Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքար»-ի գործով տուժող կողմը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան

Նոյեմբեր 27,2012 16:57

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ի բռնարարքի գործով տուժող կողմի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Վահե Գրիգորյանը բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ընդդեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի նոյեմբերի 16-ի որոշման:  Դատարանը՝  դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ,  մերժել էր  ընդդեմ նախաքննության մարմնի՝ ոստիկանության, և նախաքննության օրինականության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազության կողմի  ներկայացրած բողոքը:

Տիգրան Եգորյանը «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց, որ   բողոքում իրենք պահանջում են բեկանել հիշյալ որոշումը և բավարարել պահանջը՝  ելնելով արդարադատության արդյունավետութունից:

Հիշեցնենք, որ տուժող կողմի ներկայացուցիչները պահանջում էին վերացնել քննիչի որոշումը, որով մերժվել են նախաքննության ընթացքում բացթողումների ու խախտումների շտկմանն ուղղված իրենց միջնորդությունները: Կողմը պահանջել էր նաև վերացնել քննիչի որոշման դեմ իրենց բողոքը մերժելու մասին գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազի որոշումը: Տուժող կողմը պահանջել էր պարտավորեցնել «թույլ տրված խախտումներով և բացթողումներով գործը վերադարձնել քննիչին՝ լրացուցիչ քննություն կատարելու համար»:

Ըստ տուժող կողմի ներկայացուցիչների՝ նախաքննության մարմնի ամենամեծ բացթողումն այն է, որ չի պարզվել, թե կոնկրետ ում հարվածը կամ հարվածներն են պատճառել տուժող Վահե Ավետյանի մահը, ուստի «չի բացահայտվել տուժողի սպանությունը»: Կողմը գտնում է, որ սխալ է սպանությունը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնել որակելը՝ ի սկզբանե ծանր մարմնական վնասվածքն եղել է կյանքի հետ անհամատեղելի: Տուժող կողմը վստահ է, որ «նախաքննությունն հապշտապ ավարտելու հետևանքով» չի պարզվել հանցագործության մեղսակից անձը՝ բացահայտված 6 անձանցից 5-ը թիկնապահներ են եղել, և որևէ քայլ չէին կարող կատարել առանց համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի հանձնարարության կամ իմացության:

Տուժող կողմը պնդում է նաև, որ գործի նախաքննությունը վերսկսվի Հատուկ քննչական ծառայությունում՝ պաշտոնատար անձանց գործողությունները և դրանց շարժառիթները պարզելու համար:

Գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Արթուր Դավթյանը գտել էր, որ բողոքն անհիմն է, չի բխում քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից և ենթակա է մերժման: Նա պարզաբանել էր, որ 6 մեղադրյալներին նույն մեղադրանքն է առաջադրվել, քանի որ նրանք միասնական դիտավորությամբ փորձել են վնաս պատճառել մի խումբ անձանց առողջությանը: Ըստ մեղադրողի, դատարանը կարող է քննության արդյունքում փոխել հանցագործության քրեաիրավական գնահատականը՝ նաև մեղադրանքը խստացնելով, դա անդառնալի չէ:

Ըստ նրա, գործի նախաքննության ավարտումը հապշտապ չի եղել, գործը քննվել է ողջամիտ ժամկետում, ինչը իրավունքի միջազգային նորմերի ու հանրային պահանջ է:

Ա. Դավթյանը հավելել էր, որ տուժող կողմի միջնորդությունների մի մասն առնչվում է հանցագործության այլ հնարավոր մասնակիցների բացահայտմանը: Դրա համար գործից մաս է անջատվել, ընթացող նախաքննության շրջանակում քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930