Այսօր «Անի Պլազա» հյուրանոցի «Դվին» սրահում մեկնարկեց Պարբերական մամուլի, գրահրատարակչության, գրքերի տարածման և պոլիգրաֆիայի ոլորտում համագործակցության հարցերով ԱՊՀ մասնակից պետությունների միջպետական խորհրդի 12-րդ նիստը:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը հայտնեց, որ օրակարգում դրված են ԱՊՀ տարածքում իրականացվելիք համատեղ ծրագրերի, ԱՊՀ ընդհանուր հումանիտար տարածքի խնդիրների եւ իրավական մի շարք փաստաթղթերի նախագծերի քննարկումը. «Նախագծերը թույլ են տալիս գրատարածման համար ապահովել նպաստավոր պայմաններ` ԱՊՀ տարածքի երկրներում: Կարեւոր է այն հանգամանքը, որ նիստին մասնակցում են ոչ միայն ԱՊՀ տարածքի երկրների, այլեւ` համակարգող խորհուրդների ներկայացուցիչները, ովքեր կներկայացնեն մի շարք կոնկրետ ծրագրեր: Նպատակահարմար լինելու դեպքում Հայաստանը քննարկումից հետո նույնպես կմիանա այդ ծրագրերին: Ընդհանուր առմամբ` այս խորհրդի կազմում յոթ պետություն կա: Ադրբեջանի ներկայացուցիչը խորհրդի գործող նախագահն է, իսկ Հայաստանի ներկայացուցիչը` համանախագահը: Այսօր բացակայում են Ադրբեջանի եւ Տաջիկստանի ներկայացուցիչները»:
Պարոն Պողոսյանը նշեց, որ գրահրատարակչության եւ գրքի փոխանակման ոլորտներում ակտիվացել է համագործակցությունը. «Երկրները ազատ փոխանակում են իրենց տպագրած պոլիգրաֆիական արտադրանքը եւ գրքերը: Ակտիվացել է միջգրադարանային համակարգը: Մեր եւ ԱՊՀ մյուս երկրների գրադարանները ոչ միայն փոխանակվում են մատենագիտական տեղեկություններով, այլեւ օգտվում են գրքափոխանակման ֆոնդերից»:
Կարդացեք նաև
Փոխնախարարի խոսքով. «Նորարարական տեխնոլոգիաների հետ համատեղ` նորին մեծություն գիրքը երբեք չի կորցնի իր ակտուալությունը: Դրան են ուղղված նաեւ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումները: Գիրքը ոչ միայն ինֆորմացիայի փոխանցման կրիչ է, այլեւ մշակութային արժեք»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ