Ընթացիկ թատերաշրջանի սկզբում Ազգային օպերային թատրոնի բեմի տեխնիկական վերազինման աշխատանքները ստեղծագործական կազմին կանգնեցրին թվացյալ փակուղու առաջ: Կարճ ժամանակ անց տնօրինության ստեղծագործական միտքը գտավ նոր ձեւեր, որոնք, թերեւս, ցանկալի է պահպանել վերազինման աշխատանքների ավարտից հետո: Առաջ եկավ «Համերգ ճեմասրահում» «ժանրը», որն ըստ էության նոր որակ է թատրոնի կյանքում: Այս «ընտրյալ» համերգաշարը, որ նախատեսված է շուրջ 50 հանդիսականի համար, նաեւ իր ձեւաչափով փոքր-ինչ ավելի «պալատական կարգի» համերգներին է վայել: Հանդիսականը պետք է ներկայանա հատուկ զգեստով, ինչը մեր մշակույթից վերջին շրջանում կարծես դուրս էր մղվել:
Օպերային թատրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 27-ից մեկնարկել է «Համերգ ճեմասրահում» համերգաշարը: Նախագծի հեղինակն է Ցյուրիխի Hochschule der Kunst-ի ֆագոտահար Շմավոն Գրիգորյանը, որը «Առավոտին» հայտնեց, թե եվրոպական օպերային թատրոններում, այդ թվում՝ Ցյուրիխի, ընդունված է անցկացնել կամերային երաժշտության երեկոներ տեղի նվագախմբերի կամերային տարբեր կազմերով: «Այս գաղափարը առաջարկել եմ թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանին, որն իր հերթին ներկայացրել է գեղարվեստական խորհրդին, վերջինս էլ հաստատել է այն»,- հայտնեց մեր զրուցակիցը: Նա հավելեց, որ նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել 2013թ. հրավիրել արտերկրյա երաժիշտների, այդ թվում՝ իսպանացի հոբոյահար Ջորդի Բերթրամին՝ իր «Ensembledelmar» կամերային խմբով, վրաց կլառնետահար Լեվան Ցկադաձեին, «բարոկկո» երաժշտության գիտակ ֆրանսիացի ֆագոտահար Մելոդի Միշելին, իտալացի ֆագոտահար Ջուզեպե Մոնոպոլիին եւ այլոց:
Ջութակահար, Ազգային օպերային թատրոնի նվագախմբի կոնցերտմայստեր Գայանե Աբրահամյանը մեզ փոխանցեց, որ համերգաշարին նույնիսկ ցանկանում են միանալ «դրսից» երաժիշտներ. «Ինքս երբեւէ բարոկկո ոճում հանդես չեմ եկել: Սա ոչ միայն նվագախմբի արտիստների, նաեւ ինձ համար անակնկալ էր՝ լավ իմաստով: Ի վերջո, համերգները հնարավորություն են տալիս նվագախմբի արտիստներին հանդես գալ ոչ միայն տարբեր կազմերի կամերային խմբերով, այլեւ իբրեւ մենակատարներ: Էլ չեմ խոսում թատրոնի մեներգիչների մասին, որոնք անմիջական մասնակցություն ունեն այս համերգներին, օրինակ, նոյեմբերի 30-ին «ճեմասրահային» հերթական համերգին ունկնդրին սպասվում է հանդիպում ճանաչված օպերային երգիչ Գեւորգ Հակոբյանի հետ: Կներկայացնենք նաեւ հայ միջնադարյան երաժշտություն, ինչպես նաեւ դեկտեմբերի 24-ին այս տարին կեզրափակենք Սուրբ ծննդին նվիրված երեկոյով»:
Կարդացեք նաև
«Համերգ ճեմասրահում» շարքը ներկայացնող, 1996թ. ճանաչված ISPA եւ IAMA խոշոր պրոդյուսերական կազմակերպությունների հայաստանյան «Կադանս» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն Նիկո Բաբայանից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է իր շահագրգռությունն այս նախագծում: «Երբ ընտրությունը մեծ է ու գնալով համերգների «տեսականին» էլ մեծանում է, զուգահեռ՝ պրոդյուսերի մոտ առաջանում են նոր մտահղացումներ: Օպերային թատրոնի նվագախմբի հետ սա մեր առաջին համագործակցությունը չէ, այս դեպքում «Կադանսը» հանդես է գալիս իբրեւ գործընկեր՝ առանց որեւէ շահ հետապնդելու: «Համերգ ճեմասրահում» շարքը մենք դեռ «փորձարկում» ենք, թեեւ վստահ ենք, որ այն արդեն ունի մեծ լսարան եւ, որ ամենակարեւորն է, մասնագետների կողմից՝ բարձր գնահատական: Ամենամոտ ապագան ցույց կտա «Կադանսի» եւ օպերային թատրոնի ինչպես հայաստանյան, այնպես էլ արտերկրյա համագործակցության արդյունքները»,- ասաց պարոն Բաբայանը:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ