Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մուրադյան. «Մենք կայուն թիմ ունենք, ուստի անուններ առանձնացնել չեմ ուզում»

Նոյեմբեր 27,2012 13:52

Դեկտեմբերի 29-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա ԱԻԲԱ բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնության նախնական առաջին հանդիպումները: Երեւանյան ռինգում հանդես գալու են 68 երկրների մոտ 620 բռնցքամարտիկներ:

Երեկ աշխարհի երիտասարդների առաջնության անցկացման առիթով հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանը եւ ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին պատմեցին նախապատրաստական ընթացքում իրականացված կազմակերպչական խնդիրների լուծման մասին, պատասխանեցին լրագրողների հարցերին:

«Առավոտը» ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանի հետ մի քանի օր առաջ ունեցած բացառիկ հարցազրույցում արդեն անդրադարձել է երեկվա ասուլիսում հնչած հարցերի մեծ մասին: Երեկ բանախոսները նշեցին, որ աշխարհի երիտասարդական առաջնությանը Հայաստանի հավաքականը ներկայացված է լինելու բոլոր 10 քաշային կարգերում: «Մենք ունենք կայուն թիմ, թիմում՝ մի քանի լիդերներ: Սակայն չեմ ցանկանում կոնկրետ անուններ առանձնացնել: Ասեմ միայն, որ մեր բոլոր տղաներն էլ պայքարելու են: Իսկ թե քանի՞ մեդալ կունենանք, կանխագուշակություններ անել չեմ ցանկանում», – հայտարարեց պարոն Արման Մուրադյանը: Իսկ Դերենիկ Գաբրիելյանը հավելեց. «Բռնցքամարտն այն մարզաձեւերից է, որտեղ հաճախ մենամարտի ելքը որոշվում է սուբյեկտիվ մրցավարությունով: Ինքս բազմիցս լինելով օլիմպիական խաղերի մրցավար եւ մրցավարական հանձնաժողովի անդամ, անգամ այդ մակարդակում նման երեւույթների ականատեսն եմ եղել: Այնպես որ, ձեր՝ լրագրողներիդ հարցին, թե քանի՞ մեդալ ենք պլանավորել, իսկապես դժվար է միանշանակ պատասխանել: Բայց ասեմ, որ հավաքականի մարզիչների առջեւ դրված է առնվազն մեկ ոսկե մեդալ նվաճելու եւ մի քանի մրցանակային տեղեր գրավելու առաջադրանք»:

Ասուլիսի ավարտին «Առավոտը» Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունում ճշտեց աշխարհի երիտասարդական առաջնությունում մեր հավաքականի վերջնական կազմը: Նրանք են. 49 կգ՝ Հայրիկ Նազարյան, 52՝ Հենրիկ Մոքոյան, 56՝ Տարոն Սողոմոնյան, 60՝ Արման Դարչինյան, 64՝ Գոռ Երիցյան, 69՝ Յուրա Միքայելյան, 75՝ Արտավազդ Հարոյան, 81՝ Նիկոլ Արությունյան, 91՝ Ռաֆայել Սիմոնյան, +91՝ Նարեկ Մելքոնյան:

Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները աշխարհի երիտասարդների առաջնությանը նախապատրաստվելու ընթացքում բավականին հաջող մասնակցել են մի քանի միջազգային մրցաշարերի, իսկ այս օրերին վերջին ուսումնամարզական հավաքն են անցկացնում Աբովյանի Գագիկ Ծառուկյանի անվան սպորտի եւ մշակույթի համալիր կենտրոնում:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930