Քրեակատարողական համակարգն այսօր շատ է լճացել ու ոչ միայն բարեփոխումներ չեն իրականացվում, այլեւ՝ այն գնալով փակ համակարգ է դառնում: Այս մասին այսօր «Զարկերակ» ակումբում հայտարարեց Քաղաքացիական հասարակություն ինստիտուտի նախագաh Արման Դանիելյանը, ըստ որի, վերահսկողությունից դուրս է մնացել արդարադատության նախարարությունը: «Քրեակատարողական հիմնարկների վերահսկումը կապված է նախարարի հետ, Դավիթ Հարությունյանն ուժեղ նախարար էր, վերահսկում էր, բարեփոխումներ իրականացնում, իսկ մյուս նախարարների ազդեցությունը գնալով թուլացրել է համակարգը»:
Խոսելով դատապարտյալների իրավունքների մասին, Դանիելյանը նշեց, որ այսօր առաջնային խնդիր է հանդիսանում վաղաժամկետ ազատ արձակման հարցը .«Մեզ մոտ դրա թույլտվությունը տալիս են միայն ՀՀ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, բայց գործը կրկին մտնում է դատարան, որտեղ դատական գործընթաց է վերսկսվում, ապա որոշում է կայացվում դատապարտյալին ազատ կարձակել, թե ոչ: Իսկ միջազգային իրավունքը այլ բան է ասում, եթե տվյալ դատապարտյալը հասարակության համար վտանգավոր չէ, ապա իրավունք ունի ազատ արձակվելու։ Ու չնայած այստեղ մեծանում է կրկնահանցագործության ռիսկը, բայց, այնուամենայնիվ, եթե հանցագործը հասարակության համար վտանգ չի ներկայացնում, ապա իրավունք ունի ազատ ապրելու»,- համոզված է Դանիելյանը, ըստ որի, ոլորտում շատ խնդիրներ կան, որոնց անհապաղ լուծումներ պետք է տրվեն:
Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ կարծիքի է արդարադատության նախար Հրայր Թովմասյանի վերջերս արած հայտարարության վերաբերյալ առաջացած աղմուկի մասին, Դանիելյանը նշեց. «Նախ նախարարը ինչ որ արտահայտություններ անելուց առաջ պետք է մտածի, թե ինչ է ասում եւ երկրորդ՝ խորհուրդ կտամ նախարարին հասկանալ, թե ինչու են այդ մարդիկ բերանները կարում: Չկա բողոքարկման համակարգ, դատապարտյալը եթե ցանկանա նամակ գրել նախարարին, ապա ես համոզված չեմ, որ այդ բողոքը տեղ կհասնի, իսկ եթե հասնի էլ՝ վստահ չեմ, որ նախարարն այնքան ազդեցություն ունի, որ կարողանա դատապարտյալի խնդիր լուծել»: Դանիելյանի խոսքով՝ մեր արդարադատության նախարարը ոչ թե լավը չէ, կամ պետք է նրան փոխել, այլ միակ լուծումը քրեակատարողական վարչության պետի նշանակումն ու նրան նախարարին ենթարկեցնելն է:
«Այսօր բոլորդ հարձակվել եք Հրայր Թովմասյանի վրա, բայց ոչ մեկը չի հիշում, որ քրեակատարողական վարչության պետ կա, որ ռեալ իշխանություն ունեցողն է այդ դաշտում, նա որեւէ մեկի հետ չի հանդիպում, ոչինչ չի խոսում, նա բոլորի համար փակ է, փորձեք նրա հետ խոսել, եթե իհարկե կարող եք»-հավելեց Դանիելյանը:
Կարդացեք նաև
Իրավաբանական հոգեբան Անահիտ Արզումանյանի կարծիքով էլ Հայաստանում գործում է միայն մեկուսացման ֆունկցիան, մինչդեռ գոյություն ունեն վերադաստիարակության ու վերափոխման ձեւերը. «Ազատազրկելով, արտաքին աշխարհի հետ հանցագործի կապը կտրվում է, բայց վերջինը գիտակցաբար թե անգիտակցաբար, միշտ էլ նախընտրում է վերադառնալ ազատություն: Այսօր ամեն քրեակատարողական հիմնարկում ընդամենը մեկ հոգեբան ու մեկ սոցիալական աշխատող է աշխատում: Բայց մեկ հոգեբանը քիչ է, այնտեղ պետք է հոգեբանների խումբ աշխատի»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ