Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սաքունց. «Սերժ Սարգսյանն իր նախընտրական խոստումը չի կատարել և չէր էլ կարող կատարել»

Նոյեմբեր 27,2012 16:45

«2008 թվականի նախագահական ընտրությունները հաստատելու են, որ ընտրական գործընթացների բարելավումը և ժողովրդավարական ընտրությունների անցկացումը Հայաստանում այլևս ավանդույթ է». սա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրից մի հատված է:

Վերլուծելով իրավիճակը հինգ տարի անց` կարո՞ղ ենք պնդել, որ ՀՀ նախագահը կատարել է իր նախընտրական խոստումը: Aravot.am-ն այս հարցը հղեց ընտրական գործընթացներով զբաղվող մի շարք փորձագետների:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում նկատեց, որ Սերժ Սարգսյանն առաջին հերթին պետք է գնահատական տար իր՝ 2008-ի նախագահական ընտրություններին, որը չի տվել: Այնուհետև մանրամասնեց. «Եթե խոստացել է և դա նախընտրական իր ծրագիրն է եղել, ապա արդեն 2008-ի ընտրությունների փաստով իր նախընտրական խոստումը չի կատարել այն պատճառով, որ ոչ միայն որևէ վերաբերմունք չի արտահայտել, այլև նորմալ է համարել, որ այդ ընտրությունների պարագայում ինքը նախագահի: Դրանից հետո տեղի ունեցան Երևանում ավագանու ընտրություններ, որը խայտառակություն էր: Որպես դիտորդ եղել եմ Մալաթիա-Սեբաստիա ընտրատարածքում, դա ուղղակի տոտալ ճնշում էր ընտրողների նկատմամբ, կեղծիքներ, լցոնումներ և այլն: Կամ 2010-ին Նիկոլ Փաշինյանի՝  թիվ 10 ընտրատարածքը, որտեղ մենք էլի դիտորդություն ենք արել, այդտեղ էլ վերստին խախտումներ, ճնշումներ, կեղծիքներ կատարվեցին: Դա կատարվել է Սերժ Սարգսյանի նախագահության օրոք: ՏԻՄ ընտրությունների ժամանակ զոռբայության դրսևորումները, ճնշումները, նաև վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, Սամվել Ալեքսանյանի առաջադրված և այլ ընտրատարածքներում նախընտրական փուլում և ընտրությունների օրը կեղծիքների տարածվածությունը… Չնայած բռնությունները նման չէին այն բռնություններին, որոնք Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ էին, բայց վարչական ռեսուրսի լայնածավալ օգտագործումը չի հաղթահարվել որևէ ընտրությունների ժամանակ: Գրանցվել է ընտրակաշառքի ահազանգերի նկատմամբ ոչ պատշաճ արձագանք, քննության չիրականացում»:

Ա. Սաքունցը թվարկելով վերոնշյալը՝ հայտարարեց. «Երկարատև այս դիտարկումն ինձ հիմք է տալիս պնդելու և հիմնավորելու, որ Սերժ Սարգսյանն իր նախընտրական խոստումը չի կատարել և չէր էլ կարող կատարել, քանի որ առաջին հերթին պիտի լիարժեք գնահատական  տրվեր 2008-ի նախագահական ընտրություններին: Քաղբանտարկյալները հենց իր նախագահության օրոք են եղել, որոնք ոչ թե ազատության մեջ են արդարադատության շնորհիվ, այլ համաներման օրենսդրական փոփոխության արդյունքում»:

«Ընտրությունը քոնն» է ՀԿ-ի նախագահ Հարություն Համբարձումյանն էլ նշեց. «Չէի ասի, թե նախագահը խոստումը 100 տոկոսով կատարեց, կամ չկատարեց: Բայց որ այս ընտրություններին, նախորդի հետ համեմատած առաջընթաց գրանցեցինք, դա փաստ է: Առաջընթացն  այն է, որ այն կոպիտ խախտումները, որ նախկինում տեղի էին ունենում, օրինակ՝ լցոնումներ, դիտորդների, վստահված անձանց իրավունքների ոտնահարում, կռիվներ տեղամասերում այո, եղել են, բայց  ոչ համատարած: Եղել է Մալաթ Սեբաստիայի, Սպիտակի տեղամասերում,  բայց եթե վերլուծում ենք 1960 տեղամասը,  ապա դրանք քիչ տոկոսով են կազմում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930