ՀԱԿ պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը վերլուծություն է արել եւ պարզել, որ ավելի քան մեկ միլիարդ դոլար բյուջեից պակասորդ է տալիս: «Ո՞ւր են այդ գումարները»,-այսօր «Հայացք» ակումբում ՀՀԿ-ին հարցրեց պարոն Բագրատյանը. «Հիմա ի՞նչ է անում հանրապետականը, երեւի փնտրում է, որովհետեւ ես առաջարկել եմ փնտրել, գալ պատասխան տալ: Կամ էլ մեզ բավարար պատասխան տալ, կամ էլ իջեցնել ՀՆԱ-ն: Այդքան ՀՆԱ այս երկրում չի արտադրվում»: Սա բյուջեի հիմնական ինտրիգն է:
ԱԺ բյուջետային քննարկումների ժամանակ պարոն Բագրատյանը ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին էլ է թվաբանական հաշվարկ ներկայացրել, այն բանից հետո, երբ տիկին Նաղդալյանը բյուջեի ընդդիմադիրներին մեղադրել է պոպուլիզմի մեջ. «Ես նրան ասեցի` Հերմինե ջան, էդպես չի, ես հիմա քեզ թվերն ասեմ, դու իմացի: Գնաճը 1996-2012 թ. աճել է 2.3 անգամ, իսկ բյուջեն` 3.2 անգամ»:
Պարոն Բագրատյանի կարծիքով իր վարչապետության տարիների մարդկանց կենսամակարդակի եւ ներկայիս կենսամակարդակի միջեւ էական տարբերություններ չկան:
Ըստ պարոն Բագրատյանի այսօր մեր երկրից կապիտալի մեծ արտահոսք կա եւ իշխանությունների այն հավաստիացումները, թե օտարերկրյա ներդրումների աճ ունենք, պարոն Բագրատյանը փաստում է, որ մեր երկրից էլ տարեկան մեկ միլիարդ դոլարի արտահոսք կա, ինչ պայմանավորված է քաղաքական իրավիճակով. «Առաջին հերթին պետության ներկայացուցիչները պետությանը չեն վստահում: Այստեղի հարուստը փողը ծախսելու տեղ չունի, արտադրությունն ընդլայնելու կարիք չկա: Ապրանքը կարտադրես ոչ ոք չի առնի, գնողունակություն չկա, այս դիսբալանսը ստեղծվել է հենց այս կառավարության օրոք»:
Տնտեսագետի ներկայացմամբ, ՀՀ կառավարությունը շարունակում է իր գործունեության մասին դատել 20 տարվա վաղեմություն ունեցող մեթոդաբանությամբ, որը ճիշտ մեթոդաբանություն չէ. «Կա ավելի գերժամանակակից մեթոդաբանություն»: Պարոն Բագրատյանը կառավարության պատասխանատուներից չի ստանում նաեւ այն հարցի պատասխանը, թե արտերկրում գտնվող 2 միլիարդ դոլար ռեզերվները, որտեղ են տեղաբաշխված. «Դրա մասին համառորեն ինֆորմացիա չեն տալիս: Արտաքին պահուստները որտե՞ղ են տեղաբաշխված, ոչ ոք չի ասում, չունեն այդ աղյուսակը, ինչու՞ են դրանք վնասաբեր եղել, որը պարզվել է կենտրոնական բանկի 2011 թվականի հաշվետվությունից: Որերորդ անգամ է, երբ նրանց այս հարցն ուղղում ենք, ամբիոնից թողնում ցվրվում են»:
Հարկման ռեժիմի վերաբերյալ տնտեսագետի վերապահումները դիտեք տեսանյութում.
Կարդացեք նաև
ՀԱԿ պատգամավորը նաեւ անդրադարձավ կենսաթոշակային նոր համակարգին.
«Եթե դուք մի բիզնես եք սկսում, առաջինը մտածում եք` ձեր սպառողն ո՞վ պետք է լինի, փողն ո՞ւր տանեք, հետո մտածում եք ռեստորան բացե՞ք, թե խանութ: Այս բանը կառավարությունը մոռացել է, կուտակային կենսաթոշակի մասով նախ կառավարությունը պետք է մտածեր, եթե փողը հավաքվի որտե՞ղ են տանում ներդնեն: Պետք է հարյուր տոկսով երաշխավորված ներդրում անի: Տանելու են եվրոպական արժեթղթեր գնեն: Բանը հասել է նրան, որ միջոցները կարելի է տեղաբաշխել, որպես ավանդ, ավանդները 11-12 տոկոս են հիմա, ո՞վ է տեսել առաջին երկար փողը հավաքել եւ դարձնել կարճ փող: Ինձ հարցնում են տենց բան եղե՞լ է, ասում եմ` այո Ուկրաինայում եղել է, բայց ձախողվել է, Ռուսաստանում էլ է եղել, ձախողվեց եւ փառք աստծո մի քիչ իրենց վերաբերմունքը փոխվեց, մեր ելույթից հետո էլ Պուտինն է ելույթ ունենում եւ ասում է բացաձակապես նույն բանը, նոր սրանց վրա մի քիչ ազդեց»:
Պարոն Բագրատյանը հույս ունի որ «այս կառավարության կյանքը կարճ է» եւ նոր կառավարությունը միայն կարող է լուծել իր մատնանշած խնդիրները:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ