Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արաքս»-ը «ապագայի ձվեր» չի արտադրում

Նոյեմբեր 27,2012 15:21

«Յուրաքանչյուր կազմակերպության համար ցավալի է, երբ փորձում են նրա հեղինակության հետ խաղալ, նսեմացնել նրա բարի անունն ու համբավը»,- այսօր «Տեսակետ» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեց «Արաքս» թռչնաբուծական ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Գագիկ Մակարյանը: Գ. Մակարյանը փորձեց պարզաբանել վերջերս լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունները, թե որոշ խանութներում հայտնվել են ժամկետանց ձվեր եւ որ դրանք «Արաքս» թռչնաֆաբրիկայի արտադրանք են:

«Իրոք, վերջերս մամուլում եղել են այդպիսի մի քանի հրապարակումներ: Մենք սկզբից մտածում էինք, որ ամեն մեկը իր գործն է անում, բայց հոկտեմբերի 8-ին «Ապագայի ձվեր» վերնագրով լույս տեսած հոդվածը ստիպեց մեզ դիմել համապատասխան քայլերի»,- հայտարարեց պարոն Մակարյանը` հավելելով, որ իրենք այդ հարցի առիթով դիմել են Վաղարշապատի ոստիկանություն:

«Նոյեմբերի 20-ին Վաղարշապատի քննչական բաժնից մենք ստացանք գրություն, որից պարզ դարձավ, որ Փորձագիտության ազգային բյուրոյում կատարված փորձաքննության ժամանակ մեր ընկերության եւ տվյալ ձվերի համեմատված մակնիշները չեն համապատասխանում, եւ փորձագետները եկան այն եզրակացության, որ տվյալ ձվերը մեր ընկերության արտադրանք չեն: Հարուցվել է քրեական գործ, որում մեր ընկերությունը համարվում է տուժող կողմ: Մեր ընկերությունը հետամուտ է լինելու, որ գտնվեն բոլոր մեղավորներն ու կեղծարարները»,- հայտարարեց «Արաքս» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրենը` հերքելով այն վարկածը, որ գուցե այդ ամենը անբարեխիղճ մրցակցության արդյունք է:

Գագիկ Մակարյանը նաեւ հերքեց այն լուրերը, թե իբր բանակին մատակարարված ձվերը անորակ են ու ժամկետանց` ասելով. «Այդ լուրերը սկսվել են պտտվել դեռ մարտ-ապրիլ ամիսներից, սակայն այդ ժամանակ մեր ընկերությունը դեռ ձու չէր մատակարարում բանակին: Մենք սկսել ենք բանակին ձու մատակարարել մայիս ամսվանից»:

Ասուլիսի մյուս բանախոսը` ՀՀ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը նշեց, որ Հայաստանը հավի մսի շուրջ 75%-ը ներկրում է տարբեր երկրներից, այդ թվում` Բրազիլիայից, այն էլ` ծով չունենալու պայմաններում: Ըստ նրա` խելամիտ գնորդը պետք է նախապատվությունը տա հայրենական արտադրանքին, իսկ արտադրանք թողարկող մեծ ընկերությունները չպետք է «նեղեն» ավելի թույլ ու փոքր ընկերություններին:

Ասուլիսի բանախոսները նաեւ անդրադարձան ձվի գնի հնարավոր աճին:

Պարոն Պողոսյանը հույս հայտնեց, որ, այնուամենայնիվ, այս տարի` Նոր տարվա տոներին ընդառաջ, ձվի գնի աճ չի գրանցվի հանրապետությունում: Իսկ «Արաքս» թռչնաֆաբրիկայի տնօրենը նշեց, որ ձվի ու հավի մսի գների աճը կախված է հավի կերի գնից: «Եթե եգիպտացորենն ու ցորենը թանկանան, կթանկանա նաեւ ձուն»,- ասաց Գ. Մակարյանը:

Ի դեպ` ասուլիսին ներկա լրագրողները հնարավորություն ունեին «օնլայն» ռեժիմով հետեւելու «Արաքս» թռչնաբուծական ֆաբրիկայի արտադրական պրոցեսին:

Աշոտ ԱԹԱՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930