«Ես անձամբ շատ դժգոհ եմ սփյուռքի հատկացրած գումարից, որովհետեւ ունենալով այդպիսի հզոր սփյուռք, համահայկական հիմնադրամին շատ քիչ գումար է եկել: Ընդամենը 21 ու քանի միլիոն է, որից 12 միլիոնը Մոսկվան է հավաքել, Եվրոպան կարծեմ 1,2 միլիոն, Ամերիկան՝ 3 միլիոն»,-այսօր ասուլիսի ժամանակ համահայկական դրամահավաքի արդյունքներից դժգոհեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը: Նա չհամաձայնեց, թե համահայկական հիմնադրամի հավաքած գումարներից 16,6 միլիոն դրամը ծախսվել է մարզերում կարտոֆիլ ցանելու համար դասախոսություններ կարդալու վրա.«Դա կապ չուներ համահայկական հիմնադրամի հետ: Ես ոչ դասախոսություն եմ կարդացել, ոչ էլ գիտեմ ՝ինչ խորհրդատվություն է, վարչապետից հարցրեք»: Հարցին, թե ինչու սփյուռքահայը չի ցանկանում տրամադրել գումարներ, հնարավո՞ր է՝ մտածում է այդ գումարները գնում են ինչ-որ մեկի գրպան, պարոն Հարությունյանն ասաց.«Եթե տպավորություն ենք ստեղծում, որ այդ գումարները տարբեր գրպաններ են գնում, ամենամեծ պատճառներից մեկը հենց դա է, որ մեծ գումարներ չեն հավաքվում: Բա եթե գրպան է գնում, ով է սարքել էդ ճանապարհները, տենում ենք ՝ ջրատարներ, դպրոցներ են կառուցվում, բայց ոչ մեկի չենք կարող մատնացույց անել, որ այդ փողերը հափշտակում է: Հայկական մենթալիտետ կա, երբ մեկին 1000 դոլարով օգնում ես, սկզբում շնորհակալություն է հայտնում, հետո ասում է՝ էս ինչքան ուներ, որ ինձ 1000 դոլար է տալիս »: Հարցին, թե դուք էլ ե՞ք հայկական մենթալիտետով առաջնորդվում, պատգամավորն ասաց. «Քիչ են տվել, այո: Ես ասում եմ քիչ է հավաքվել, վա՞տ եմ ասում: Եթե 31 միլիոնի փոխարեն 21 միլիոն է հավաքվել, կարծում եմ՝ լավ չէ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ