Մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Ռուսաստանը զենք է վաճառել Ադրբեջանին: Այս մասին այսօր «Հայելի» ակումբում «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը կարծիք հայտնեց, որ «Ադրբեջանի գործողությունները բավականաչափ դիվերսիֆիկացված են: Ամենայն հավանականությամբ Ադրբեջանը մի կողմից ՆԱՏՕ-ին է դիմում, ասում է՝ եկեք գազատարները, նավթատարները նոր տեխնոլոգիական պաշտպանության ենթարկենք, մյուս կողմից բավականաչափ բազմաբնույթ փոխհարաբերությունների մեջ է մտել Ռուսաստանի ռազմական գերատեսչության հետ: Այսպիսի ակտիվությունը կապված է մեկ բանի հետ: Ամենայն հավանականությամբ, Ադրբեջանի իշխանությունները կունենան ինֆորմացիա, որ տարածաշրջանում երկրների դերակատարությունը Արցախի հարցում կտրուկ աճելու է: Որովհետեւ այսպիսի ակտիվություն, Իլհամ Ալիեւի ամեն շաբաթ այցը Փարիզ, որտեղ հանդիպումներ են տեղի ունենում, սա ցույց է տալիս, որ Ադրբեջանն այդ խնդիրները փորձում է լուծել: 2010-ին 60-ից ավելի ուղղաթիռ է վաճառվել: Էլի են գնվել: Ուկրաինայից են գնվել: Սա թեմա է դառնում՝ ցույց տալու, որ Ադրբեջանը դիվերսիֆիկացված, ունի ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական շատ լուրջ կապեր ու շատ լուրջ փոխհարաբերություններ: Այսինքն՝ մենք էլ ունենք նման հարաբերություններ՝ նաեւ այդ ուղղությամբ»:
ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի խոսքերով՝ «Ռուսաստանը Ադրբեջանին զենք մշտապես է վաճառել, մենք գուցե դրա մասին դեպքից դեպք ենք իմացել: Կարծում եմ, այդ հարաբերությունները մշտապես էլ եղել են, եւ այստեղ նոր բան փնտրել չարժե»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ