Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակում ՀՀԿ-ն դարձնելու են երևելիների կուսակցությո՞ւն

Նոյեմբեր 27,2012 17:07

Այսօր Aravot.am-ը Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի նորընտիր ղեկավար Սահակ Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն են իշխող կուսակցության դիրքերը հանրապետության երկրորդ մարզում, կիսո՞ւմ է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, ՀՀԿ-ական Արման Սահակյանի այն կարծիքը, որ ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ ինքը պարտվեց ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին այն պատճառով, որ Հանրապետականի դիրքերը թույլ էին Գյումրիում:

«Որպես կանոն, ես ընդհանրապես նախորդների իրավասխալների մասին չեմ խոսում, բայց որ կուսակցության գործելակերպի մեջ նոր որակներ կան, դա դուք ինքներդ հավանաբար նկատել եք: Կառույցը բավականին ծավալուն աշխատանք է իրականացնում հենց Արման Սահակյանի ընտրությունների հետ կապված: Անկախ մեր թեկնածուի ավելի ներկայանալի լինելուց, քանի որ թեկնածուն առաջադրված է կուսակցության կողմից, արվում է հնարավորը, որ կուսակցական ամբողջ մարզային կառույցը ակտիվ մասնակցություն ունենա այս ընտրություններին: Ակտիվ մասնակցություն ունենա ոչ միայն որպես քաղաքացի, ընտրող, որպես կազմավորվող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ, այլ դառնա պատասխանատուն ու կրողը այս ընտրական գործընթացի», -ասաց Սահակ Մինասյանը:

Իսկ ի՞նչ նոր որակների մասին է խոսքը, Շիրակի մարզում սկսել են ՀՀԿ-ական դառնալ միայն որակյալ, նժդեհյան գաղափարախոսությանը նվիրված մարդի՞կ, թե՞ հին մեթոդներով պետական աշխատողներին հարկադրում են դառնալ հանրապետականներ: «Եթե ցանկացած կառույցի ղեկավարին հետևում են կառույցի այլ ներկայացուցիչներ, սա միշտ չէ, որ կարելի է բնութագրել որպես ստիպողական անդամակցություն: Եվ եթե նկատել եք, մեր կուսակցական աճը, իմ կուսակցությունը ղեկավարելու օրվանից սկսած, չունենալուն հավասար է, այսինքն շատ նվազագույն է աճը: Մենք համընդհանուր կուսակցականացման գործընթացներ չենք իրականացնում և չենք իրականացնելու` ունենալով դրա համապատասխան վարչական ռեսուրսները և լծակները: Մենք ուզում ենք, և առաջին պտուղներն այսօր կան, որ կուսակցությանն անդամակցությունը դառնա երևելիների ընտրություն, և որ ամենակարևորն է, կուսակցության շարքերը չհամալրվեն ինչ- որ պահանջատիրական, աթոռամոլության խնդիրներ ունեցող անձինք, ինչո՞ւ չէ , հակառակն էլ կա: Մենք ինքներս նախանձախնդիր ենք, որ հասարակության մեջ լավ որակներ ունեցող անձիք համալրեն մեր շարքերը, և այդ ուղղությամբ մենք քայլեր անում ենք, թե ինչպիսի, սա արդեն կարևոր չէ»,- ասաց ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարը:

Հիշեցնենք, որ պարոն Մինասյանը գլխավորում է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը, իսկ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցը նրան հանձնվեց Վարդան Ղուկասյանին պաշտոնաթող անելուց մի քանի ամիս առաջ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930