Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Կարապետյան. «Մինսկի խումբը եկավ ասաց, որ ինքը չի մեռել»

Նոյեմբեր 27,2012 15:12

Այսօր «Հայելի» ակումբում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը եւ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը մեկնաբանեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի այցը Հայաստան եւ հայտարարությունը: Արման Մելիքյանի խոսքերով՝ արձանագրվեց փաստորեն, որ բանակցային գործընթացը շարունակվելու է Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների մակարդակով: Իսկ երկու երկրների նախագահների հանդիպում առայժմ օրակարգում չկա:

Արամ Կարապետյանի խոսքերով՝ Մինսկի խումբը եկավ ասաց, որ ինքը չի մեռել, կա. «Իմ տպավորությամբ՝ հիմնական խնդիրները գնալու են հունվարից հետո, երբ քննարկումների թեման ավելի առարկայական կդառնա: Մադրիդյան սկզբունքները մի կողմ են դրված: Դրանց մասին ուղղակի ասվում է: Գլխավոր խնդիրն է՝ պարտադրել խաղաղություն: Դա է Մինսկի խմբի նոր գաղափարախոսությունը: Հունվարին այդ զարգացումները կարող են կապվել ոչ միայն Ղարաբաղի խնդիրների հետ, տարածաշրջանային պրոցեսների հետ»: Ըստ Արման Մելիքյանի, որեւէ մեկը չի ցանկանա հիմա կանխարգելիչ քայլեր կատարել հատկապես Արցախում, այս պահին դրա նախադրյալները չկան. «Հիմա միջազգային հանրությունն ուզում է ուժային կերպով կողմերին նստեցնի բանակցային սեղանի շուրջ եւ խաղաղություն պարտադրի: Դեռեւս մեծ է անորոշությունը, թե Ռուսաստանում՝ ՌԴ-ի ներքին իրավիճակի հետ կապված, արտաքին քաղաքական ոլորտի հետ կապված, որոշակի ճշգրտումներ պիտի անի Եվրամիությունը, ԱՄՆ-ն: Այդ առումով կարծում եմ, որ ակտիվ շրջանը մի փոքր ավելի ուշ կլինի: Մենք ժամանակ կունենանք մտածել»:

Տեսակետ կա, որ նավթի արդյունահանումը 4-5 տարի հետո նվազելու է, եւ Ադրբեջանի հետ ամենաշահեկան ժամանակահատվածը, գործողություններ սկսելու համար, այդ ժամանակահատվածն է: Այս առնչությամբ Արամ Կարապետյանն ասաց. «Դատելով՝ այն իրավիճակը, որն ունի հիմա Արեւմուտքը Մերձավոր Արեւելքում, չեմ կարծում, որ նավթի հետ կապված որեւէ խնդիր կարող է ծագել, եթե նույնիսկ ճշմարիտ է այն կարծիքը, որ պաշարները կարող են քչանալ: Եթե Իրանի խնդիրը ինչ-որ թնջուկ ստացավ, չի բացառվում, որ դա կդառնա թեմա: Նավթի խնդիրը ես այնքան չէի կարեւորի, ինչքան ստրատեգիական խնդիրը, որը գոյություն ունի՝ Մերձավոր Արեւելքի քաոսի: Գնալով այդ մասին խոսում են բոլորը: Ամեն ինչ կապվում է Պարսկաստանի հետ: Եթե այդ քաոսը եկավ Անդրկովկաս, այդ քաոսի մեջ պատերազմական գործողությամբ ենք մտնելու: Աբխազիայում, Օսեթիայում հարցերը ոնց որ թե լուծված են, մնում է Ղարաբաղը: Դրա համար էլ գերտերությունները ուզում են պարտադրել խաղաղություն»:

Ըստ Արամ Կարապետյանի, ենթադրենք, թողեցինք խաղաղարարների մուտքը, բայց պիտի գոնե մոտավորապես պատկերացնենք, թե խնդրի լուծման ի՞նչ մոտեցումներ կան: Թե չէ իրենք ասում են՝ գանք, հաստատվենք, հետո կխոսենք՝ ինչ ձեւով պետք է հարցը լուծենք, արդյո՞ք դա չի վերածվի Կոսովոյի նման:

Արման Մելիքյանին այնքան էլ հավաստի չի թվում իրապես խաղաղարարների մուտքի հեռանկարը: Ադրբեջանը Ռուսաստանի համար խիստ կարեւոր նշանակություն ունի: Ռուսաստանի համար շատ կարեւոր է հաստատել իր ռազմական ներկայությունը հատկապես Ադրբեջանում եւ Վրաստանում: Արեւմտյան երկրները կփորձեն ՌԴ-ին ներքաշել սրա մեջ, որ նա դառնա այս մոտեցման դրոշակակիրը, այնուհետեւ համատեղ ջանքերով վիժեցնեն այդ խնդիրը: Ես չգիտեմ՝ համանախագահներից որ մեկը իրական ինչ նպատակ է հետապնդում այստեղ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930