Գեղանկարչական աշխատանքների «Հայկական ներկապնակ» փառատոնային ծրագիրը Վիլնյուսում ներկայացրեց 43 հայ նկարիչների 82 աշխատանք։ Սա նորանկախ Լիտվայում հայ նկարիչների գործերի առաջին ամբողջական ցուցադրությունն է։
Լիտվայի նկարիչների միությունում բացված ցուցահանդեսում բացօթյա՝ պլեներային նկարչության արդյունք աշխատանքներ էին՝ արված Հայաստանի տարբեր տարածաշրջաններում՝ հիմնականում բնապատկերների տեսքով։ Դրանցում Հայաստան աշխարհի տարբեր տարածաշրջաններն են՝ անձեռակերտ եւ ձեռակերտ հուշարձանների տեսքով։
Լիտվայի նկարիչների միության նախագահ Էդիտա Ուտարնեն, բացելով ցուցահանդեսը, նշեց, որ սա եզակի հնարավորություն է այսքան ամբողջական ծանոթանալու Հայաստանի ժամանակակից գեղանկարչությանը, որը սնման այնպիսի հզոր աղբյուր ունի, ինչպիսին մեծն Մարտիրոս Սարյանի արվեստն է։ Լիտվայի մշակույթի փոխնախարար Ստանիսլավ Վիդմանն էլ ավելացրեց, որ ներկայացված աշխատանքները այստեղ՝ Վիլնյուս են հասցրել հայաստանյան տաք գույները՝ եւս մեկ անգամ վկայելով հայկական մշակույթի հարստության եւ շռայլության մասին։ Նա նշեց, որ այս ամենը հնարավորություն է միմյանց մոտեցնելու հայ-լիտվական մշակույթը, հիմքեր ստեղծելու ավելի ակտիվ փոխշփումների համար։
Ներկայացված նկարիչների աշխատանքների նկատմամբ հետաքրքրությունը մեծ է ոչ միայն հայերի, այլեւ լիտվացիների կողմից։ Նրանց համոզմամբ՝ նման միջմշակութային շփումները հնարավորություն են տալիս ավելի մոտիկից ճանաչելու միմյանց երկրները, դրանցում ապրող մարդկանց։
Կարդացեք նաև
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը նշեց, որ «Հայկական ներկապնակը» սրանով փորձ է անում դուրս գալ միջազգային հրապարակ եւ տարբեր երկրներում ներկայացնել հայ կերպարվեստը։ Այս ցուցահանդեսը ցույց է տալիս, որ նման ծրագրերը կարող են հաջողություն ունենալ։
Վիլնյուսում ցուցադրված աշխատանքները վկայում են, որ գեղանկարչությանը անհրաժեշտ են ջերմ, անմիջական մոտեցումներ, իսկ այդ հնարավորությունը ստեղծում է պլեներային, բացօթյա նկարչությունը։ Ցուցահանդեսը Վիլնյուսում ներկայացվելուց հետո կտեղափոխվի Ռիգա։
Լիտվայի հայերի համայնքի նախագահ Արայիկ Թունյանն ընդգծեց, որ վերջին 20 տարիների ընթացքում հայ նկարիչների առաջին ամբողջական ցուցահանդեսն է Լիտվայում եւ արվեստասերների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել։
Սեփ. լր.
«Առավոտ» օրաթերթ