարկեին ինչ-որ մի բան, որն իմ մտածածից ավելի լավն է, ու ես հրաժարվեի: Ի վերջո, ծառայում եմ երաժշտությանը, ոչ թե ինձ: Ես չեմ կարող դեսպոտ լինել, որովհետեւ աշխատել եմ Եվրոպայում, ներկայումս Կաննի սիմֆոնիկի գլխավոր դիրիժորն եմ: Ֆրանսիայում, եթե որեւէ դիրիժոր փորձի ձայնը բարձրացնել որեւէ երաժշտի վրա, երկրորդ անգամ այդ նվագախմբի առջեւ չի կարող կանգնել, որովհետեւ Ֆրանսիան կրթված երկիր է, որովհետեւ տնօրենը կամ դիրիժորը երաժիշտներին չեն վերաբերվում ինչպես իրենց պատկանող ստրուկներին»:
Մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ