Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմաբան Էդիկ Մինասյանը Հայոց պատմության դասագրքի մասին. «Ես այսպես եմ գրել, դուք ավելի լավը գրեք»

Նոյեմբեր 27,2012 15:49

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանը Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց իր գրած Հայոց պատմության դասագրքի վերաբերյալ առաջացած աղմուկը, մասնավորապես այն, որ ինքը գրքում մարտի 1-ի դեպքերն ու նախագահական ընտրությունները սուբյեկտիվ եւ աղավաղված է ներկայացրել:

«Ես օբյեկտիվ եմ ներկայացրել փաստերը, իմ ձեռքի տակ կան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Կա ԱԺ-ի հանձնաժողովի մանրամասն քննության արդյունքների եզրակացությունը, Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը, ընդդիմադիր եւ պաշտոնական մամուլի տեսակետները եւ այլն: Ես փաստերի հիման վրա եմ ներկայացրել ամեն ինչ: Այն, որ տեքստը կտրատում են ու միայն իրենց հարմար բաներ ներկայացնում, դա չի նշանակում, թե ես սուբյեկտիվ եմ գտնվել: Խորհուրդ կտամ ամբողջությամբ կարդալ գիրքը: Ես գրել եմ, որ երկուստեք մեղավոր են՝ եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը: Վերջում նաեւ նշել եմ, թե դա ինչ ազդեցություն ունեցավ մեր միջազգային հեղինակության ու վարկի վրա»,- ասում է պատմաբանը խորհուրդ տալով գիրքն ամբողջությամբ կարդալ, ուշադիր նայել, քանի որ մեջբերումներն արված են չակերտների մեջ, հետեւաբար բացառված է սուբյետիվ կարծիք արտահայտելու միտումը:

«Այսօր ամենից դժվարը ժամանակակից պատմություն գրելն է: Ես զարմանում եմ այդ մարդկանց մտածողության վրա, որոնք քննադատում են ինձ: Ես այսօրվա եղած փաստերի հիման վրա եմ գիրքը գրել եւ չեմ բացառում, որ մի 10 տարի հետո էլ ուրիշ փաստեր հայտնաբերվեն: Ես բոլոր տեղերում չեմ քննադատել ընդդիմությանը, դրականն էլ եմ գրել ու այնպես չի, որ միայն սեւացրել եմ նրանց, իշխանությունների վերաբերյալ թերություններն էլ եմ մեջբերել: Մեղադրելն անիմաստ է, ես այդ մարդը չեմ, փառք Աստծո՝ այլ դասագրքեր էլ ունեմ գրած, սա առաջին անգամը չէր: Ընդդիմությունը վերցրել է միայն իրեն ձեռնտու հատվածները, դրա համար էլ այսպիսի խոսակցություններ են տարածվել: Այս բոլոր խոսակցություններն առաջացան այն ժամանակ, երբ «Հակահարված» խումբը՝ ՀԱԿ-ի ակտիվիստները. բարձրախոսներով եկան մտան ներս, սկսեցին դասերը խանգարել, աղմուկ աղաղակ անել, բարձրախոսներով կոչեր հնչեցնել, տապալել քաղաքական իշխանություններին, վազելով միջանցքներով: Երբ ասացի ինչ է պատահել, եկեք քննարկենք, դուք դաս եք խանգարում, ասեցին՝ լավ ենք անում, իսկ երբ նրանց հանեցինք դուրս իրենց անկարգությունների համար, գնացին տարածեցին, որ իրենց իրավունքները ոտնահարվել է: Այսինքն՝ սադրանքների, շանտաժի միջոցով ուզում են միավորներ հավաքել: Հերթական անգամ ուզում են շոու անել»,- համոզված է Մինասյանը:

Պատմաբանը զարմանքով հարցնում է, բա որ այդպես է, ինչո՞ւ իշխանությունների մասին գրվածի հետ կապված էլ չեն բարձրաձայնում:

Ըստ նրա՝ պատմությունը հեչ էլ չի աղավաղվել. «Ես այսպես եմ գրել, դուք՝ ավելի լավը գրեք: Ամենավատն այն է, որ այս մասին հիմնականում այն մարդիկ են խոսում, որոնք ընդհանրապես գրքի երեսը չեն տեսել: Ես գտնում եմ, որ ճիշտ եմ, բացի այդ՝ գիրքը մասնագիտական խմբագիրներ ունի, որոնցից են՝ Պետրոս Հովհաննիսյանն ու ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանը: Սա երկար նայվել, քննարկվել է, ամբիոնի կողմից էլ՝ երաշխավորվել: Դա մեկ հոգու աշխատանք չէ, այնպես որ, գիրքը լավագույնն է»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930